National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.11.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
17.11.2014
Նոյեմբերի 17-ին գումարվել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ
1 / 12

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, նոյեմբերի 17-ին գումարվել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ:

ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ, ԱԺ արտահերթ նիստի երկրորդ օրվանից՝ յուրաքանչյուր օր, կգումարվի մեկուկես ժամ տեւողությամբ չորս նիստ: Յուրաքանչյուր ընդմիջման տեւողությունը՝ կես ժամ: Նիստերի սկիզբը՝ ժամը 11.00-ին:

Այնուհետեւ քվեարկությամբ երկրորդ ընթերցմամբ ընդունվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ տարածքային կառավարման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վաչե Տերտերյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ռազմական առումով առավել վտանգավոր՝ նախնական տվյալներով 31 սահմանամերձ համայնքներում իրականացնել կոմունալ ծախսերի փոխհատուցում:

Մասնավորապես, Վաչե Տերտերյանը տեղեկացրել է, որ օրենքի նախագծով որոշակի աջակցություն կտրամադրվի նախատեսված սահմանամերձ համայքների բնակիչներին: Նա նշել է, որ սահմանամերձ համայնքի ռեգիստրում հաշվառված եւ սահմանամերձ համայնքում մշտապես բնակվող անձանց սպառած գազի, էլեկտրական էներգիայի եւ ոռոգման ջրի վարձավճարները մասամբ կփոխհատուցվեն ՀՀ պետական բյուջեի միջոցներից:

Օրենքի նախագծի համաձայն՝ սահմանամերձ համայնքի բնակչության ռեգիստրում հաշվառված եւ սահմանամերձ համայնքում մշտապես բնակվող՝ բնական գազի օգտագործման բաժանորդ չհանդիսացող անձանց, ինչպես նաեւ մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող եւ հակառակորդի կողմից գնդակոծման ենթարկվող գյուղատնտեսական եւ այգեգործական հողամասերի համար վճարման ենթակա հողի հարկի եւ գույքահարկի տարեկան գումարները եւս վճարվելու են պետական բյուջեի միջոցներից:

Սահմանամերձ համայնքների բնակիչները կստանան նաեւ այլ աջակցություններ, որոնք, ըստ Վաչե Տերտերյանի, սոցիալական բնույթի են, մասնավորապես, ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետեւանքով օթեւանից զրկված բնակիչներին ՀՀ կառավարությունը պետական բյուջեի միջոցների հաշվին մեկամսյա ժամկետում կաապահովի օթեւանով նույն համայնքի տարածքում: Այդ գործողությունների հետեւանքով վիրավորված քաղաքացիների բժշկական օգնությունն ու սպասարկումը եւս կիրականացվի պետպատվերով: Իսկ ահա սահմանամերձ շրջաններում ականի պայթյունից զոհվածների ընտանիքների անդամներին պետական բյուջեի միջոցներից կտրամադրվի միանվագ օգնություն՝ հուղարկավորության եւ գերեզմանների բարեկարգման ծախսերը հոգալու նպատակով:

Վաչե Տերտերյանը տեղեկացրել է, որ օրենքի նախագիծն ուժի մեջ կմտնի 2015 թվականի հունվարի 1-ից եւ կգործի մինչեւ 2018 թվականի հունվարի 1-ը:

Նա պատասխանել է պատգամավորների բազմաթիվ հարցերին:

Քննարկվող հարցի վերաբերյալ ելույթ են ունեցել ԱԺ պատգամավորներ Հեղինե Բիշարյանը, Խոսրով Հարությունյանը, Արմեն Ռուստամյանը, Միքայել Մելքումյանը, Արծվիկ Մինասյանը եւ Գագիկ Ջհանգիրյանը: Նրանք կարեւորել են օրինագծի ընդունումը եւ ներկայացրել իրենց դիտարկումները: Պատգամավորները մասնավորապես կարեւորել են իրենց խոսքով՝ սահմանապահ բնակավայրերի անվտանգության եւ կենսապայմանների ապահովման խնդիրները, անդրադարձ կատարել օրինագծի դրույթներին:

ՀՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Ողջունելով կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը՝ պարոն Բաղդասարյանը նշել է, որ սահմանամերձ բնակավայրերին առնչվող խնդիրները պետք է մշտապես գտնվեն բոլորի ուշադրության ներքո: Խմբակցության ղեկավարի կարծիքով՝ օրինագծում անհրաժեշտ է ամրագրել փոխհատուցման ենթակա ծավալների նվազագույն սահմանը, ինչպես նաեւ՝ վերանայել օրենքի գործողության ժամկետների հարցը:

Օրինագծի վերաբերյալ ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա քաղաքական երկխոսության դասական օրինակ է համարել այն հանգամանքը, որ ՀՀ ԱԺ վեց խմբակցությունները եւ ՀՀ կառավարությունը հանրության համար կարեւոր հարցերի շուրջ քննարկումների արդյունքում կարողանում են գալ միասնական հայտարարի: Ըստ պարոն Շարմազանովի՝ ներկայացված օրենսդրական նախաձեռնությամբ կառավարությունը ցույց է տալիս, որ հաշվի է առնում յուրաքանչյուր պատգամավորի կառուցողական առաջարկ՝ անկախ նրա քաղաքական կարգավիճակից:

Եզրափակիչ ելույթում Վաչե Տերտերյանը պարզաբանել է ելույթներում հնչած տեսակետները: Զեկուցողը նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ՀՀ կառավարությունը կքննարկի պատգամավորների առաջարկները:

Այնուհետեւ խորհրդարանը երկրորդ ընթերցման ընթացակարգով քննարկել է «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրինագիծը, որը ներկայացրել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը: Նշենք, որ օրինագծով առաջարկվում է կարգավորել ՀՀ կառավարության կողմից հաստատված ցանկում ներառված սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելուն առնչվող հարաբերությունները:

Հարցի վերաբերյալ իրենց տեսակետներն են ներկայացրել ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Հովհաննես Մարգարյանը, Արծվիկ Մինասյանը եւ Միքայել Մելքումյանը: Նրանք կարեւորել են սահմանամերձ գյուղական համայնքներում հարկային արտոնությունների սահմանումը եւ ներկայացրել իրենց մտահոգություններն ու առաջարկները: Պատգամավորներն անդրադարձել են արտոնությունների համար ժամկետ սահմանելուն, այդ համայնքներում փաստաթղթաշրջանառության ներկայացման մեխանիզմներին, արտոնությունների տրամադրման անհրաժեշտությանը եւ այլ խնդիրների:

Արտահերթ ելույթով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Անդրադառնալով սահմանամերձ բնակավայրերին վերաբերող օրինագծերին՝ ԱԺ նախագահը նշել է, որ սա այն դեպքերից է, երբ խորհրդարանը կողմ է այս խնդիրների շուրջ կառավարության վարած քաղաքականությանը: Գալուստ Սահակյանը կարեւորել է սահմանամերձ համայնքներին տրվող արտոնությունները եւ հորդորել գործընկերներին կողմ քվեարկել: ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ թե խորհրդարանականները, թե կառավարության անդամները ցանկանում են ավելին անել, սակայն պետք է հաշվի առնել հնարավորությունները: ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է համագործակցված աշխատանքը եւ նշել, որ սահմանամերձ համայնքներին վերաբերող բոլոր քննարկումներին խորհրդարանականներն ակտիվ մասնակցել են, առաջարկներ ներկայացրել: Անդրադառնալով վերոնշյալ երկու նախագծերը մեկ օրենսդրական նախաձեռնությամբ ներկայացնելու առաջարկին՝ պարոն Սահակյանը նշել է, որ սոցիալական աջակցությանը վերաբերող օրինագիծը հարկային արտոնությանը չի վերաբերում:

Եզրափակիչ ելույթներում ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը եւ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը անդրադարձել են պատգամավորների առաջարկներին ու կոչ արել ընդունել օրենսդրական նախաձեռնությունը:

Առաջին ընթերցումով քննարկվել է «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը նշել է, որ նախագծով 2015թ-ի եւ դրան հաջորդող տարիների պետական բյուջեներից համայնքների բյուջեներին հատկացվող դոտացիաների գումարների հաշվարկներում բաշխվող գումարների նվազագույն չափը որոշելու համար առաջարկվում է ամրագրել այնպիսի մոտեցում, որի վրա հարկային փոփոխությունները կունենան չեզոք ազդեցություն:

Հարակից զեկույցում ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արաիկ Հովհաննիսյանը նշել է, որ հանձնաժողովը դրական եզրակացություն է ներկայացրել:

ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը, անդրադառնալով քննարկվող հարցին, նշել է, որ պետությունը պետք է փորձի տարբեր համայնքների համար զարգացման ներդաշնակ պայմաններ ստեղծել:

Հարցի քննարկումը կշարունակվի Ազգային ժողովի վաղվա արտահերթ նիստում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am