ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Գրադարանավարի օրվա առթիվ:
«Գրադարանային համակարգի հարգելի աշխատակիցներ,
գրադարանային գործի հարգարժան մասնագետներ,
շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Գրադարանավարի օրվա առթիվ:
Հանդես գալով որպես ընթերցողի խորհրդատու եւ հաճախ նաեւ առաջնորդ` դուք հարգանք եք ձեւավորում թե ձեր, թե երբեք չարժեզրկվող գրի ու գրականության հանդեպ: Ձեր ընտրած մասնագիտությունը եւ կատարած աշխատանքը բարոյական իմաստ ու հասարակական նշանակություն ունեն, որովհետեւ դուք ոչ միայն արժեքներ եք պահպանում ու տարածում, այլեւ իսկապես դավանում այդ արժեքները:
Մարդիկ ու գրքերը դարձել են ձեր կյանքի անբաժանելի մասը, որոնց դուք կապում, հասցնում եք իրար` երկուսին էլ հավատարիմ մնալով, երկուսին էլ հարազատի սրտացավությամբ ընդունելով, երկուսի միտքն ու խոսքն էլ անմիջականորեն ընկալելով: Նաեւ ձեր շնորհիվ է, որ անկախ տեխնոլոգիաների զարգացումից ու աշխարհընկալումների փոփոխություններից՝ գիրքը մնում է անփոխարինելի արժեք, իսկ գրադարանը` յուրատեսակ գանձարան, որը դուք տնօրինում եք արժանապատվորեն, խելամտորեն ու ստեղծագործաբար` այնտեղ եղած հարստությունից բաժին հանելով նաեւ այլոց:
Այն նվիրվածությունն ու անտրտունջ աշխատանքը, այն ուրույն մթնոլորտը, որ առկա է գրադարանների պատերի ներսում, ձեզ` գրադարանային համակարգի աշխատակիցներիդ, արժանի է դարձնում առանձնահատուկ հարգանքի եւ շնորհակալության անկեղծ խոսքերի: Ընդունեք, խնդրեմ, այդ ամենը բարեմաղթանքներիս հետ միասին: Առողջություն, բարեկեցություն եւ ամենայն բարիք ձեզ»,-ասված է ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում: