National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
23.10.2015
Տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ
1 / 5

Աժ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 23-ին Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում կազմակերպել էր խորհրդարանական լսումներ՝ «Թանգարանների եւ ՀՀ թանգարանային ֆոնդի մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի վերաբերյալ:

Լսումներին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ԼՂՀ խորհրդարանի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վարդգես Ուլուբաբյանը, հանրապետության տարբեր մարզերի, համայնքների թանգարանների տնօրեններ եւ ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչներ:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը տեղեկացրել է, որ լսումների նպատակը թանգարանային ոլորտում իրավական դաշտի կարգավորումն է: Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ, ուստի այդ համատեքստում պետք է ունենալ այնպիսի օրենք, որը կկարգավորի թանգարանների գործունեությունն ու թանգարանային ֆոնդը:

Հիմնական զեկուցող, ՀՀ մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը մինչ օրենքի նախագծին անդրադառնալը, մանրամասն ներկայացրել է թանգարանների ոլորտում իրականացվող քաղաքականությունն ու իրավիճակը: Փոխնախարարի խոսքով՝ այսօր Հայաստանում գոյություն ունի 123 թանգարան, որոնցից 54-ը՝ Երեւանում:

Արեւ Սամուելյանի խոսքով՝ թանգարանների ոլորտում պետական քաղաքականության հիմնական ուղղություններից է առկա մշակութային արժեքների եւ հավաքածուների համալրումը, հաշվառումը, գիտական ուսումնասիրությունը, հանրահռչակումը, պահպանությունը, պաշտպանությունը, կադրերի վերապատրաստումը, նոր ցուցադրությունների կազմակերպումը, ցուցադրական եւ ֆոնդային տարածքների ընդլայնումը, նոր ցուցադրական տարածքների ընդգրկումը:

Փոխնախարարը տեղեկացրել է, որ մշակութային ժառանգության պահպանության կարեւոր երաշխիքներից է մշակութային արժեքների ձեռքբերումն ու թանգարանային ֆոնդերի համալրումը, ինչն իրականացվում է տարբեր եղանակներով՝ գնման, նվիրաբերման, հնագիտական պեղումներից գտնված գտածոների հանձնմամբ:

Արեւ Սամուելյանի դիտարկմամբ՝ ոլորտի գերխնդիրներից է ցուցադրական եւ ֆոնդային տարածքների ընդլայնումը: 2015 թվականին ֆոնդերը համալրվել են 11 հազար 322 թանգարանային առարկաներով:

Փոխնախարարը նշել է, որ նախագծով կարգավորվում են թանգարանների ստեղծման, գործունեության դադարեցման, Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի ձեւավորման, համալրման, հաշվառման եւ պահպանության հետ կապված հարաբերությունները: Նախագծի ընդունման եւ դրա կիրառման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում: Օրենքի նախագծով սահմանում են թանգարանի տեսակներն ու գործառույթները, ՀՀ թանգարանային ֆոնդի ձեւավորման, համալրման, անվտանգության իրավական հիմքերը:
Փոխնախարարը մանրամասն անդրադարձել է օրենքի նախագծի հոդվածներին, մասնավորապես հասկացություններին, որոնք, ըստ նրա, կարգավորման համար կարեւոր նշանակություն ունեն:

Նա նաեւ տեղեկացրել է, որ օրենքի նախագծի նպատակներից է նաեւ բնության նյութական եւ ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանումը եւ փոխանցումը սերունդներին, գիտականորեն հաշվառված թանգարանային առարկաների եւ հավաքածուների ձեւավորումը, ազգային արժեհամակարգին եւ քաղաքացիական հասարակարգի ձեւավորմանը նպաստելը :

Արեւ Սամուելյանը մանրամասն անդրադարձել է հատկապես թանգարանների հավատարմագրման գործընթացին, որը, ըստ նրա, առաջացրել է բուռն քննարկումներ:

Օրենքի նախագծով նախատեսվում է, որ համայնքային եւ ոչ պետական գործող, ինչպես նաեւ նոր ստեղծվող թանգարանները, ըստ ցանկության, ենթակա են հավատարմագրման, իսկ պետական թանգարանները ենթակա չեն հավատարմագրման: Թանգարանը հավատարմագրվում է լիազորված պետական մարմնի կողմից կառավարության սահմանած կարգով՝ ստանալով վկայական եւ օգտվելով պետական աջակցությունից:

Օրենքի նախագծի վերաբերյալ հիմնական զեկուցողներին ուղղվել են հարցեր, որոնք վերաբերել են թանգարանների հավատարմագրման կարգին, համայնքային գրադարանների խնդիրներին, թանգարանային շինությունների օտարմանը, թանգարանային նմուշների ապահովագրությանը, ՀՀ թանգարանային ֆոնդի եւ ազգային թանգարանային ֆոնդի խնդիրներին:

Սարդարապատի Հայոց ազգագրության եւ ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանը, Շիրակի երկրագիտական թանգարանի տնօրեն Համազասպ Խաչատրյանը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոս Նորա Դայանը ներկայացրել են առաջարկներ, իրենց ելույթներում անդրադարձել են օրենքի նախագծում առկա որոշ թերությունների:

Ամփոփիչ ելույթում մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը շնորհակալություն է հայտնել քննարկման եւ ներկայացված առաջարկների համար:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am