Մայիսի 10-12-ը ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն Իտալիայի խորհրդարանում հանդիպումներ է ունեցել Սենատի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Նիկոլա Լատորեի, Պատգամավորների պալատի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Ֆրանչեսկո Գարոֆանիի եւ Իտալիայի խորհրդարանի Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ, սենատոր Էմիլիա դե Բիասիի հետ: Հանդիպումներին մասնակցել է Իտալիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Սարգիս Ղազարյանը:
Պաշտպանության հանձնաժողովների նախագահներ Նիկոլա Լատորեի եւ Ֆրանչեսկո Գարոֆանիի հետ քննարկվել են միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի, ՆԱՏՕ-ի առաջիկա վարշավյան գագաթաժողովի, միջպետական, ներառյալ խորհրդարանական համագործակցության եւ այլ հարցեր:
Կորյուն Նահապետյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադարձությունները եւ վերջին զարգացումները, ընդգծել Ադրբեջանի ռազմական ագրեսիային հասցեական գնահատական տալու, Լեռնային Ղարաբաղի ժողովրդին անվտանգության երաշխիքներ, ինչպես նաեւ հրադադարի խախտման դեպքերի միջազգային հետաքննության մեխանիզմներ ստեղծելու անհրաժեշտությունը: Կարեւորվել է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափով:
Երկուստեք բարձր է գնահատվել խաղաղապահության ոլորտում համագործակցությունը, հատկապես Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության ՅՈւՆԻՖԻԼ-ի կազմում հայ խաղաղապահների մասնակցությունը իտալական հրամանատարության ներքո:
Քննարկվել են նաեւ պաշտպանության եւ անվտանգության բնագավառներում խորհրդարանական վերահսկողության հարցերի շուրջ համագործակցության հեռանկարները:
Իտալիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Էմիլիա դե Բիասիի հետ հանդիպման ընթացքում կարեւորվել է բարեկամական խմբերի դերակատարումը Հայաստանի եւ Իտալիայի միջեւ քաղաքական երկխոսության զարգացման, մշակութային եւ տնտեսական նոր նախաձեռնությունների իրականացման տեսանկյունից: Կորյուն Նահապետյանը բարձր է գնահատել Իտալիայի խորհրդարանական բարեկամական խմբի` Հայոց ցեղասպանության ոգեկոչմանն ուղղված ակտիվ գործունեությունը: Նա ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Իտալիա բարեկամական խմբի գործողություններն ու միջոցառումները: Էմիլիա դե Բիասին ընդգծել է, որ Իտալիայի խորհրդարանականները մեծ կարեւորություն են տալիս Հայաստանի հետ համագործակցության հետագա խորացմանը:
Փոխադարձ պայմանավորվածություն է ձեռք բերվել բարեկամական խմբերի միջեւ համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարների վերաբերյալ: