Հունվարի 23-ին Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի լիագումար նիստում՝ ԵԽԽՎ բյուրոյի եւ մշտական հանձնաժողովի ընթացիկ զեկույցի ձեւաչափում, ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, եւս մեկ անգամ օգտագործելով առիթը, անդրադարձել է Հայաստանում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին հաջորդած գործընթացներին եւ գալիք խորհրդարանական ընտրություններին:
Իր ելույթում ՀՀ ԱԺ փոխնախագահը եվրոպացի գործընկերներին ներկայացրել է սահմանադրական բարեփոխումների ողջ գործընթացը՝ բովանդակային նախադրյալներով դրանք համարելով կենսական՝ առավել կայուն ու ժողովրդավարական համակարգ կերտելու եւ սահմանադրական մեխանիզմները կատարելագործելու համար, որոնք ապահովում են համապատասխան ուժերի հավասարակշռությունը եւ օրենքի գերակայությունը:
Հերմինե Նաղդալյանն ընդգծել է, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացն արժանացել է Վենետիկի հանձնաժողովի հավանությանը. հանձնաժողովի գրեթե բոլոր առաջարկներն ընդունվել են Հայաստանի իշխանությունների կողմից:
Տիկին Նաղդալյանը տեղեկացրել է, որ հանրաքվեից հետո ՀՀ իշխանությունները ձեռնարկել են իրավական համակարգի փոփոխման եւ նոր իրողություններին համապատասխանեցման լայնածավալ գործընթաց: Ընդունվել են սահմանադրական նոր օրենքներ, բազմաթիվ օրենքներում եւ իրավական ակտերում կատարվել են համապատասխան փոփոխություններ, այդ թվում՝ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» եւ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքներում: Իր խոսքում տիկին Նաղդալյանը շեշտել է, որ օրենսդրական փոփոխությունների մի խոշոր փաթեթ նախատեսվում է նաեւ 2017-ի համար՝ կրկին Վենետիկի հանձնաժողովի եւ այլ միջազգային շահագրգիռ կողմերի հետ սերտ համագործակցությամբ:
Հայաստանի ամենաքննարկված փաստաթղթի՝ Ընտրական օրենսգրքի մշակման գործընթացը ՀՀ ԱԺ փոխնախագահի հավաստմամբ՝ ընթացել է քաղաքական բոլոր շահագրգիռ կողմերի հետ սերտ համագործակցությամբ, համագործակցության, հիրավի, բացառիկ ձեւաչափով՝ իշխանության, ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության սեկտորի հավասար մասնակցությամբ:
«Նոր Ընտրական օրենսգիրքը լիարժեք հուսալի հիմք է ստեղծում առաջիկա խորհրդարանական ընտրությունների համար»- ընդգծել է Հերմինե Նաղդալյանը՝ հավաստիացնելով, որ ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը երկրի իշխանությունների գերխնդիրն է, եւ դրանց լեգիտիմությունն ու պատշաճ ընթացքը շատ ավելի կարեւոր են, քան արդյունքները:
«Մեր պարտականությունն է անցկացնել ժողովրդավարական եւ թափանցիկ ընտրություններ՝ հիմնված մրցակցային գաղափարների եւ ծրագրերի վրա: Հայաստանի ժողովուրդն ընտրել է ժողովրդավարության ուղին, եւ որեւէ արտաքին խոչընդոտ չի կարող մեզ շեղել այդ ուղուց»- իր ելույթում նշել է տիկին Նաղդալյանը:
Այս համատեքստում ՀՀ ԱԺ փոխնախագահը եվրոպացի պատգամավորներին հիշեցրել է անցյալ տարվա ապրիլին Լեռնային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի, ինչպես նաեւ Հայաստանի հետ սահմանին տեղի ունեցած ռազմական վերջին ոտնձգության մասին, որը դատապարտվեց միջազգային հանրության կողմից: Տիկին Նաղդալյանն ընդգծել է, որ չնայած դրան Հայաստանը չի հեռացել ժողովրդավարական իր ուղուց եւ հավատարիմ է մնացել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:
«Նման գործողությունները, որոնք խաթարում են Հայաստանի, Ղարաբաղի եւ տարածաշրջանի անվտանգությունն ընդհանրապես, չեն սասանում մեր վճռականությունը՝ իրականացնելու լայնամասշտաբ բարեփոխումներ՝ դատական, մարդու իրավունքների եւ այլ կարեւոր բնագավառներում՝ համահունչ մեր միջազգային պարտավորություններին»,- եզրափակել է իր ելույթը ՀՀ ԱԺ փոխնախագահը՝ ընդգծելով, որ Հայաստանի նվիրվածությունը մարդու իրավունքներին, ժողովրդավարությանը եւ օրենքի գերակայությանը երբեք պայմանավորված չէ որեւէ արտաքին գործոնով, լինի դա աշխարհաքաղաքական, տնտեսական կամ այլ: