National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
08.12.2014
Գալուստ Սահակյանն ընդունել է Ուրուգվայի Սենատի նախագահին
1 / 7

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 8-ին ընդունել է Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիի գլխավորած պատվիրակությանը: Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրերին խորհրդարանում, Դանիլո Աստորիին շնորհավորել է վերընտրվելու կապակցությամբ եւ մաղթել արգասաբեր աշխատանքային գործունեություն:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ այսօր Հայաստանը եւ Ուրուգվայն ունեն փոխադարձ հարգանքի, վստահության եւ պատմական բարեկամության վրա հիմնված հարաբերություններ: Գալուստ Սահակյանը կարեւորել է ՀՀ Նախագահի այցը Ուրուգվայ, որի ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ, ինչպես նաեւ ստեղծվել են նոր հեռանկարներ երկու երկրների հետագա համագործակցության համար: Անդրադառնալով միջխորհրդարանական հարաբերությունների ամրապնդմանը՝ խորհդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ պարոն Աստորիի այցը նույնպես կնպաստի այդ հարաբերությունների խորացմանը: Խոր ակնածանքով հիշելով 1965 թվականին Ուրուգվայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը՝ Գալուստ Սահակյանը բարձր է գնահատել Մոնտեվիդեոյում Ցեղասպանության թանգարան հիմնելու որոշումը: Խոսելով Ուրուգվայի հայ համայնքի մասին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ այն այսօր սփյուռքի բարգավաճող եւ կայացած համայնքներից մեկն է, որը ներկայացված է նաեւ Ուրուգվայի պետական կառավարման համակարգում:
Գալուստ Սահակյանն անդրադարձել է նաեւ այսօրվա մեր քաղաքական գերխնդիրներից մեկին՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին շուտափույթ եւ խաղաղ ճանապարհով լուծում տալուն: Նա հույս է հայտնել, որ Հայաստանը կարող է ակնկալել Ուրուգվայի աջակցությունը Ադրբեջանի կողմից իրականացվող հակահայկական լայնածավալ գործունեությանը հակազդելու հարցում: ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է հայ-ուրուգվայական համագործակցության բարձր մակարդակը միջազգային կազմակերպություններում եւ Ուրուգվայի հավասարակշռված մոտեցումը ՄԱԿ-ում Հայաստանին ուղղակիորեն առնչվող բանաձեւերի քվեարկության ժամանակ:

Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, հույս է հայտնել, որ այս այցը լավ առիթ է հարաբերությունները խորացնելու համար: Դանիլո Աստորիի խոսքով՝ Ուրուգվայն ունի նորընտիր կառավարություն, որը նունպես ձգտում է զարգացնել եւ ամրապնդել հարաբերությունները Հայաստանի հետ: Նա նշել է, որ երկու բարեկամ երկրներն ունեն շատ ընդհանրություններ՝ իրենց պատմության, ավանդույթների, մշակույթի վրա հիմնված: Պարոն Աստորին կարեւորել է Ուրուգվայում հայկական մեծ համայնքի առկայությունը եւ ազգանպաստ գործունեությունը: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության վերաբերյալ Ուրուգվայի մոտեցմանը՝ նա նշել է, որ ցեղասպանության զոհերի հիշատակը միշտ վառ կպահվի իրենց երկրում, քանի որ պիտի ամեն ինչ անել կրկնությունը թույլ չտալու համար:
Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին՝ Դանիլո Աստորին նշել է, որ Ուրուգվայը մշտապես աջակցելու է ԵԱՀԿ Մինսկի խմբին, որպեսզի հիմնախնդրին խաղաղ լուծում տրվի: Նա կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության, բարեկամական խմբերի դերը երկու երկրների հարաբերությունների զարգացման եւ խորացման գործում: Այնուհետեւ Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության փոխնախագահը ԱԺ նախագահի կողմից պարգեւատրվել է Ազգային ժողովի Պատվո մեդալով:
Հանդիպման ավարտին Դանիլո Աստորին գրառում է կատարել Ազգային ժողովի Պատվավոր հյուրերի գրքում՝ մաղթելով հայ ժողովրդին շարունակել պայքարը հանուն խաղաղության եւ արդարության, որպեսզի չկրկնվի պատմությունը:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am