National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
4.4.2005

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
04.04.2005
Հայ-բելգիական հարաբերությունները կզարգանան նոր որակով

Ապրիլի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն առանձնազրույց ունեցավ Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահ Հերման դե Կրոոյի հետ: Քննարկումների առանցքում Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, օրենսդրական բարեփոխումները, տարածաշրջանային հարցերը, հայ-բելգիական միջխորհրդարանական հարաբերություններն ու միջազգային կառույցներում համագործակցությունն էին:

Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահ Հերման դե Կրոոյի գլխավորած պատվիրակության եւ Ազգային ժողովի խմբակցությունների, խմբի, հանձնաժողովների նախագահների եւ անդամների ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը նշեց, որ Հայաստանում մեծ կարեւորություն են տալիս այս այցին, որ առաջին նմանատիպ բարձրաստիճան պաշտոնական այցն է Հայաստան եւ կարող է միջպետական ու միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման կարեւոր խթան դառնալ: Բելգիայի աջակցությունը Հայաստանին շատ կարեւոր է նաեւ «Ընդլայնված Եվրոպա. նոր հարեւաններ» ծրագրի շրջանակներում: Խորհրդարանի նախագահը անդրադարձավ Հայաստանի Ազգային ժողովի օրենսդրական գործունեությանը` երկրում տեղի ունեցող բարեփոխումների շրջագծում` նշելով, որ խորհրդարանում քննարկվում են սահմանադրական ու Ընտրական օրենսգրքի բարեփոխումները, ԵԽԽՎ-ում Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման մեջ ներառված այլ օրենքներ: Ընդորում` պարտավորությունների մեծ մասն արդեն կատարված է,  որը ԵԽԽՎ-ն եւս երկու անգամ ամրագրել է իր բանաձեւերում: Ավելին` Հայաստանի խորհրդարանում աշխատանքային խումբ է ստեղծված` Եվրամիության չափանիշներին Հայաստանի օրենսդրությունը համապատասխանեցնելու նպատակով: Նշվեց նաեւ տնտեսական, գիտամշակութային ու առողջապահական համատեղ ծրագրերի անցկացման կարեւորության մասին: Տարածաշրջանային համագործակցության հաստատման առումով` ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը կարեւորեց նորմալ հարաբերությունների հաստատումը բոլոր հարեւանների հետ եւ Հայաստանի պատրաստակամությունը` բանակցությունների միջոցով քննարկելու բոլոր վիճարահույց հարցերը: Խորհրդարանի նախագահը շնորհակալություն հայտնեց Բելգիայի խորհրդարանին` դեռ 1998 թ. հայոց ցեղասպանությունը ճանաչելու ու դատապարտող բանաձեւ ընդունելու համար: Նշվեց, որ մասնակցելով Հարավկովկասյան խորհրդարանական նախաձեռնությանը, որում ընդգրկված են Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի խոհրդարանների պատգամավորները, Հայաստանն ակնկալում է Հարավկովկասյան խորհրդարանի ստեղծում, որը կարող է դառնալ խնդիրների քննարկման ու լուծումներ գտնելու ասպարեզ: 2004-ին Ստրասբուրգում Հարավային Կովկասի խորհրդարանների նախագահները քննարկեցին Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության պակտ ստորագրելու հնարավորությունը, դա եւս կարեւոր նշանակություն կարող է ունենալ տարածաշրջանային խնդիրների լուծման համար:

ԵԽԽՎ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը եւս անդրադարձավ միջազգային կառույցներում աշխատանքներին, նշելով, որ եվրոպական ուղղությունը Հայաստանի համար բացառիկ նշանակություն ունի: Նա նշեց, որ Հայաստանը կողմնակից է բոլոր հարեւանների հետ շփումներին, բայց ոչ միշտ է փոխըմբռնում ու պատրաստակամություն գտնում հարեւանների կողմից:

Իրենց ելույթներում  գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը, սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մխեյանը, «Արդարություն» խմբակցության պատգամավոր Թաթուլ Մանասերյանը կարեւորեցին Բելգիայի Թագավորության ու Հայաստանի Հանրապետության միջեւ գիտամշակութային ու սոցիալ-տնտեսական կապերի խորացման անհրաժեշտությունը:

Բելգիայի Թագավորության  Ներկայացուցիչների պալատի նախագահ Հերման դե Կրոոն Հայաստան այցի կարեւորությունը գնահատելով նշեց, որ պատվիրակության կազմում ընդգրկված են Բելգիայի բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները, ինչը քիչ է պատահում: Նրա գնահատականով` Հայաստանը Հարավային Կովկասի շատ կարեւոր մասն է եւ Բելգիան շահագրգռված է Հայաստանը տեսնել ժողովրդավարական ու զարգացող տնտեսությամբ երկիր: Պարոն Կրոոն պատրաստակամություն հայտնեց աջակցել նաեւ միջազգային կառույցներում Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունների աշխատանքներին: Նա դրական ու արդյունավետ գնահատեց Հայաստանի պատրաստակամությունը հարեւանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման համար` տարածաշրջանի ապագան տեսնելով դրա մեջ:

Կողմերը կարեւորեցին  հայ-բելգիական հարաբերությունների զարգացումը տարբեր ուղղություններով, որը հնարավորություն կտա նոր որակի բարձրացնել երկկողմ փոխհարաբերությունները:


04.04.2005
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի ցավակցական ուղերձը Վատիկան
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը ցավակցական ուղերձ է հղել Վատիկան, որում ասվում է. «Խոր վշտով տեղեկացանք Հռոմի պապ նորին սրբություն Հովհաննես Պողոս Երկրորդ պապի վախճանի մասին: Հայաստանում դեռ վառ են 2001 թ.` քրիստոնեության ընդունման 1700-ամյակի տոնակատարության օրերին նրա պատմական այցի հիշողությունն...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am