Ապրիլի 9-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշարձանի բացման արարողությունը, որին մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ պատգամավորներ, աշխատակազմի ներկայացուցիչներ:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն իր խոսքում նշել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ բացվող հուշարձան-ցայտաղբյուրի ծնունդը մեր պատմության ամենաողբերգական էջի յուրատեսակ ընդհանրացումն է:
ԱԺ նախագահի խոսքով՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը որոշակի սահման է՝ հանցագործության եւ մարդասիրության միջեւ, անցյալի եւ ապագայի միջեւ, պատմության եւ հիշողության միջեւ:
Գալուստ Սահակյանը փաստել է, որ Ազգային ժողովի բակում տեղադրված հուշարձանը ապագային ուղղված ուղերձ է, Ցեղասպանությունը վերապրած ու լավատեսությունը չկորցրած ժողովրդի ուղերձը:
Հուշարձանի բացումից հետո Ազգային ժողովի նախագահը եւ պատգամավորները 100 խորհդանշական ծառ են տնկել խորհրդարանի այգում՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի:
Խոսելով Ազգային ժողովի այգում տնկվող խորհրդանշական հարյուր ծառի մասին՝ Ազգային ժողովի նախագահն այդ ծառերը համարել է հաղթանակներ կերտելու շարունակական ավանդույթին հավատարիմ մնալու հաստատուն վկայություն: