National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
23.10.2015
Հանդիպում-քննարկում Ազգային ժողովում
1 / 7

Հոկտեմբերի 23-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել «Հայաստան-Իտալիա հարաբերություններ. իտալերենի շաբաթվա եւ իտալերենի ուսուցման դերը Հայաստանում» խորագրով հանդիպում-քննարկում, որը կազմակերպել են ՀՀ ԱԺ Հայաստան-Իտալիա բարեկամական խումբը եւ ՀՀ-ում Իտալիայի դեսպանությունը: Միջոցառումն անցկացվել է իտալերենի միջազգային շաբաթվա շրջանակում, որն այս տարի կրում է «Երաժշտության իտալերենը եւ իտալերենի երաժշտությունը» խորագիրը: Հանդիպում-քննարկմանը մասնակցել են ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, ՀՀ-ում Իտալիայի եւ Շվեյցարիայի դեսպանները, ինչպես նաեւ ԵՊՀ-ի, ԵՊԼՀ-ի, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի եւ Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ եւ ուսանողներ:

Հայաստան-Իտալիա բարեկամական խմբի ղեկավար Կորյուն Նահապետյանը բարեկամական խմբի անունից շնորհավորել է ներկաներին իտալերենի 15-րդ միջազգային շաբաթվա կապակցությամբ: Կարեւորելով հայ եւ իտալացի հնագույն ժողովուրդների պատմական կապերն ու համագործակցության հարուստ անցյալը՝ պարոն Նահապետյանը փաստել է, որ վերջին տարիներին Հայաստան-Իտալիա հարաբերությունները զգալիորեն աշխուժացել են եւ նշել, որ Իտալիայի իշխանությունների եւ իտալացի ժողովրդի բարեհաճ վերաբերմունքի շնորհիվ հայերը դարեր շարունակ կարողացել են ապրել եւ արարել Իտալիայում՝ պահպանելով սեփական մշակույթն ու ազգային ինքնությունը: Բարեկամական խմբի ղեկավարի խոսքով՝ երկկողմ հարաբերություններն այսօր զարգանում են միջպետական մակարդակով եւ դրանց ակտիվացմանը խթանում են բարձրաստիճան այցերը: Այս համատեքստում պարոն Նահապետյանը կարեւորել է Հայաստանի եւ Իտալիայի միջխորհրդարանական համագործակցության զարգացումը՝ նշելով, որ երկու երկրների խորհրդարաններում էլ վաղուց ի վեր գործում են բարեկամական խմբեր: Խորհրդարանական համագործակցության շրջանակում նա կարեւորել է խորհրդարանական դիվանագիտությունը, որի արժեքավոր դրսեւորումներից է 2000 թ.-ին Իտալիայի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության միաձայն ճանաչումը եւ դրան հաջորդող մի շարք միջոցառումներ, որոնց նպատակը Հայոց ցեղասպանության դատապարտումն է եղել:

Կորյուն Նահապետյանն ընդգծել է, որ իր գլխավորած բարեկամական խումբը համագործակցում է Իտալիայի դեսպանության հետ եւ պատրաստակամ է խորհրդարանական աջակցություն ցուցաբերել յուրաքանչյուր նախաձեռնության, որը կնպաստի Հայաստանի եւ Իտալիայի միջեւ օրեցօր աճող փոխգործակցությանը, որն այսօր զարգանում է հատկապես առեւտրատնտեսական, մշակույթի, կրթության, գիտության, տեղական ինքնակառավարման, պաշտպանության, զբոսաշրջության եւ առողջապահության ոլորտներում: Այսօր Իտալիան եվրոպական երկրների շարքում Հայաստանի երկրորդ առեւտրային գործընկերն է: Գիտակրթական կապերի զարգացման շրջանակում անդրադառնալով միջոցառմանը՝ պարոն Նահապետյանը բարձր է գնահատել Հայաստանում իտալերենի ուսուցումը կազմակերպող բարձրագույն ուսումնական հաստատությունների կատարած աշխատանքը՝ փաստելով, որ դրանց ջանքերի շնորհիվ Հայաստանում ձեւավորվել է իտալախոս ակադեմիական եւ ուսանողական համայնք:

Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլին ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել միջոցառման համար՝ նշելով, որ այն եւս մեկ անգամ ընդգծում է Հայաստան-Իտալիա փոխհարաբերությունների եւ իտալերենի դասավանդման կարեւորությունը: Դեսպանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանը մշակութային հարուստ ժառանգություն եւ եվրոպական արժեքներ կրող երկիր է: Նա հավելել է, որ այդ արժեքները գնահատվում եւ ընդունվում են Իտալիայում:

Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Գասսերն իր հերթին կարեւորել է հանդիպումը եւ անդրադարձել Շվեյցարիայում իտալախոս համայնքի գործունեությանը, երկրի հասարակական-քաղաքական կյանքում ունեցած մեծ դերակատարությանը: Այս համատեքստում պարոն Գասսերն անդրադարձել է նաեւ Շվեյցարիայում հայ համայնքի գործունեությանը:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը կարեւորել է հայ-իտալական դարավոր բարեկամությունը եւ համագործակցությունը՝ նշելով, որ երկու երկրները պատմական եւ մշակութային ընդհանրություններ ունեն, որոնք հնարավորություն են տալիս ընդլայնելու համագործակցությունը տարբեր ոլորտներում: Տիկին Հարությունյանն անդրադարձել է կրթության եւ գիտության ոլորտներում երկու երկրների միջեւ ծավալված համագործակցությանը: Այդ շրջանակում նա նշել է, որ բազմաթիվ հայ ուսանողներ իրենց ուսումնառությունն են ստանում Իտալիայի տարբեր համալսարաններում, երկու երկրների բուհերի միջեւ իրականացվում են համագործակցության ծրագրեր:

ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանի գնահատմամբ՝ այս նախաձեռնությունը հնարավորություն է ընձեռում ոչ միայն խոսելու բարեկամ երկու երկրների հարաբերությունների խորացման մասին, այլեւ նպաստում է գործնական կապերի ամրապնդմանը: Նա նշել է, որ մշակույթի գրեթե բոլոր բնագավառներում զարգանում է հայ-իտալական համագործակցությունը: Անդրադառնալով մշակութային կապերին՝ պարոն Տեր-Վարդանյանը նշել է, որ հայ- իտալական մշակութային առնչությունների մասին հիշատակումներ կան դեռեւս վաղ միջնադարից: ՀՀ մշակույթի փոխնախարարը մանրամասն ներկայացրել է մշակույթի ոլորտում իրականացվող ծրագրերը, համագործակցության մակարդակը:

Այնուհետեւ բուհերի ռեկտորների եւ դասախոսների մասնակցությամբ ծավալվել է քննարկում: Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը, Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը, Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի պրոռեկտոր Բելլա Մարգարյանը, բուհերի դասախոսներն ու ուսանողները ներկայացրել են բուհերում իտալերենի դասավանդման մեթոդիկան, երկու երկրների բուհերի միջեւ համագործակցության շրջանակը, իտալերենի դասավանդման ձեռքբերումները եւ խնդիրները, ուսանողների կատարելագործմանն ուղղված ծրագրերը: Բարձրացվել է իտալերենի դասավանդման շարունակականության ապահովման հարցը, մասնավորապես իտալերենի խորացված ուսուցմամբ դպրոց բացելու անհրաժեշտությունը:

Իրենց ելույթներում Հայաստան-Շվեյցարիա բարեկամական խմբի ղեկավար Արա Բաբլոյանը եւ Հայաստան-Իտալիա բարեկամական խմբի անդամներ Շուշան Պետրոսյանն ու Ռուզաննա Մուրադյանը կարեւորել են նման հանդիպումների կազմակերպումը եւ առաջարկներ հնչեցրել մշակույթի, կրթության եւ առողջապահության ոլորտներում երկկողմ ծրագրեր իրականացնելու առնչությամբ:

Հանդիպման ավարտին Կորյուն Նահապետյանը իտալերենի ուսումնառության ընթացքում ցուցաբերած բարձր առաջադիմության եւ հայ-իտալական մշակութային ծրագրերին ակտիվ մասնակցության համար Հայաստան-Իտալիա բարեկամական խմբի շնորհակալագրով  պարգեւատրել է Երեւանի պետական համալսարանի, Երեւանի Վալերի Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի եւ Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողներին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am