National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
6.9.2006

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
06.09.2006
Դեսպանի հրաժեշտի այցը խորհրդարան

Սեպտեմբերի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը ընդունեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսին` դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Աժ նախագահը շնորհակալություն հայտնեց դեսպանին` արդյունավետ աշխատանքի համար եւ նշեց, որ նրա գործունեության տարիներին երկու երկրների հարաբերություններն էլ ավելի խորացան, ինչի արդյունքում  նաեւ խորհրդարանում իրականացվեցին ծրագրեր, որոնք նպաստեցին նաեւ Հայաստանի օրենսդրության համապատասխանեցմանը միջազգային չափանիշներին` մասնավորապես գործակցությունը USAID-ի հետ: Պարոն Թորոսյանը հաջողություններ մաղթեց դեսպանին եւ վստահություն հայտնեց, որ նա միշտ կմնա Հայաստանի բարեկամը:

Պարոն Էվանսը եւս գոհունակություն հայտնեց երկու երկրների հարաբերությունների զարգացումից` նշելով, որ դա եղել է թիմային աշխատանքի արդյունք եւ թիմը պատրաստ է հետագայում էլ համագործակցել Ազգային ժողովի հետ` շարունակելով սկսված ծրագրերը: Նա կարեւորեց ԱԺ նախագահի փորձը եւ հիմնախնդիրների իմացությունը, որը հաջողությունների հիմք է: Անդրադառնալով Ազգային ժողովի մի քանի օրից սկսվող աշնանային նստաշրջանին` դեսպանը շրջանառվող օրինագծերից առանձնացրեց հատկապես Ընտրական օրենսգրքի նախագիծը, որի ընդունումը մեծապես կնպաստի 2007-ի խորհրդարանական ընտրությունները ժողովրդավարական չափանիշներով անցկացնելուն: Դեսպանը նշեց, որ Հայաստանում կան բոլոր նախապայմանները տարածաշրջանում ժողովրդավարության առաջատար դառնալու համար: Հայաստանի երրորդ հանրապետության 15 տարիներին արվել են բազում լավ գործեր, ընդունվել են լավ օրենքներ: Պարոն Էվանսը նշեց, որ ժողովրդավարության ամրապնդմանը եւ ընտրությունների կազմակերպմանն օժանդակելու համար իրականացվում են մի քանի ծրագրեր` մասնավորապես աջակցելու համար ընտրացուցակների ճշգրտման եւ վարման մեխանիզմների բարելավմանը: Նա նաեւ կարեւորեց ընտրություններին դիտորդների մասնակցությունը: Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը ժողովրդավարության ամրապնդման համար ընդգծեց կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտությունը, որտեղ մեծ դեր ունի խորհրդարանը, եւ որի հաջողությունը կնպաստի Հայաստանում ներդրումների աճին:

ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, անդրադառնալով ընտրություններին, նշեց, որ դրանք ոչ միայն ժողովրդավարության առաջընթացի ճանապարհին կարեւոր փուլ են, այլեւ 2007 թ. մայիսին պիտի խորհրդանշեն Հայաստանի հետագա ընթացքի ուղղությունը, հետեւաբար Հայաստանի համար ունեն բացառիկ նշանակություն: Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունումը ԵԱՀԿ, Վենետիկի հանձնաժողովի փորձագետների առաջարկների հիման վրա լուրջ քայլ կլինի այդ ճանապարհին: Խորհրդարանի նախագահը կարեւորեց քաղաքական ուժերի միջեւ բարենպաստ մթնոլորտի ստեղծումը եւ երկրում բազմակուսակցական համակարգի կայացումը, երբ իշխանական ու ընդդիմադիր կուսակցությունները կգիտակցեն, որ իրենք մեկ ամբողջական համակարգի մասերն են եւ ոչ թե միմյանց հետ հակամարտող ուժեր:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին. ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը կարեւորեց այն փաստը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ընտրել են մի բանաձեւ, որը հաշվի է առնում նաեւ ազգերի ինքնորոշման սկզբունքը: Պարոն Էվանսը կարեւորեց նաեւ Հելսինկյան համաձայնագրի երրորդ սկզբունքը` ուժի չգործադրումը հակամարտության կարգավորման նպատակով: Կողմերը կարեւորեցին բանակցությունների շարունակումը, որին խոչընդոտ չպիտի լինեն նախընտրական շրջանը  կամ ընտրությունները: Նշվեց, որ Ադրբեջանի ռազմական ծախսերի ավելացումը պետք է մնա միջազգային հանրության ուշադրության կենտրոնում. իբրեւ ԵԽԽՎ անդամ երկիր Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների մեջ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը: ԵԽԽՎ բանաձեւը պահանջում է  զերծ մնալ ռազմական սպառնալիքներից ու ատելության քարոզից:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ փոխադարձ կարեւորության այլ հարցեր:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am