Հունիսի 14-ին խորհրդարանը շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը՝ շարունակելով քննարկել «ՀՀ հարկային օրենսգիրք» նախագիծը: Պատգամավորները շարունակել են ներկայացնել իրենց տեսակետները օրենսգրքի վերաբերյալ:
Վահե Էնֆիաջյանը Հարկային օրենսգրքի նախագիծը որակել է որպես բիզնես միջավայրի Սահմանադրություն, որից էլ կախված է տնտեսական միջավայրի ձեւավորումը: Պատգամավորի խոսքով՝ մեր երկրում տնտեսվարող սուբյեկտները, ՓՄՁ-ն դժգոհություններ ունեն հարկային մարմիններից: Վահե Էնֆիաջյանը տեղեկացրել է, որ ԲՀԿ խմբակցությունը ներկայացնելու է բազմաթիվ գրավոր առաջարկներ:
Նաիրա Զոհրաբյանին չի գոհացրել Հարկային օրենսգրքի նախագիծը: Պատգամավորը նկատել է, որ օրենսգիրքը չի քննարկվել ոլորտի շահառուների հետ, եւ ՓՄՁ-ի բազմաթիվ ներկայացուցիչներ, գյուղատնտեսական ֆերմերներ իրենց դժգոհություններն են ներկայացրել օրենսգրքի վերաբերյալ: Նաիրա Զոհրաբյանի դիտարկմամբ՝ նախագծով նախատեսվում է որոշ հարկատեսակների դրույքաչափերի բարձրացում:
Միքայել Մելքումյանը նշել է, որ բազմաթիվ են խոշոր ձեռնարկատերերի դժգոհությունները Հարկային օրենսգրքի վերաբերյալ, քանի որ, ըստ պատգամավորի, առկա են ռիսկեր եւ խնդիրներ: Պատգամավորը դեմ չէ օղու, ծխախոտի ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացմանը, սակայն դեմ է ոչ սեղմված գազի հարկի բարձրացմանը: Պատգամավորի դիտարկմամբ՝ սահմանին ավելացված արժեքի հարկի բարձրացումը պետք է հետաձգվի:
Մհեր Շահգելդյանը նկատել է, որ Հարկային օրենսգրքի նախագիծը չի նպաստելու տնտեսության զարգացմանը եւ կրելու է ձեւական բնույթ: Ըստ նրա՝ 2015 թվականին բոլոր հարկային ուղղություններով արձանագրվել է անկում: Պատգամավորը շեշտել է, որ Հարկային նոր օրենսգիրքը վնասելու է մանր եւ միջին բիզնեսին, իսկ ներդրումները մեր երկրում նվազելու են:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ թեեւ ցածր աշխատավարձ ստացողների եկամտային հարկերը նվազելու են, սակայն, դրա փոխարեն՝ պետությունն ակցիզային հարկերի ավելացման արդյունքում տրամադրելու է թանկ օղի, ծխախոտ, բենզին ու դիզվառելիք: Պատգամավորն անդրադարձել է նաեւ կոռուպցիայի դեմ պայքարին:
Հակոբ Հակոբյանի խոսքով՝ Հարկային օրենսգրքի նախագծի ընդունմամբ, անկախ տնտեսական աճին, աղքատությունը չի նվազելու: Պատգամավորի դիտարկմամբ՝ սպառումը պակասում է, ուստի անընդունելի է հարկային բեռի ավելացումը: Հակոբ Հակոբյանի խոսքով՝ ավելացված արժեքի հարկի բարձրացման պարագայում շուկայում անհավասարություն է առաջանալու :
Գուրգեն Արսենյանը, ներկայացնելով «Միավորված աշխատանքային կուսակցության» դիրքորոշումը, նկատել է, որ նախագծով առաջարկվող հարկային բեռի ավելացումը նպաստելու է երկրից արտագաղթի ավելացմանը: Գուրգեն Արսենյանը տեղեկացրել է, որ իրենց կուսակցությունը դեմ է առաջարկվող փոփոխություններին:
Ըստ Էդմոն Մարուքյանի՝ նախագծով եկամտային հարկը ոչ թե նվազելու է, այլ ավելանալու: Պատգամավորի դիտարկմամբ՝ նախագիծը բացասաբար է ազդելու նաեւ ՓՄՁ-ի վրա: Պատգամավորի խոսքով՝ վերջին տարիներին ընդունված բոլոր օրենսդրական նախաձեռնությունները, այդ թվում Հարկային նոր օրենսգիրքը նպաստելու են մեր երկրից արտագաղթի ավելացմանը:
Արտահերթ ելույթում ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը նկատել է, որ Հարկային օրենսգրքի նախագծով առաջարկվում են նոր համակարգային լուծումներ եւ մոտեցումներ:
ԱԺ փոխնախագահի դիտարկմամբ՝ առաջարկվող լուծումները նպաստելու են երկրի եւ տնտեսության առջեւ դրված խնդիրների լուծմանը: Տիկին Նաղդալյանն անհրաժեշտ է համարել կառավարության հետ միասին շարունակել քննարկումները՝ համատեղ գտնելու տնտեսության զարգացման համար լավագույն լուծումները:
Հարկային օրենսգրքի նախագծով առաջարկվող լուծումներն ու փոփոխությունները, ըստ ԱԺ փոխնախագահի, երկարաժամկետ են եւ նպատակ ունեն հարկային համակարգում ապահովելու կայունություն, կարգավորելու հարկային մարմինների կողմից իրականացվող ստուգումների ու ուսումնասիրությունների հետ կապված հարաբերությունները՝ կրճատելով հարկ վճարողների մոտ ստուգումների իրականացումը: Հարկային նոր օրենսգրքով, ըստ ԱԺ փոխնախագահի, պարզեցվում եւ ազատականացվում են հարկերի հաշվարկման, վճարման կարգը, հարկային մարմիններում հաշվետվությունների ներկայացման պարբերականությունը, վերանում է մեկ հարկատեսակի միջոցով նախատեսված հաշվի փոխարեն մեկ այլ հարկատեսակի համար նախատեսված հաշվին սխալ փոխանցումներ կատարելու եւ դրա հետեւանքով տույժերի ենթարկվելու հավանականությունը:
Տիկին Նաղդալյանը ներկայացրել է նաեւ որոշ մտահոգություններ. մասնավորապես՝ մաքսային սահմանից երկրի ներքին տարածք հարկային բեռի տեղափոխման, ներմուծողների համար շրջանառու միջոցների տնտեսման, տոկոսների հարկման, եկամտային հարկի կարգավորման եւ այլ խնդիրների վերաբերյալ:
Հարկային օրենսգրքի նախագծի վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել խորհրդարանական խմբակցությունները:
ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի գնահատմամբ՝ Հարկային նոր օրենսգրքի ընդունումը պետք է դիտարկել առաջիկա տարիների համար տնտեսական վիճակի կանխատեսման համատեքստում: Նա կարեւորել է ՓՄՁ-ների զարգացումը եւ այս շրջանակում իր մտահոգություններն արտահայտել նոր օրենսգրքով առաջարկվող շրջանառության հարկի շեմի իջեցման վերաբերյալ: Խմբակցության ղեկավարը գտնում է, որ պետք է քաղաքական կամք դրսեւորել եւ կրճատել ստվերը, տնտեսության զարգացման համար հավելյալ խթաններ ստեղծել, ոչ թե հարկային բեռը ծանրացնել: Հեղինե Բիշարյանը կարծիք է հայտնել, որ պետք է շրջանառությունից հանել օրենսգրքի նախագիծը եւ մշակել այնպես, որ հաշվի առնվեն տնտեսության զարգացման տեմպերը, ռիսկերը եւ հնարավորությունները: Տիկին Բիշարյանը նշել է, որ ՕԵԿ-ը դեմ է նախագծին:
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը կարծիք է հայտնել, որ նախագիծը խոր վերլուծություն եւ քննարկումներ է պահանջում, մինչդեռ անհրաժեշտ հանրային քննարկում չի կազմակերպվել եւ ՀՀ քաղաքական ուժերին առաջարկվող բարեփոխումը խորությամբ վերլուծելու հնարավորություն չի տրվել: Պարոն Զուրաբյանի գնահատմամբ՝ Հարկային օրենսգրքի ընդունման հարցում չպետք է շտապողականություն ցուցաբերել: Նա անդրադարձել է շահութահարկի, եկամտահարկի շեմերի սահմանման խնդիրներին, հարկեր-ՀՆԱ հարաբերակցությանը, գործարար միջավայրի զարգացման համար ստեղծված պայմաններին: Պարոն Զուրաբյանի համոզմամբ՝ մեր երկրի զարգացման առջեւ ծառացած խնդիրները միայն Հարկային օրենսգրքի փոփոխությամբ հնարավոր չէ լուծել, անհրաժեշտ է արմատական բարեփոխումների գործընթաց:
ԱԺ ԲՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրել է Միքայել Մելքումյանը: Նա խոսել է հարկման բազան ընդլայնելու եւ ստվերի դեմ պայքարի, մանրածախ եւ մեծածախ առեւտրի խնդիրների մասին: Պարոն Մելքումյանը տեսակետ է արտահայտել շահութաբերության եւ դրույքաչափերի փոփոխության վերաբերյալ եւ կարծիք հայտնել, որ Հարկային նոր օրենսգրքի հարցում պետք է ուսումնասիրել տնտեսության կառուցվածքային տեղաշարժերը: Պատգամավորն առաջարկներ է ներկայացրել որոշ հարկատեսակների փոփոխության հետ կապված: Նշվել է, որ ԲՀԿ-ն պատրաստ է համագործակցել եւ առաջիկայում բազմաթիվ առաջարկներ կներկայացնի աշխատանքային խմբին, իսկ խմբակցության քվեարկությունը պայմանավորված կլինի իրենց հարցադրումների նկատմամբ կառավարության դիրքորոշմամբ:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, անդրադառնալով այն մտահոգություններին, որ հանրային քննարկումների փուլ չի անցել նախագիծը, հիշեցրել է, որ օրենսգրքի նախագծի քննարկման նպատակով աշխատանքային խումբ է ստեղծվել, քննարկումներ են ծավալվել, ըստ ոլորտների կա ժամանակացույց, իսկ առաջիկայում նախատեսվում է լսումներ անցկացնել:
«Մեր նպատակն է մինչեւ 2018 թվականն ունենալ այնպիսի Հարկային օրենսգիրք, որը կլինի անխոցելի»,- նշել է խմբակցության ղեկավարը:
Նա տեղեկացրել է, որ կառավարության հետ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու պայմանավորվածություն կա, որից հետո մինչեւ աշուն փաստաթուղթը մանրակրկիտ քննարկվելու է՝ բոլոր առաջարկների հետ կապված ստանալով պատասխաններ: Պարոն Բաղդասարյանի համոզմամբ՝ Հարկային օրենսգրքի նախագծի ընդունումը կարեւոր ներդրում է տնտեսության ակտիվացման, գործարար միջավայրի հետագա բարելավման եւ օտարերկրյա ներդրումների ներգրավման գործում, ինչի արդյունքում հնարավոր կլինի ապահովել երկարաժամկետ եւ կայուն տնտեսական աճ: Խմբակցության ղեկավարը հավելել է նաեւ, որ Հարկային օրենսգիրքը կենտրոնացնում է հարկային հարաբերությունները կարգավորող բազմաթիվ իրավական ակտերը, ինչի արդյունքում կունենանք առավել համակարգված հարկային օրենսդրություն:
Խմբակցության ղեկավարն անդրադարձել է Հարկային նոր օրենսգրքով առաջարկվող մի շարք փոփոխությունների եւ առաջարկներ ներկայացրել: Նշելով, որ ՀՀԿ-ն կողմ է քվեարկելու նախագծին՝ պարոն Բաղդասարյանը հորդորել է գործընկերներին համագործակցել եւ համատեղ աշխատանքի արդյունքում նախագիծը բարելավել:
Եզրափակիչ ելույթներում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը եւ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վախթանգ Միրումյանն անդրադարձել են հնչած հարցադրումներին եւ առաջարկներին: Կառավարության ներկայացուցիչն առաջիկայում բոլոր խնդրահարույց հարցերի շուրջ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել:
Առաջին ընթերցումով ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը քննարկման է ներկայացրել «Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Առաջարկվող փոփոխություններով պարտապաններին հնարավորություն կընձեռվի առանց սնանկության հասնելու վերադառնալ բնականոն գործունեության՝ հակաճգնաժամային կառավարման օգնություն ստանալով կառավարչի կողմից: Պարտապանի ֆինանսական առողջացման համար ավելի լայն հնարավորություններ կտրվեն ու ավելի երկար ժամկետներ, ինչը զգալիորեն կարող է մեծացնել ինչպես պարտապանի ֆինանսական առողջացման եւ շուկա վերադառնալու, այնպես էլ պարտատերերի շահերի պաշտպանության մակարդակը: Արդյունքում շահելու է նաեւ սնանկության վարույթի արդյունավետությունը: Նշվել է, որ սնանկության կառավարիչների գործունեությունը կդառնա առավել արդյունավետ եւ վերահսկելի ինչպես պարտապանների, այնպես էլ պարտատերերի շահերի պաշտպանության տեսանկյունից: Կլուծվեն սնանկության կառավարիչների վարձատրության հետ կապված խնդիրները, իսկ ֆինանսական առողջացման համար սնանկության կառավարչի վարձատրության նոր կարգը կխրախուսի նրանց ավելի շատ հակվելու պարտապանի ֆինանսական առողջացմանը, քան լուծարմանը:
Խորհրդարանն այնուհետեւ քննարկել է Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ 2016 թվականի հունվարի 26-ին Երեւանում եւ 2016 թվականի հունվարի 29-ին Լյուքսեմբուրգում ստորագրված «Հայաստանի Մ6 միջպետական ճանապարհ» Ֆինանսական պայմանագիրը: Հիմնական զեկուցող, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը տեղեկացրել է, որ պայմանագրով նախատեսվում է ճանապարհի վերականգնման եւ արդիականացման աշխատանքներ կատարել Վանաձորի քաղաքային գոտում, Վանաձոր-Ալավերդի հատվածում, Ալավերդու քաղաքային գոտում եւ Ալավերդի-Վրաստան սահմանի հատվածում: Նշվել է, որ վերոնշյալ հատվածներն ունեն ոլորաններ, կտրուկ զառիթափներ, նեղ կամուրջներ եւ 3 թունելներ, որոնք անհրաժեշտ է արդիականացնել: Փաստաթղթով Եվրոպական ներդրումային բանկը կտրամադրի 51 մլն եվրո գումարի չափով վարկ: Նախատեսվում է լայնացնել եւ բարձրացնել նշված 3 թունելները, վերակառուցել 12 նեղ կամուրջները: Արթուր Առաքելյանը նշել է, որ շինարարական աշխատանքներն ընթանալու են մոտավորապես 2-2,5 տարի:
Պայմանագրի վերաբերյալ պատգամավորները հանդես են եկել հարցադրումներով, որոնք վերաբերել են շինարարության համար հայտարարված մրցույթին, տեղի բնակիչներին այդ աշխատանքներում ներգրավելու խնդրին, ճանապարհի փակման հնարավորությանը, ճանապարհաշինարարական աշխատանքներին եւ դրանց ֆինանսավորման ուղիներին, վարկերի վերադարձման հարցին եւ այլն:
Գլխադասային՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Կարեն Բեքարյանը, իսկ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ Սուքիաս Ավետիսյանը:
Փաստաթղթի վերաբերյալ ելույթ են ունեցել ԱԺ պատգամավորները:
Արամ Մանուկյանը, դեմ լինելով վարկային պայմանագրին, մտահոգություն է հայտնել արտաքին պարտքի ավելացման վերաբերյալ: Պատգամավորի կարծիքով՝ երկրում ներդրումների նվազման պարագայում ճիշտ չէ նոր վարկերի ներգրավումը:
Միքայել Մելքումյանը, դեմ չլինելով ենթակառուցվածքների կառուցման համար միջոցների ներգրավմանը, մտահոգություն է հայտնել դրանց ոչ թափանցիկ օգտագործման վերաբերյալ:
Խոսրով Հարությունյանը հրատապ եւ անհրաժեշտ է համարել վարկային համաձայնագրի վավերացումը: Ըստ պատգամավորի՝ փաստաթղթով կառուցվելիք ճանապարհն ունի ռազմավարական նշանակություն:
Հովհաննես Մարգարյանը մտահոգություն է հայտնել կառուցվող «Հյուսիս-հարավ» ճանապարհի որակի վերաբերյալ:
Եզրափակիչ ելույթում ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանն անդրադարձել է պատգամավորների հարցադրումներին եւ տվել պարզաբանումներ:
ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն առաջին ընթերցմամբ ներկայացրել է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը: Որպեսզի տեղական ինքնակառավարման մարմիններին բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական համակարգից տվյալներ տրամադրելու կարգը շարունակի գործել, առաջարկվում է օրենքում կատարել լրացում, համաձայն որի` մինչեւ 2019 թվականի հունվարի 1-ը պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ անձնական տվյալների փոխանցման կարգը հնարավոր կլինի իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Հարցի քննարկումը կշարունակվի հունիսի 15-ի ԱԺ նիստում: