ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հունվարի 18-ին ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանին:
Ողջունելով հյուրին՝ Գալուստ Սահակյանը բարձր է գնահատել երկու երկրների միջեւ առկա ջերմ հարաբերությունները եւ հավելել, որ այս տարին հոբելյանական է երկկողմ հարաբերությունների նորագույն պատմության մեջ՝ նշվելու է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Այդ համատեքստում պարոն Սահակյանը գոհունակությամբ արձանագրել է, որ անցած տարիներին հայ-հնդկական հարաբերությունները զարգացել են փոխվստահության եւ փոխըմբռնման մթնոլորտում եւ ներկայում էլ շարունակում են տարբեր բնագավառներում պահպանել առաջընթացի տեմպերը:
Փոխշահավետ համագործակցության տեսանկյունից ԱԺ նախագահը կարեւորել է միջխորհրդարանական փոխգործակցության զարգացումը, բարեկամական խմբերի ակտիվ շփումները եւ գոհունակությամբ փաստել է, որ այդ համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա:
Դեսպան Յոգեշվար Սանգվանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, վստահեցրել է, որ իր դիվանագիտական առաքելության ընթացքում կանի հնարավորը՝ նպաստելու հայ-հնդկական հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը:
Զրուցակիցները հույս են հայտնել, որ դեսպանի անմիջական մասնակցությամբ ու ակտիվ ջանքերով առաջիկա տարիներին Հայաստանը եւ Հնդկաստանը ձեռնամուխ կլինեն երկու պետությունների միջեւ առկա համագործակցության ներուժի բացահայտմանն ու լիարժեք իրացմանը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ ԼՂ հիմնախնդրին, Հայաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին եւ այլ հարցերի: