National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.3.2006

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
29.03.2006
Գյումրին, Ապարանը, Վարդենիսը անդամակցեցին աղքատության դեմ պայքարող քաղաքների համաշխարհային դաշինքին

Մարտի 29-ին Իսպանիայի Վալենսիա քաղաքում աշխատանքները սկսեց  Աղքատության դեմ պայքարող քաղաքների համաշխարհային դաշինքի հինգերորդ համաժողովը, որին մասնակցում են դաշինքի անդամ քաղաքները, դաշինքի գործընկեր քաղաքներն ու ասոցիացիաները, խորհրդարանների, կառավարությունների անդամներ, գործարարներ, պաշտոնական այլ անձինք: Հայաստանի պատվիրակության կազմում են Վարդենիսի քաղաքապետ Վարդան Բարսեղյանը եւ Ապարանի փոխքաղաքապետ Գեորգի Երեմյանը:
Համաժողովի նպատակն է քաղաքապետարանների` աղքատության դեմ պայքարին ուղղված գործողությունների ռազմավարության մշակումը` հիմնվելով Աղքատության վերացման միջազգային տասնամյակի` 1997-2007 թթ., ընթացքում քաղաքապետարանների փորձի վրա:
Լիագումար նիստում ներկայացվեցին հազարամյակի զարգացման նպատակների 2005 թ. համաշխարհային գագաթաժողովի երաշխավորությունները եւ դրանց իրականացմանն ուղղված տեղական ներդրումները, այնուհետեւ ելույթներ ունեցան քաղաքապետարանների ներկայացուցիչները` պատմելով աղքատության վերացման միջազգային տասնամյակի տեղական արդյունքների եւ իրենց փորձի մասին:  
Իսպանիայի թագավորական տան, Վալենսիայի քաղաքապետարանի եւ Վալենսիայի մարզի, Իսպանիայի կառավարության, Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի եւ ՄԱԿ-ի զարգացման գործակալությունների ներկայացուցիչների մասնակցությամբ համաժողովը հայտարարվեց բացված:
Համաժողովի բացման ժամանակ ելույթ ունեցավ ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը. «  Մենք ապրում ենք աննախադեպ գլոբալիզացիայի ժամանակներու մ, որտեղ չնայած աղքատության պատճառները տարբեր, սակայն` հետեւանքները նույնն են աշխարհի գրեթե բոլոր անկյուններում: Միեւնույն ժամանակ գլոբալիզացիան ուղեկցվում է ապակենտրոնացման եւ փոխադարձ կախվածության գնալով զգալի աճով, ինչն օբյեկտիվորեն սրբագրումներ է մտցնում աղաքատության հաղթահարման մեր մոտեցումներում: Հատկապես, էլ ավելի է մեծանում տեղական ինքնակառավարման մարմինների դերը, որպես քաղաքացիներին ամենամոտը կանգնած ինստիտուտներ, այն դեպքում երբ այդ մարմինները սահմանափակ ազդեցություն ունեն աղքատությունը ծնող պատճառների կանխարգելման գործում: Եվ ես կուզենայի հատուկ շեշտադրել աղքատության հաղթահարման գործում համատեղ գործողությունների եւ համատեղ պատասխանատվության կարեւորությունը: 
Խորհրդարանները, կառավարությունները, քաղաքացիական հասարակությունը եւ զարգացման միջազգային ինստիտուտները աղքատության դեմ պայքարում կարեւոր առաքելություն ունեն` համապատասխան օրենսդրական, քաղաքական-հայեցակարգային լուծումներ տալու եւ առաջնորդելու, ռեսուրսներ մոբիլիզացնելու եւ այդ ռեսուրսներն ուղղելու թիրախավորված առաջնահերթություններին, ապահովելու այդ ցավոտ խնդրի շուրջ լայն հասարակական իրազեկություն: Գլխավոր հարցը մեզ համար աղքատության խնդրի չիմացությունը չէ, առավել եւս աղքատության հաղթահարման կարեւորության գիտակցումը չէ: Գլխավոր խնդիրը քաղաքականության, ինստիտուցիոնալ եւ պրակտիկ այնպիսի միջավայրի ստեղծումն է, որը կխթանի քաղաքացիական մասնակցությունը, ներդրումները, աճը եւ զարգացումը: Մնացյալ ծավալուն անելիքներում տեղական ինքնակառավարման մարմինները դերը առաջնային է եւ համոզված եմ, որ համաժողովը մասնակից քաղաքների համար նաեւ բացառիկ հնարավորություն է կիսելու աղքատության հաղթահարման արդյունավետ մեխանիզմների վերաբերյալ սեփական փորձը:  
Այս տարի լրանում է Աղքատության հաղթահարման միջազգային տասնամյակը եւ Վալենսիայի համաժողովը մեզ հնարավորություն է ընձեռում ոչ միայն ինքներս մեզ  եւս մեկ անգամ հիշեցնելու մեր առջեւ կանգնած խնդիրների մասին, այլեւ` ապագայում նոր արդյունավետությամբ շարունակելու աղքատության դեմ տարվող պայքարը: Համաժողովը մասնակից քաղաքներին հնարավորություն է ընձեռում ամփոփելու եւ գնահատելու նախկինում գործադրված ջանքերի արդյունքները, քննարկելու աղքատություն կոչվող   չարիքի հաղթահարման հարցու մ առաջացած մարտահրավերները, ինչպես նաեւ մատնանշել այդ մարտահրավերների դիմագրավման լավագույն ուղիները: Համաժողովը լավագույն հնարավորություն է մասնակից քաղաքների համար համագործակցության եզրեր փնտրելու եւ համատեղ ծրագրեր նախաձեռնելու:
Աղքատության հաղթահարումը չի կարող սահմանափակվել միայն նյութական եւ ֆինանսական օժանդակությամբ: Մարդու իրավունքների խախտումները եւ վատ կառավարումը պարարտ հող են ստեղծում աղքատության ծավալների մեծացման համար: Առանց տեղական մակարդակում քաղաքացիական մասնակցության խթանման աղքատության մեջ հայտնված քաղաքացիների կյանքի որակի բարձրացումը բարդ իրականանալի խնդիր է: Կարծում եմ, ֆորումը նաեւ լավագույն հնարավորություն է տեղական մակարդակում քաղաքացիական մասնակցության խթանման, թափանցիկության բարձրացման արդյունավետ հայեցակարգերի եւ ծրագրերի, փորձի փոխանակման համար:  
Արդեն հայաստանյան չորս քաղաքներ անդամակցել են «Աղքատության դեմ պայքարող քաղաքների համաշխարհային դաշինքին»: Սա լավ հնարավորություն է կապեր հաստատելու եւ ինֆորմացիա փոխանակելու, այլ քաղաքների հետ համագործակցության ծրագրեր մշակելու, ինչպես նաեւ իրենց համար ընդլայնելու համագործակցության եւ զարգացման բնագավառում տարբեր դերակատարների կողմից հնարավոր օժանդակության մատչելիությունը:  
Որպես ՀՀ Աժ նախագահ, որպես հազարյոթհարյուրամյա քրիստոնեական ավանդույթներ ունեցող երկրի խորհրդարանի նախագահ` ցանկանում եմ ձեզ բոլորիդ հրավիրել Հայաստան, որտեղ այս տարի հոկտեմբերին Աժ եւ ԵՄ համատեղ կազմակերպում են միջազգային խորհրդաժողով` եվրոպական տարբեր քաղաքների մասնակցությամբ: Համաժողովը նվիրված է լինելու քաղաքների ուղիղ համագործակցության զարգացմանը եւ կարեւոր ներդրում կլինի աղքատության դեմ պայքարում տեղական մակարդակում լուծումներ գտնելու համար»:

    Այնուհետեւ համաժողովի աշխատանքները շարունակվեցին աշխատանքային խմբերում:

Օրվա կարեւորագույն իրադարձությունը Հայաստանի համար` համաժողովի ընթացքում ի թիվս այլ երկրների քաղաքների` Գյումրին, Ապարանը, Վարդենիսը անդամակցեցին Աղքատության դեմ պայքարող քաղաքների համաշխարհային վեհաժողովին, որը զարգացման ծրագրերի իրականացման հնարավորություններ կտա այդ քաղաքներում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am