National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
09.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
26.05.2017
Աշխատակարգային խորհրդակցություն՝ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում
1 / 1

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Խոսրով Հարությունյանի նախագահությամբ մայիսի 26-ին հրավիրված աշխատակարգային խորհրդակցության ընթացքում քննարկել է հանձնաժողովի գործունեությանը վերապահված ոլորտների խմբավորումը՝ ըստ տնտեսական ընդհանրության։

Խոսրով Հարությունյանը գործընկերներին ներկայացրել է այն խնդիրները, որոնց լուծմանն է ուղղված լինելու հանձնաժողովի առաջիկա գործունեությունը։ Նա կարեւորել է հանձնաժողովականների՝ միմյանց հետ գործակցությունը բոլոր հարցերի վերաբերյալ, ինչպես նաեւ աշխատանքային-գործընկերային մթնոլորտի ստեղծումը, որը հնարավորություն կտա համատեղ ջանքերով լուծել ծագած խնդիրները։

«Մեզ բարդ եւ աշխատատար օրենսդրական գործունեություն է սպասվում»,- նշել է Խոսրով Հարությունյանը եւ հավելել, որ պետք է նաեւ աջակցել կուտակված խնդիրների լուծմանը, որն էլ կնպաստի մշտական հանձնաժողովի դերակատարության բարձրացմանը։

Կարեւորվել է նաեւ միջխորհրդարանական գործակցությունը տարածաշրջանի երկրների՝ այդ թվում Թուրքիայի խորհրդարանի համապատասխան կառույցների, ինչպես նաեւ ԵԱՏՄ-ի եւ Եվրամիության երկրների՝ հատկապես Գերմանիայի խորհրդարանի հետ համագործակցությունը։

«Գերմանական օրենսդրական փորձի ուսումնասիրությունն ու ներդրումը կնպաստի մի շարք հարցերի լուծմանը»,- նշել է Խոսրով Հարությունյանը։

Մշտական հանձնաժողովի նախագահը կարեւորել է արտագնա նիստերի անցկացումը, որը հնարավորություն է տալիս ավելի լավ ուսումնասիրել մարզերում կուտակված խնդիրները։ Կարեւորվել է նաեւ գործադիր իշխանության հետ համագործակցության զարգացումը՝ մեր երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծելու համար։

Մտքերի փոխանակության ընթացքում հանձնաժողովականներն անդրադարձել են հասարակական կազմակերպությունների եւ գործարար համայնքի հետ համագործակցության խնդիրներին, մշտական հանձնաժողովի աշխատակազմը փորձառու եւ արհեստավարժ մասնագետներով համալրելուն եւ այլ մասնագիտական հարցերի։

Պատգամավորներն իրենց տեսակետներում համակարծիք են եղել Խոսրով Հարությունյանի առաջարկներին։

Հանձնաժողովի նախագահը գործընկերներին հորդորել է քննարկված հարցերի վերաբերյալ ներկայացնել առաջարկներ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am