National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.4.2005

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
15.04.2005
«Այս տարի լրանում է ոչ միայն երկրորդ համաշխարհային պատերազմի վաթսուն ամյակը, այլեւ հայոց ցեղասպանության իննսունամյակը »

հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը

Ապրիլի տասնհինգին ԱՊՀ ՄԽՎ պատվիրակությունները աշխատանքները սկսեցին Սանկտ Պետերբուրգի Սերաֆիմովյան հուշահամալիրում  Հայրենական մեծ պատերազմի եւ Լենինգրադի բլոկադայի զոհերի հիշատակին իրենց հարգանքի տուրքը մատուցելով: Ազգային պատվիրակությունների անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը եւ ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրեցին հուշահամալիրի անմար կրակի մոտ:

Այնուհետեւ Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում բացվեց «Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի համաշխարհային-պատմական հաղթանակի նշանակությունը քսանմեկերորդ դարում ժողովուրդների կյանքի եւ բարգավաճման համար» համաժողովը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորական հեռագիրը հրապարակեց ԱՊՀ ՄԽՎ նախագահ Սերգեյ Միրոնովը, համաժողովում հնչեցին պատերազմը դատապարտող եւ երկրորդ աշխարհամարտից հետո աշխարհում ստեղծված նոր իրավիճակին ու նրա զարգացումներին վերաբերող տասնյակ զեկուցումներ:

ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը իր  ելույթում նշեց, որ հաղթանակը երկրորդ համաշխարհային պատերազմում պատմական նշանակություն ունեցավ ամբողջ աշխարհի համար: Դրա ապացույցն է թեկուզ այն փաստը, որ համաժողովին մեծ թվով եվրոպական եւ միջազգային կազմակերպություններ են մասնակցում:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, իրոք, որոշվում էր ամբողջ մարդկության ճակատագիրը, պատերազմը լուրջ ազդեցություն ունեցավ Կենտրոնական եւ Հարավ-արեւելյան Եվրոպայի, այլեւ ամբողջ աշխարհի իրադարձությունների զարգացման վրա:

Իբրեւ երկրորդ աշխարհամարտի բնորոշ առանձնահատկություն` կարելի է նշել այն հանգամանքը, որ ֆաշիզմի դեմ հաղթանակը ձեռք բերվեց աշխարհի շատ ժողովուրդների միասնական ջանքերով, սովետական երկիրը միայնակ չէր պայքարում նացիստների դեմ, այլ դաշնակից պետությունների եւ առաջին հերթին Մեծ Բրիտանիայի ու ԱՄՆ-ի հետ:

Հակահիտլերյան կոալիցիայի ձեւավորումը անխուսափելի էր, որովհետեւհայրենական պատերազմի նախօրեին Հիտլերն արդեն նվաճել էր եվրոպական մայրցամաքի մեծ մասը, եւ ռազմական արշավանքի սպառնալիքը Մեծ Բրիտանիայի համար շատ որոշակի էր: Այս առումով հիշարժան է ԱՄՆ-ի այն ժամանակվա պետքարտուղար Ստետինիուսի դիտարկումը. «Ամերիկայի ժողովուրդը չպետք է մոռանա, որ 1942 թ. գտնվում էր կործանման եզրին: Եթե Սովետական Միությունը չկարողանար պահպանել իր ռազմաճակատը, գերմանացիները Մեծ Բրիտանիան գրավելու հնարավորություն կստանային: Նրանք ի զորու կլինեին նվաճել Աֆրիկան, իսկ հետո պլացդարմ ստեղծել Լատինական Ամերիկայում: Նախագահ Ռուզվելտը միշտ աչքի առաջ ուներ այդ սպառնալիքը»:

Ամբողջ մարդկության համար մեծագույն վտանգի գիտակցությունը ստիպեց մեծ տերություններին, չնայած տարբեր հասարակարգերի, սուր տարաձայնությունների եւ հակասությունների առկայությանը, ստեղծել հակահիտլերյան կոալիցիա, որին հետագայում միացան 50 պետություններ:

Հակահիտլերյան կոալիցիայի ստեղծումը նպաստեց հայրենասիրական ուժերի հակահիտլերյան շարժման ծավալմանը Գերմանիայի օկուպացրած երկրներում` Լեհաստանում, Չեխոսլովակիայում, Հունաստանում, Ալբանիայում, ինչպես նաեւ` Ռումինիայում, Հունգարիայում, Բուլղարիայում, հենց բուն Գերմանիայում:

Հակահիտլերյան կոալիցիայի ձեւավորումը փայլուն օրինակ էր բանականության հաղթանակի զառանցանքային գաղափարների դեմ, ինչպես նաեւ` տարբեր հասարակարգեր ունեցող պետությունների, պետական ու քաղաքական գործիչների համագործակցության գործնական դրսեւորում էր:

Ֆաշիստական Գերմանիայի նկատմամբ վերջնական հաղթանակը ձեռք բերվեց հակահիտլերյան կոալիցիայի համատեղ ուժերով եւ հզոր հակաֆաշիստական շարժման շնորհիվ, որ ծավալվեց ամբողջ Եվրոպայով:

Հայ ժողովուրդը, այլ ժողովուրդների շարքում, իր արժանի ներդրումն է ունեցել մեծ հաղթանակի մեջ: Պատերազմին մասնակցել են մոտ վեց հարյուր հազար հայեր: Չնայած փոքրաթվությանը, մեր ժողովուրդը աշխարհին ի ցույց է դրել ռազմական սխրանքի իր օրինակները` 4 մարշալներ, 5 ադմիրալներ, 79 գեներալներ, ԽՍՀՄ 106 հերոսներ, 70000 մարտական շքանշանակիրներ ու մեդալակիրներ ենք մենք ունեցել:

Այստեղ` Պետերբուրգում, ես հատկապես ուզում եմ հիշատակել Էրմիտաժի փրկիչ, ակադեմիկոս Հովսեփ Օրբելու անունը: Հակառակ քաղաքից հեռանալու հրամանին, Օրբելին մնաց բլոկադային Լենինգրադում եւ շարունակեց ղեկավարել Էրմիտաժի պահպանության աշխատանքները:

Համաշխարհային հակահիտլերյան շարժման մեջ արժանի ավանդ ունեցան նաեւ Հայաստանից դուրս բնակվող հայերը: Շատ երկրներում հայերի ջանքերի միավորման համար ստեղծվեցին ազգային ճակատներ: ԱՄՆ-ում, օրինակ, գործում էին Հայկական առաջադիմական լիգան եւ հայերի ազգային խորհուրդը, Ֆրանսիայում` Ֆրանսիայի հայերի ազգային ճակատը, Սիրիայում, Լիբանանում, Եգիպտոսում, Եթովպիայում` ԽՍՀՄ-ի հետ բարեկամության ընկերությունները, Բուլղարիայում` հայերի ազգային-ազատագրական ճակատը, Հունաստանում հակաֆաշիստական կազմակերպությունները:

50000 հայեր էին կռվում ֆաշիզմի դեմ դաշնակցային զորքերում: ԱՄՆ-ի բանակում 20000 հայեր կային` 38 գեներալներով, 30000 հայեր կային Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի բանակներում:

Տասնյակ հազարավոր հայեր մարտնչում էին ֆաշիզմի դեմ պարտիզանական ջոկատներում ու Դիմադրության շարժման շարքերում, Փարիզի, Սոֆիայի, Հունաստանի համակենտրոնացման ճամբարներում ու բանտերում:

Այդ պայքարի հերոսներից են Միսաք Մանուշյանը, որի անունով է կոչվում Փարիզի փողոցներից մեկը:

Դիմադրության եվրոպական շարժմանը մասնակցում էին` Մկրտիչ Դաշտոյանը, որ հետմահու Իտալիայի կառավարության կողմից պարգեւատրվեց «Ռազմական սխրանքի» համար մեդալով: Ֆրանսիայի Հարավսլավիայի,Չեխոսլովակիայի, այլ երկրների տարածքում գործում էին հարյուրավոր հայ պարտիզաններ: Այսօր մեզ հետ է ԽՍՀՄ հերոս Սուրեն Սարգսյանը:

Հայ ժողովդրի զավակները իրավամբ արժանի տեղ են գրավում նրանց շարքերում, ովքեր պատերազմի տարիներին քաջության ու արիության հրաշքներ են գործել: Եվ այսօր, 60 հաղթական տարիներից հետո, հայ վետերանները, ինչպես անցած հարյուրամյակի դաժան պատերազմի բոլոր զոհերը լիակատար բարոյական իրավունք ունեն իրենց պետություններից պահանջել անվտանգության նոր համակարգի ստեղծում եւ մոլորակի բնակչության պաշտպանության երաշխիքներ միջուկային սպառնալիքից, գլոբալ հանցագործություններից, ահաբեկչությունից եւ բռնություններից:

Եթե 20-րդ դարում մենք ճանաչեցինք երկրորդ համաշխարհային պատերազմի ամբողջ սարփափը, ապա նույն այդ 20-րդ դարում հակահիտլերյան կոալիցիայի ստեղծումով հույց ու վստահություն հայտնվեց, որ մարդկանց բանականությունն ի զորո է հաղթահարել միջէթնիկական, միջռասայական, միջկրոնական եւ այլ նախապաշարումները: Եվ մարդկանց հնարավորություն տրվեց դիմակայել 21-րդ դարում հայտնված նոր մարտահրավերներին: Հակահիտլերյան կոալիցիայի փորձը վառ օրինակ է պետությունների միավորման համար հզոր հակաահաբեկչական կոալիցիայում նոր հազարամյակում:

Երկու հազար հինգ թվականը ոչ միայն երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի վաթսուն տարին է, այլեւ` Օսմանյան կայսրությունում հայերի` աշխարհում առաջին ցեղասպանության իննսուն ամյակի տարին է:Ինքնատիպ ողբերգական կապ կա այս երկու տարեթվերի միջեւ: Հազար ինը հարյուր տասնհինգ թվականի ցեղասպանությունը, որ ժամանակին չեն դատապարտել աշխարհի պետությունները, կրկնվեց երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: Որոշակի էթնիկական պատկանելության միլիոնավոր մարդկանց ոչնչացնող ֆաշիստները վստահ էին իրենց անպատժելիության մեջ` շնորհիվ Հիտլերի պատերազմից առաջ ասածի` «Ով է այսօր հիշում հայերի ճակատագրի մասին»: Սակայն աշխարհը դատապարտեց ոչ միայն հիտլերականների չարագործությունները, այլեւ տասնհինգ պետություններ արդեն դատապարտել են Օսմանյան Թուրքիայի տարածքում կատարված առաջին ցեղասպանությունը:

Մեծ հաղթանակի 60-ամյակի տոնակատարությունը եւս մի հիշեցում է մարդկությանը զգոն լինելու եւ քաղաքական ու բարոյական կամք արտահայտելու համար, որ արմատախիլ արվեն ֆաշիզմի բոլոր ծիլերը:

Խորհրդարանականների խնդիրն է` այդ ամենի համար ապահովել օրենսդրական բազա, ապահովել մեր հասարակությունների եւ պետությունների զարգացումը իրավական պետության եւ քաղաքացիական հասարակության ուղղությամբ:

Հենց մենք` աշխարհի խորհրդարանականներս, տարբեր երկրների օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչներս, պարտավոր ենք պատերազմը օրենքից դուրս հայտարարել, իսկ մոլորակի խաղաղությունն ու անվտանգությունը, ահաբեկչության ու անօրինականության դեմ պայքարը դարձնել մեր գործունեության օրակարգը:


15.04.2005
Կարեւոր քաղաքական քննարկումներ Սանկտ Պետերբուրգում
ԱՊՀ ՄԽՎ շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպումներ ունեցավ այլ երկրների խորհրդարանների նախագահների ու միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ:ԵԽԽՎ նախագահ Ռենե Վան դեր Լինդենի հետ հանդիպման ժամանակ ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը նշեց, որ Հայաստանը ԵԽԽՎ-ում հաստատված ժամա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am