National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
04.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
05.06.2017
Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի 29-րդ նիստի շրջանակում հայ պատվիրակները հանդիպել են ՌԴ խորհրդարանի երկու պալատների փոխնախագահների հետ
1 / 10

Հունիսի 5-8-ը Ռուսաստանի Խանտի Մանսիսկի ինքնավար մարզում տեղի ունենալիք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 29-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով ՌԴ մայրաքաղաքում գտնվող հայկական պատվիրակությունը Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ հունիսի 5-ին հանդիպումներ է ունեցել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի առաջին տեղակալ Նիկոլայ Ֆյոդորովի եւ Պետական դումայի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Ժուկովի հետ:

Հանդիպումներին մասնակցել են ռուսական կողմից` ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի անդամներ Ն. Ռիժկովը, Ի. Չերնիշենկոն, Ռ. Զինուրովը, ՊԴ պատգամավորներ Վ. Վոդոլացկին, Ի. Շուբինը, Ա. Կոբիլեւը եւ ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Ի.Վոլինկինը, հայկական կողմից` ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Հ. Բաբուխանյանը («ՀՀԿ» խմբակցություն), Ջ. Բաղդասարյանը («ՀՀԿ» խմբակցություն),  Տ. Ուրիխանյանը («Ծառուկյան» խմբակցություն), Տ. Միքայելյանը («Ծառուկյան» խմբակցություն), Է. Մարուքյանը («Ելք» խմբակցություն), Ա. Սարգսյանը («Ելք» խմբակցություն), Ա. Միրզոյանը («Ելք» խմբակցություն), Ա. Վարդանյանը («ՀՅԴ» խմբակցություն)  եւ ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վ. Տողանյանը:

ՌԴ խորհրդարանի երկու պալատների փոխնախագահների հետ հանդիպումների ընթացքում զրուցակիցները նշել են, որ հայ-ռուսական խորհրդարանական համագործակցությունը երկկողմ հարաբերությունների լայն ներկապնակի կարեւորագույն բաղադրիչներից է, որում հատուկ դեր ունի հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովը:

Հայ եւ ռուս գործընկերներն արձանագրել են, որ խորհրդարանական ընտրություններից հետո սա առաջին հանդիպումն է ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում եւ շնորհավորել են միմյանց ընտրվելու եւ բարձր վստահություն վայելող ընտրությունների անցկացման կապակցությամբ: Հայ պատվիրակները հավաստիացրել են, որ նոր ձեւավորված հայկական խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը շահագրգիռ են գործընկերների հետ համագործակցելու հարցում: Հանձնաժողովականները շնորհակալություն են հայտնել հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նախորդ կազմին, որը երկարամյա գործունեության շնորհիվ լուրջ ներդրում է ունեցել համատեղ աշխատանքների արդյունավետության եւ հարաբերությունների ընդլայնման գործում:

ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի առաջին տեղակալ Նիկոլայ Ֆյոդորովի հետ հանդիպման ընթացքում զրուցակիցները փաստել են, որ ներկայում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցությունը կրում է դաշնակցային բնույթ եւ հիմնված է երկու երկրների երկարաժամկետ շահերի վրա: Այն ամրապնդված է բազմաթիվ պայմանագրերով եւ համաձայնագրերով, որոնք ապահովում են երկկողմ հարաբերությունների կայուն զարգացումը: Հանդիպման ընթացքում քննարկումներին ակտիվ մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ Հայկ Բաբուխանյանը, Տիգրան Ուրիխանյանը, Արամ Սարգսյանը:

Պետդումայի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Ժուկովի հետ հանդիպմանն անդրադարձ է կատարվել տնտեսական համագործակցությանը, ներդրումների ծավալներին, ինչպես նաեւ Ռուսաստանում բնակվող հայազգի քաղաքացիների խնդիրներին եւ ազգային շարժումների հակադարձմանը վերաբերող մի շարք հարցերի:

Կողմերը վստահություն են հայտնել, որ Եվրասիական տնտեսական միությունը կարեւորագույն դեր կխաղա երկու երկրների տնտեսությունների զարգացման գործում:

Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հերմինե Նաղդալյանն առանձնապես կարեւորել է համագործակցությունը միջազգային ասպարեզում` ընդգծելով Ռուսաստանի կառուցողական դերը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում, Վիեննայում եւ Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունների շրջանակներում: Կողմերն անդրադարձել են Ադրբեջանին զենք վաճառելու խնդրին, որը նախկինում եւս բարձրացվել է այս հանձնաժողովի հարթակում:

«Մենք մեծ նշանակություն ենք տալիս փոխադարձ վստահության մթնոլորտի ձեւավորման ուղղությամբ միջոցառումների անցկացմանը: Խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի»,- իր խոսքում ընդգծել է միջխորհրդարանական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահը:

Հայանպաստ գործունեության, ինչպես նաեւ «Հայաստանի մարզեր եւ Ռուսաստանի ռեգիոններ» հանրագիտարանի հրատարակման առթիվ Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, ՀՀ ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովին հայ պատվիրակները հանձնել են ՀՀ վարչապետի հուշամեդալ:

Հանդիպումների ավարտին հայկական պատվիրակությունը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության եւ Միջխորհրդարանական հանձնաժողովի 29-րդ նիստի անցկացման համար եւ վստահություն հայտնել, որ այն հարաբերությունների զարգացման ճանապարհին առաջիկայում եւս զգալի նպաստ կբերի եւ կբարձրացնի միջպետական ու միջխորհրդարանական հարաբերությունների մակարդակը:


04.06.2024
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am