National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
21.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
10.06.2015
Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 10

Հունիսի 10-ին Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը՝ երկրորդ ընթերցմամբ ընդունելով «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որի հեղինակներն են պատգամավորներ Արծվիկ Մինասյանը, Միքայել Մանուկյանը, Արմեն Ռուստամյանը, Թեւան Պողոսյանը, Աղվան Վարդանյանը եւ Արմեն Բաբայանը:

Պատգամավորները շարունակել են քննարկել «ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը:

Արտահերթ ելույթ է ունեցել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Ըստ ԱԺ նախագահի՝ պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումը լավ հնարավորություն է հաշվետու տարվա ընթացքում կատարված աշխատանքներն ամփոփելու եւ օբյեկտիվ գնահատական ձեւավորելու համար: Ուստի պատահական չէ, որ նման հաշվետվությունների քննարկումն ընթանում է բավական ակտիվ: Ըստ խորհրդարանի նախագահի՝ շատ ավելի կարեւոր է արձանագրել այն միտումներն ու օրինաչափությունները, որոնք ձեւավորվել են 2014 թվականին եւ կարող են իրենց ազդեցությունն ունենալ ընթացիկ տարվա պետական բյուջեի կատարման վրա: Գալուստ Սահակյանի խոսքով՝ հաշվետու տարին բավական առանձնահատուկ էր եւ էականորեն տարբերվում էր նախորդ տարիներից մի շարք հանգամանքներով: Դրանք են՝ ԵՏՄ-ին անդամակցության նախապատրաստումը՝ ներառյալ օրենսդրական դաշտի համապատասխանեցումը, տարվա կեսից պետական հատվածի աշխատողների աշխատավարձերի եւ կենսաթոշակների շոշափելի բարձրացումը, սոցիալական մի շարք ծրագրերի իրականացումը, միջազգային հարաբերություններում լարվածության մեծացումը եւ Հայաստանի ռազմավարական ու առեւտրատնտեսական գործընկեր երկրի՝ Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների կիրառման արդյունքում դեպի Հայաստան մասնավոր տրանսֆերների հոսքի կրճատումը, Հայաստանի սահմանամերձ տարածաշրջաններում եւ Արցախում ադրբեջանական ուժերի կողմից իրականացվող սադրանքների ակտիվացումը, հաշվետու տարվա վերջում ազգային արժույթի՝ արտաքին գործոններով պայմանավորված կտրուկ արժեզրկման հետեւանքով բնակչության մի ստվար զանգվածի գնողունակության մակարդակի անկումը եւ այլն: Խորհրդարանի նախագահը նշել է, որ նման պայմաններում կառավարությունից շատ ավելի մեծ ջանքեր են պահանջվել պետական բյուջեի կատարման համար, որը ոչ միայն կատարվել է, այլեւ զգալի նախադրյալներ են ստեղծվել ընթացիկ տարում առաջընթաց ապահովելու եւ ձեւավորված բացասական միտումները մեղմելու համար:

Ամփոփելով ելույթը՝ Գալուստ Սահակյանն ընդգծել է, որ հաջողվել է դիմագրավել երկրի առջեւ ծառացած մարտահրավերներին եւ ապահովել բավարար երաշխիքներ՝ առկա խնդիրների լուծման համար: Նա գործընկերներին հորդորել է հաստատել «ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի կատարման մասին» հաշվետվությունը եւ աջակցել կառավարությանը ծրագրերի իրականացման հարցում:

Ելույթ է ունեցել նաեւ ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: Անդրադառնալով մի խումբ պատգամավորների քննադատական ելույթներին՝ նա մտացածին է համարել այն տեսակետները, թե հաշվետու տարում աղքատությունն ավելացել է, իսկ տնտեսության միտումները բացասական են: Նա հիշեցրել է, որ հաշվետու տարում թե՛ մասնավոր, թե՛ պետական հատվածներում բարձրացել են աշխատավարձերը, ուստի պետք է նշել, որ աշխատավարձերի աճը երկու անգամ գերազանցում է գնաճը: Ըստ փոխվարչապետի՝ այս պարագայում տեղին չէ խոսել համատարած աղքատացումից: Վաչե Գաբրիելյանը չի բացառել խնդիրների առկայությունը եւ նշել է, որ դրանց լուծման համար կառավարությունը հետեւողական քայլեր է իրականացնում. մասնավորապես այսօր՝ կառավարության հերթական նիստում, որոշում է կայացվել բարձրացնել զինվորական կենսաթոշակի հիմնական չափը: Նա տեղեկացրել է, որ այս գործընթացը լինելու է շարունակական:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը հաշվետվության վերաբերյալ ներկայացրել է Թեւան Պողոսյանը:

«ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության վերաբերյալ իրենց դիրքորոշումներն են ներկայացրել խորհրդարանական խմբակցությունները:

«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը տեղեկացրել է, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու տարեկան հաշվետվությանը մի քանի պատճառներով: Խմբացության ղեկավարը համեմատել է բյուջեի կատարողականում տնտեսական աճի, գնաճի, գործազրկության, տարադրամի փոխարժեքների տատանումների վերաբերյալ արձանագրված թվերը ոչ պաշտոնական թվերի հետ եւ նկատել, որ բյուջեի կատարողականում ներկայացվածները չեն համապատասխանում իրականությանը: Ըստ նրա՝ նախորդ տարում աճել են գործազրկությունն ու արտագաղթը, իսկ տարադրամի տատանումներից տուժել են հիփոթեքային վարկ վերցրած երիտասարդ ընտանիքներ, որոնց աջակցելու համար կառավարությունը քայլեր չի ձեռնարկել:

ՀՅԴ խմբակցության տեսակետը ներկայացրել է Արծվիկ Մինասյանը, ով տեղեկացրել է, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու «ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությանը: Նա քննադատել է կառավարության ծրագրային քաղաքականությունը, մասնավորապես խոսել գործազրկության նպաստների վերացման եւ նոր աշխատատեղերի ստեղծման վերաբերյալ: Ըստ նրա՝ կառավարությունը խոստացած աշխատատեղերը չի ստեղծել:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ներկայացրել է խմբակցության բացասական դիրքորոշումը պետական բյուջեի տարեկան հաշվետվության վերաբերյալ: Նա խոսել է տնտեսության անկման, ներդրումներ-ՀՆԱ հարաբերակցության վերաբերյալ, տնտեսության զարգացումը համարել պետության անվտանգության հիմնասյուն: Հիմնավորելով խմբակցության դիրքորոշումը՝ նա ընդգծել է արտաքին ներդրումների նվազումը, պետական պարտքի աճը եւ այլն:

ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանն ասել է, որ խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու: Ստեփան Մարգարյանը հիշեցրել է, որ խմբակցությունը ժամանակին դեմ է քվեարկել բյուջեի այս նախագծին՝ դրանում չտեսնելով երկրի զարգացման հնարավորություններ: Ըստ նրա՝ բյուջեի իրականացման արդյունքում քաղաքացիների կենսամակարդակում էական փոփոխություններ չեն արձանագրվել, չեն նվազել գործազրկության եւ աղքատության ծավալները:

ՀՀկ խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նա նշել է, որ 2014 թվականին կանխատեսված ցուցանիշներից եղել են որոշ շեղումներ: Ըստ այդմ՝ 2014 թվականին կանխատեսված 5.2 տոկոս տնտեսական աճի փոխարեն ապահովվել է 3.4 տոկոս, որը պայմանավորված է եղել արտաքին աճի տեմպի դանդաղմամբ, փոխարժեքի արժեզրկմամբ, Ռուսաստանից փոխանցվող դրամական միջոցների կրճատման արդյունքում եկամուտների աճի դանդաղման ազդեցությամբ: Նա կարեւոր ձեռքբերում է համարել կուտակային կենսաթոշակների, ժամանակավոր անաշխատունակության նպաստների, զբաղվածության նոր մոդելի վերաբերյալ հանրային կարծիքը հաշվի առնելու եւ քննարկումների արդյունքում համապատասխան լուծումներ գտնելը: ՀՀԿ-ն կողմ է քվեարկելու պետական բյուջեի կատարման նախագծին:

Ամփոփելով հաշվետվության քննարկումը՝ ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը նշել է, որ 2014 թվականին տնտեսության բոլոր բացասական միտումները պայմանավորված են եղել ինչպես արտաքին, այնպես էլ ներքին գործոններով: Գագիկ Խաչատրյանը հաշվետու տարում կարեւոր ձեռքբերում է համարել Համաշխարհային բանկի գնահատմամբ՝ գործարար միջավայրի բարելավման ցուցանիշի աճը: Հայաստանը բարելավվել է նաեւ հարկային վարչարարությունը, որը նախարարի խոսքով, տնտեսության աշխուժացման կարեւոր մաս է: Պետական պարտքը, ըստ Գագիկ Խաչատրյանի, կառավարելի մակարդակում է:

Պատգամավորները այնուհետեւ երկրորդ ընթերցմամբ քննարկել են «Զորամասերի եւ զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» եւ «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող Էդմոն Մարուքյանը պատգամավորների քննարկմանն է ներկայացրել իր եւ Արփինե Հովհաննիսյանի հեղինակած «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, ըստ որի` հայրենիքը պաշտպանելիս վնասվածք ստացած քաղաքացու առողջությունը լիարժեք վերականգնելու խնդիրը ամբողջապես պետք է հոգա պետությունը: Օրենքի ընդունման դեպքում իրավական հիմք եւ ընթացակարգ կսահմանվի զինծառայողների կողմից զինվորական ծառայության ընթացքում ստացված վնասվածքների բուժումը նաեւ արտասահմանում իրականացնելու նպատակով:

Հարցի քննարկումը կշարունակվի ԱԺ հունիսի 11-ի նիստում:

Վերջին նիստում ԱԺ կանոնակարգի համաձայն ՀՀ կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am