National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
04.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
31.08.2016
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ելույթը Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների խորհրդարանական համաժողովում
1 / 2

Օգոստոսի 31-ին Վարշավայում կայացած «Համերաշխություն եւ ինքնիշխանություն» խորագրով Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների խորհրդարանական համաժողովի շրջանակում «Եվրոպական միության վերածնունդը եւ տարածաշրջանային համագործակցությունը Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում» թեմայով քննարկման ժամանակ ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդես է եկել ելույթով:

Շնորհակալություն հայտնելով Լեհաստանի Հանրապետության խորհրդարանի ղեկավարությանը հյուրընկալության եւ նման հեղինակավոր միջոցառման կազմակերպման համար, որին մասնակցում են ավելի քան տասը երկրների խորհրդարանների նախագահներ, փոխնախագահներ եւ բարձրաստիճան պաշտոնատար այլ անձինք՝ Հերմինե Նաղդալյանն այս առիթը լավ հնարավորություն է համարել՝ քննարկելու եւ վեր հանելու այն խնդիրները, որոնք մտահոգիչ են այսօր եւ հրատապ անդրադարձի կարիք ունեն: Այդ համատեքստում տիկին Նաղդալյանը ներկաների ուշադրությունն է հրավիրել տարածաշրջանում տիրող բավական բարդ եւ լարված իրավիճակի վրա եւ ընդգծել, որ համագործակցության մասին խոսելիս առաջին հերթին մտովի պատկերացնում ենք անվտանգության խնդիրներին վերաբերող քաղաքական երկխոսությունը: Որպես գլխավոր մարտահրավերներ՝ ԱԺ փոխնախագահն առանձնացրել է գոյություն ունեցող պատերազմական գոտիները, քաղաքական ծայրահեղականության աճը, միջազգային ահաբեկչության ընդլայնումը, որոնք վտանգում են տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը եւ դրանց դեմ պայքարելու ընդհանուր ջանքեր են պահանջում:

Անդրադառնալով Հայաստանի խնդիրներին՝ Հերմինե Նաղդալյանը ներկայացրել է այն բարդ իրականությունը, որում «ապրում է» մեր երկիրը՝ շրջապատված լինելով իր երկու հարեւաններով՝ արեւելքից Ադրբեջանի` իր ագրեսիվ ռազմական քաղաքականությամբ, արեւմուտքից` Թուրքիայի, որը երկու տասնամյակից ավելի շարունակում է փակ պահել սահմանը Հայաստանի հետ` դրանով իսկ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի նորմերը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը եվրոպացի գործընկերներին եւս մեկ անգամ հիշեցրել է այս տարվա ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած վերջին ռազմական ագրեսիայի մասին, որը 1994 թվականի զինադադարից ի վեր ամենածավալունն էր եւ թիրախավորել էր ոչ միայն զինված ուժերին, այլ նաեւ խաղաղ բնակիչներին:

«Գործընկերնե՛ր, խնդիրն այսօր վերաբերում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությանը, ապրելու նրանց իրավունքին: Լեռնային Ղարաբաղը Եվրոպայի մաս է` անկախ իր կարգավիճակից, եւ նրա ժողովուրդը պատկանում է եվրոպական ընտանիքին»,- իր ելույթում շեշտել է Հերմինե Նաղդալյանը՝ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում առանձնապես կարեւորելով եւ անփոխարինելի համարելով Եվրոպայի դերը:

«Տարբեր մակարդակներում Եվրամիությունը պատրաստակամություն է հայտնել աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը, որը հանդիսանում է միջազգայնորեն լիազորված միակ մարմինը` կոչված աշխատելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ` հիմնվելով միջազգային իրավունքի երեք սկզբունքների` ինքնորոշման իրավունքի, տարածքային ամբողջականության եւ ուժի չկիրառման վրա»,- իր ելույթում հիշեցրել է ԱԺ փոխնախագահ: Նա հույս է հայտնել, որ Եվրամիության հավասարակշռված դիրքորոշումը եւ խնդրի համապարփակ լուծման համար բարենպաստ միջավայր ստեղծելու իր նվիրվածությունը, գուցե, հաջողեն կոտրել ադրբեջանական քաղաքականության սառույցը եւ կամուրջ դառնան` նպաստելով վստահության կառուցմանը, որը, սակայն, հեշտ չի լինի, քանի դեռ մեր հարեւանը մոլեռանդորեն մերժում է համագործակցության բոլոր ձեւերը:

«Ղարաբաղն այսօր կայացած պետություն է` պետականության իր բոլոր ատրիբուտներով եւ հաստատություններով` Սահմանադրությամբ, ակտիվ քաղաքացիական հասարակությամբ եւ կենսունակ տնտեսությամբ»,- եվրոպացի խորհրդարանականների ուշադրությունն է հրավիրել Հերմինե Նաղդալյանը` ընդգծելով, որ սա շատ կարեւոր աշխարհաքաղաքական գործոն է տարածաշրջանում, որը նպաստում է կայունությանն ու խաղաղությանը:

«Իր անկախությամբ Ղարաբաղն ապացուցել է, որ հուսալի, կանխատեսելի եւ պատասխանատու գործընկեր է միջազգային հանրության համար եւ հետեւողական է տարածաշրջանային խաղաղության ու կայունության պահպանմանն ուղղված իր գործողություններում»,- նշել է տիկին Նաղդալյանը` փաստելով, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ուղղակի կապերն այսօր դառնում են առավել ակտիվ:

«Եվրամիությունը ժողովրդավարության խորհրդանիշ է: Իր հիմնական սկզբունքներից ու արժեքներից ելնելով` ԵՄ-ն պետք է լինի այն մարդկանց կողքին, ովքեր պայքարում են ժողովրդավարության, մարդու իրավունքների, ազատության եւ հավասարության համար: Այս մարդիկ սպասելիքներ ունեն, եւ Եվրամիությունը կարող է օգնել իրականացնելու դրանք»,- եզրափակել է իր ելույթը ՀՀ ԱԺ փոխնախագահը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am