Հուլիսի 17-ին ԱԺ Հայաստան-Կորեա բարեկամական խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանը, Ալեքսանդր Արզումանյանը եւ Սուքիաս Ավետիսյանը հանդիպել են Կորեայի Հանրապետության Կորեա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Նո Յուն Մինի եւ խմբի անդամների հետ:
Հայաստան-Կորեա բարեկամական խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանը, ողջունելով հյուրերին խորհրդարանում, կարեւորել է հայ-կորեական միջխորհրդարանական կապերի զարգացումը: Նա նշել է, որ Հայաստանը շահագրգիռ է երկու երկրների տնտեսական, մշակութային, քաղաքական կապերը խորացնելու հարցում:
Սամվել Ֆարմանյանն իր երախտագիտությունն է հայտնել Կորեայի Հանրապետությանը Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեցող խնդիրներին հավասարակշիռ մոտեցում ցուցաբերելու համար: Նա շնորհակալություն է հայտնել նաեւ Նո Յուն Մինին՝ իր հեղինակած գրքում Հայող ցեղասպանությանն անդրադառնալու համար: Խոսելով ԼՂ հիմնախնդրի մասին՝ Սամվել Ֆարմանյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից խաղաղ բանակցային գործընթացը ձախողելու շարունակական փորձերին:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին՝ Հայաստան-Կորեա բարեկամական խմբի ղեկավարը նշել է, որ ցեղասպանություն վերապրած մեր ժողովրդին կրկնակի ցավ է պատճառում Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը:
Հայաստան-Կորեա բարեկամական խմբի անդամ Ալեքսանդր Արզումանյանը, կարեւորելով հայ-կորեական հարաբերությունների խորացումը, նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմամբ եւ բարձր է գնահատում այդ ոլորտում Կորեայի ունեցած մեծ փորձը:
Նո Յուն Մինն իր խոսքում նշել է, որ Հայաստան այցելում է երկրորդ անգամ եւ կարծում է, որ կորեացի ու հայ ժողովուրդները պատմական շատ ընդհանություններ ունեն: Նա նշել է, որ կորեացիներին հասկանալի է հայ ժողովրդի ողբերգությունը, որին անդրադարձել է իր «Ժամանակակից ողբերգություններ» գրքի առաջին մասում: Կորեա-Հայաստան խմբի ղեկավարը փաստել է, որ արդեն երկու տարի Կորեայում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցադրություններ են կազմակերպվում, որոնց ներկա են լինում Կորեայի Հանրապետության խորհրդարանի պատգամավորներ եւ Կորեայում Հայաստանի Հանրապետության դեսպանը:
Հանդիպման ավարտին Նո Յուն Մինը Սամվել ֆարմանյանին է նվիրել իր հեղինակած «Ժամանակակաից ողբերգություններ» գիրքը:
Այնուհետեւ բարեկամական խմբերի ղեկավարները հանդիպել են լրագրողների հետ եւ ներկայացրել հանդիպման ընթացքում քննարկված հարցերը: