Սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի օրը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը «Քվանտ» վարժարան ուղեկցեց թոռնուհուն, ով առաջին անգամ դպրոց էր գնում:
Օրվա առթիվ ՀՀ ԱԺ նախագահն այցելեց նաեւ Երեւանի համար 185 հիմնական դպրոց: Նշենք, որ ԱԺ նախագահը երկար տարիներ եղել է այս դպրոցի հիմնադիր տնօրենը:
Դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները հուզմունքով եւ առանձնահատուկ ջերմությամբ դիմավորեցին իրենց նախկին տնօրենին: Տոնական միջոցառման ընթացքում առաջին դասարանցիները հանդես եկան բանաստեղծական եւ երաժշտական կատարումներով:
Ողջունելով մանկավարժներին եւ դպրոցականներին՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ նոր ուսումնական տարին իր հետ բերում է նոր ծրագրեր, նոր մտորումներ եւ նոր երազանքներ: Նա նշեց, որ չնայած խնդիրներին՝ պետությունը կարեւորում է գիտելիքն ու կրթությունը եւ ապագա սերնդի ներկայացուցիչների համար ջանք ու եռանդ չի խնայում այս հարցում: Պարոն Սահակյանի խոսքով՝ հայ ծնողները եւս, գնահատելով կրթության եւ դպրոցի դերը իրենց երեխաների կյանքում, ձգտում են լավագույն պայմաններ ստեղծել կրթվելու համար: ԱԺ նախագահը նշեց, որ հաջորդ տարի դպրոցի անձնակազմի համար հոբելյանական տարի է լինելու, քանի որ դպրոցի հիմնադրման 30-ամյակն է:
ՀՀ ԱԺ նախագահը լուսանկարվեց առաջին դասարանցիների հետ, որից հետո շրջեց դասասենյակներով: Նշենք, որ ԱԺ նախագահը դպրոց դատարկաձեռն չէր գնացել. երեխաները օրվա առթիվ նվերներ ստացան: