National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
16.12.2015
Հանդիպում Ազգային ժողովում
1 / 3

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը եւ հանձնաժողովի անդամներ Կարինե Պողոսյանը, Կարինե Աճեմյանը, Ռուզաննա Մուրադյանը դեկտեմբերի 16-ին հանդիպել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետ Մանյա Քլեմենչիչի հետ, որին ուղեկցում էր ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը:

Ողջունելով հյուրին Ազգային ժողովում` Արտակ Դավթյանը կարեւորել է միջազգային փորձագետների հետ համագործակցությունը եւ նշել, որ ՀՀ կառավարության որոշմամբ՝ ՀՀ ԲՈՒՀ-երի մասնագիտությունները համապատասխանեցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգչին, ինչն առաջին քայլն է բարձրագույն կրթությամբ բարձրորակ մասնագետներ պատրաստելու ճանապարհին: Նա կարծիք է հայտնել, որ այդ նպատակին հասնելու համար խիստ օգտակար կարող է լինել միջազգային փորձագետների աջակցությունը:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Կարինե Պողոսյանը հույս է հայտնել, որ միջազգային փորձագետների հետ համագործակցությունը կնպաստի  կրթության զարգացման տասնամյա ծրագրի իրագործմանը: Նա կարեւորել է բոլոր այն դրույթները, որոնք դրվել են «Կրթության զարգացման 2016-2025թթ. պետական ծրագրի» հիմքում եւ կնպաստեն բարձրագույն ուսումնական հաստատությունների գործունեությանը:

Հանձնաժողովի անդամ Կարինե Աճեմյանը նշել է, որ Հայաստանում օրենսդրական դաշտը համապատասխանեցվում է եվրոպական չափանիշներին, սակայն դեռեւս կան խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն: Որպես առաջնային խնդիր` պատգամավորն առանձնացրել է ավագ դպրոցների կայացման հարցը: Նրա խոսքով` այդ խնդրի լուծումը կնպաստի բարձրագույն կրթության որակի բարելավմանը:

Պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը նշել է, որ կրթական համակարգում միջազգային փորձագետների ներգրավվածությունը փորձի փոխանակման տեսանկյունից շատ կարեւոր է: Նա կարեւորել է նաեւ պրակտիկան եւ նշել, որ այն բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների համար առաջնային նշանակություն ունի: Տիկին Մուրադյանի խոսքով՝ շատ կարեւոր է նաեւ պարզել, թե ինչ մասնագետներ են պետք, ինչ ծրագրով պետք է ուսուցումն իրականացնել, ինչպես կազմակերպել պրակտիկան եւ այլն:

Մանյա Քլեմենչիչը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: Նա տեղեկացրել է, որ ծանոթացել է «Կրթության մասին» ՀՀ օրենքին, ինչպես նաեւ «Կրթության զարգացման 2016-2025թթ. պետական ծրագրին»: Փորձագետը հույս է հայտնել, որ քննարկվող ծրագրով կկարգավորվեն կրթական բնագավառի թերի կողմերը: Նա սխալ է համարել կրթական որեւէ ծրագրի կրկնօրինակումը. արդյունավետ ծրագիր ունենալու համար անհրաժեշտ է ստեղծել տվյալ երկրին համապատասխան ծրագիր: Այդ համատեքստում, սակայն, փորձագետը նշել է, որ կան խնդիրներ, որոնք բնորոշ են մի շարք երկրների:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ կրթության ոլորտին առնչվող այլ հարցեր:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am