National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
08.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
22.09.2016
«Մեր ժողովրդի հերոսական պատմությունը պայքար է անկախության եւ ազատության համար». Էդուարդ Շարմազանովը ելույթ է ունեցել Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում
1 / 2

Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 21-ին Տավրիդյան պալատում մասնակցել է ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը: ԱԺ փոխնախագահը հանդես է եկել ելույթով` մասնավորապես նշելով.

«Հարգելի բարեկամներ,

25 տարի առաջ հայ ժողովուրդը կատարեց իր ընտրությունը հօգուտ անկախության: Անկախություն, որի համար պայքարել են մեր սերունդները: Մեր ժողովրդի հերոսական պատմությունը ոչ այլ ինչ է, քան պայքար անկախության եւ ազատության համար: Այդպես էր, երբ Հայկ նահապետը, հաղթելով Բաբելոնի տիրակալ, Հին աշխարհում չարիքի խորհրդանիշ համարվող Բելին, վերահաստատեց անկախ պետականություն ունենալու մեր իրավունքը: Այդպես էր, երբ Տիգրան Մեծը պաշտպանում էր մեր հայրենիքը Պոմպեոսի արշավանքներից: Այդպես էր նաեւ, երբ 451 թվականին Ավարայրում հայերն ապացուցեցին, որ մահն իմացյալ անմահություն է եւ կյանք շնորհեցին գալիք սերունդներին: Ու հենց Ավարայրում հայ ժողովուրդը վերահաստատեց հավատարմությունն իր հոգու երկու հիմնասյուներին` Աստծուն եւ հայրենիքին:

Հարգելի ներկաներ,

անկախության ձգտումը չլքեց մեզ նույնիսկ Ցեղասպանության ժամանակ: Այդ օրերին էր, որ հանճարեղ Թումանյանը խոսեց նոր Հայաստանի մասին: Եվ ինչպես Քրիստոսը ֆիզիկական մահից հետո հարություն առավ երրորդ օրը, այնպես էլ հայ ժողովուրդը, Ցեղասպանությունից 3 տարի անց վերածնունդ ապրելով, Սարդարապատում, Բաշ Ապարանում եւ Ղարաքիլիսայում հերոսաբար հաղթեց թուրքերին՝ վերահաստատելով, որ լույսը ցրում է խավարը: Մայիսյան գոյամարտերում էր, որ թուրք Վեհիբ փաշան ասաց` հայերն ապացուցեցին, որ աշխարհի լավագույն զինվորներն են:

Հենց ազատության եւ անկախության ձգտումն էր, որ 600 հազար հայորդիների ուղղորդեց Հայրենական մեծ պատերազմի ռազմաճակատ: Պաշտպանելով Մոսկվան եւ Ստալինգրադը` նրանք պաշտպանում էին Երեւանն ու Շուշին: Հետագայում Հայրենական մեծ պատերազմի հերոսների զավակներն ու թոռները դարձան հայոց անկախության եւ Արցախյան հերոսամարտի կերտողները: Նրանց պայքարի շնորհիվ է նաեւ, որ այսօր մենք 25-ամյա անկախության կրողներն ենք:

Հավերժ փառք մեր հերոսներին: Կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցե Արցախի Հանրապետությունն ու հայ ժողովուրդը:

Շնորհակալություն ուշադրության համար»:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am