National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
20.05.2014
Ազգային ժողովը սկսեց քննարկել «ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցը
1 / 14

Մայիսի 20-ին Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը: Մինչ նախորդ օրն ընդհատված հարցի՝ ՀՀ ԿԲ նախագահի նշանակման վերաբերյալ հարցի քննարկմանն անցնելը, պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին նախորդ օրը երկրորդ ընթերցմամբ քննարկված «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առաջարկով պատգամավորները ողջունեցին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում խորհրդարանում հյուրընկալված Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի հենակետային վարժարանի ուսուցիչներին եւ սաներին:

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի նշանակման հարցի վերաբերյալ ՀՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրեց խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նա տեղեկացրեց, որ ՀՀԿ խմբակցությունը կողմ է քվեարկելու Արթուր Ջավադյանի թեկնածությանը, քանի որ նա կշարունակի արդյունավետ իրականացնել ԿԲ գործառույթները: Պարոն Բաղդասարյանը վստահություն հայտնեց, որ դրամավարկային քաղաքականության բնագավառում իրականացվող քաղաքականությունը կլուծի բանկային համակարգում առկա խնդիրները:

Հարցի ավարտից հետո խորհրդարանը սկսեց քննարկել «ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցը, որը ներկայացրեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Ներկայացնելով ՀՀ կառավարության առաջիկա 3 տարիների գործունեության ծրագրի շեշտադրումները, ընդհանուր զարգացման մոտեցումներն ու տրամաբանությունը՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության ծրագիրը որակեց որպես իրատեսական, խստապահանջ եւ ականջալուր:

Ծրագիրը մշակվել է՝ հիմք ընդունելով ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը, ՀՀ Նախագահի, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրի, ՀՀ կառավարության 2013 թվականի ծրագրի հիմնական դրույթները, ինչպես նաեւ խորհրդարանական կուսակցությունների ծրագրերում ներկայացված՝ նշված փաստաթղթերի հետ համադրելի գաղափարները:

ՀՀ կառավարությունը, որպես իր գործունեության գերակայություն, հռչակում է ՀՀ քաղաքացուն, նրա ազատության երաշխավորումը, անվտանգության եւ բարեկեցության բարձրացման ապահովումը: ՀՀ կառավարության ջանքերն առավելապես ուղղվելու են ՀՀ քաղաքացու՝ ստեղծագործ աշխատանքով իր հայրենիքում իր ապագան կերտելուն: Հայրենիքը յուրաքանչյուր հայի համար դառնալու է ապահով հանգրվան եւ սեփական կարողությունների, աշխարհի տարբեր կողմերում կուտակած փորձն ու գիտելիքներն առավելագույնս դրսեւորելու հնարավորության երկիր: Տնտեսության զարգացման նպատակով, կառավարությունը կարեւորում է թե հայրենական, թե օտարերկրյա ներդրողների ներգրավումը տնտեսություն՝ ստեղծելով տնտեսական ազատ եւ մրցունակ միջավայր բոլորի համար: Ակնկալվում է, որ առաջիկա երեք տարիների ընթացքում տնտեսության ներքին ռեսուրսների վրա հիմնված զարգացումը Հայաստանի տնտեսական աճի ապահովման համար կունենա առաջնային նշանակություն:

ՀՀ կառավարությունն ակնկալում է արտահանման ծավալների նպատակադրված ավելացմանը հասնել հիմնականում արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության շնորհիվ. որը ենթադրում է ներքին ռեսուրսների համակարգված եւ արդյունավետ օգտագործում: ՀՀ կառավարությունն իր ծրագրի իրագործմամբ առաջիկա երեք տարիներին նպատակադրում է զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովում՝ համախառն ներքին արդյունքի միջնաժամկետ՝ 5 տոկոս աճի միջոցով: Ծրագրում կարեւորվում է նոր աշխատատեղերի ստեղծումը, աշխատավարձերի համակարգված աճը: Նախատեսվում է 10 տոկոսով կրճատել աղքատությունը եւ կասեցնել արտագաղթը: Մասնավորապես, առաջիկա 3 տարիների ընթացքում նախատեսվում է նվազագույն աշխատավարձը հասցնել 65000 դրամի: Կիրականացվեն քայլեր, որոնք տնտեսության մասնավոր հատվածում եւս կխթանեն աշխատավարձերի աճը, կբարելավեն գյուղի եւ գյուղացու կյանքի որակը: Այդ նպատակով 2014-2017 թվականներին նախատեսվում է էական աշխատանքներ իրականացնել ջրամբարաշինության բնագավառում՝ սկսելով Կապսի, Վեդու, Եղվարդի եւ Մաստարայի ջրամբարների նախագծման եւ շինարարության աշխատանքները: Ջրամբարները հնարավորություն կտան կուտակելու նվազագույնը 145 մլն խմ, իսկ առավելագույնը՝ 180 մլն խմ ջուր: Առաջիկա տարիներին նախատեսվում է ոռոգման ոլորտում, առանց ջրամբարների, կատարել 32 մլրդ դրամի, ճանապարհաշինության ոլորտում՝ 138 մլրդ դրամի, դպրոցաշինության ոլորտում՝ 25 մլրդ դրամի, մարզական օբյեկտների վերանորոգման համար՝ 2 մլրդ դրամի, հուշարձանների վերանորոգման համար՝ 1 մլրդ դրամի ներդրումներ:

Պաշտպանության ոլորտին անդրադառնալով՝ ՀՀ վարչապետը նշեց, որ ՀՀ եւ ԼՂՀ բնակչության անվտանգության երաշխավորումը լինելու է ամբողջական եւ համապարփակ: ՀՀ վարչապետը տեղեկացրեց, որ որոշակի ծրագրեր են իրականացվելու մասնավորապես առողջապահության եւ կրթության ոլորտներում, տնտեսության այլ ենթակառուցվածքներում ներդրվելու են նոր ծրագրեր, որոնք էապես բարելավելու են մատուցվող ծառայությունների որակը:

ՀՀ կառավարությունը հրատապ է համարում փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման խոչընդոտների վերացումը՝ շարունակաբար բացահայտելով եւ ներդնելով աջակցության առավել արդյունավետ մեխանիզմներ: Ինչպես նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, կառավարությունը հետեւողականորեն, անողոք եւ անաչառ կերպով պայքարելու է ստվերային տնտեսության դեմ. փաստաթղթավորումը պարտադիր է լինելու բոլորի համար: Աճելու է հարկեր-ՀՆԱ ցուցանիշը. արդյունքում ավելանալու են ռեսուրսները, սակայն դա լինելու է ոչ մեխանիկորեն, ոչ բարձրացող հարկային դրույքաչափերի հաշվին. ցուցանիշն աճելու է ստվերային շրջանառության կրճատմանը համահունչ: Ծրագրում անդրադարձ կա նաեւ կուտակային կենսաթոշակների ներդրման հարցին: Վարչապետը վերահաստատեց մոտեցումը, ըստ որի՝ այն պետք է լինի պարտադիր, բայց ոչ պարտադրված: Ինչպես նշեց Հովիկ Աբրահամյանը, քննարկման փուլում են նոր գաղափարներ եւ առաջարկներ, որոնք ընդգրկված չեն ծրագրում, սակայն հանձնարարված է դրանք ուսումնասիրել եւ տալ եզրակացություններ: Ամփոփելով ելույթը՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հավաստիացրեց, որ կառավարությունն իր ծրագրի իրականացման համար խոստանում է անմնացորդ նվիրվածություն եւ ջանքեր՝ ակնկալելով հանրության աջակցությունը:

Ծրագրի վերաբերյալ վարչապետին հարցեր ուղղելու համար հերթագրվեցին երեք տասնյակից ավելի պատգամավորներ: Հարցերը վերաբերում էին ծրագրի դրույթներին, տարբեր ոլորտներում իրականացվելիք ծրագրերին, պարտադիր կուտակային կենսաթոշակներին, գազի սակագներին, գիտնականների սոցիալական վիճակի բարելավմանն ուղղված քայլերին, նվազագույն աշխատավարձի չափին, հարկային վարչարարությանը եւ այլն:

«ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցի քննարկումը կշարունակվի ԱԺ մայիսի 21-ի նիստում:

ԱԺ Կանոնակարգի 104-րդ հոդվածի համաձայն նույն օրը արտահերթ քննարկվեց ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Արմեն Ռուստամյանի, Արծվիկ Մինասյանի, Աղվան Վարդանյանի, Արմեն Բաբայանի հեղինակած «ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որով հեղինակներն առաջարկում են ամրագրել Ազգային ժողովի ընտրությունները 100 տոկոս համամասնական ընտրակարգով անցկացնելու իրավական հիմքերը: Ըստ հեղինակների՝ մեծամասնական ընտրակարգի վերացումը կարող է խորհրդարանը վերածել քաղաքական թիվ մեկ ամբիոնի, որտեղ կլուծվեն երկրի կառավարմանն առնչվող քաղաքական խնդիրները եւ որտեղ տեղի կունենա բացառապես քաղաքական գործունեություն:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ոչ դրական եզրակացությունը ներկայացրեց Լեւոն Մարտիրոսյանը: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մուրադյանը տեղեկացրեց, որ կառավարությունն աննպատակահարմար է համարում 100 տոկոս մեծամասնական ընտրակարգի անցումը:

Օրինագծի վերաբերյալ ելույթներ ունեցան մի խումբ պատգամավորներ: Էդմոն Մարուքյանի կարծիքով, աննպատակահարմար է ամբողջությամբ համամասնական ընտրակարգի անցում կատարելը: Արամ Մանուկյանն անարդյունավետ համարեց մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների աշխատանքը: Լեւոն Մարտիրոսյանը եւս նպատակահարմար չհամարեց ամբողջությամբ համամասնական ընտրակարգի ներդրումը: Օրինագծին դեմ արտահայտվեց նաեւ Մանվել Բադեյանը: Հովհաննես Սահակյանը հիշեցրեց, որ ներկայում ընթանում են սահմանադրական բարեփոխումներ նախապատրաստող աշխատանքային խմբի աշխատանքները, ուստի հարցին անդրադառնալն արդիական չէ: Սամվել Ֆարմանյանի կարծիքով՝ առաջարկի ընդունումը դրական ազդեցություն չի կարող ունենալ քաղաքական մշակույթի վրա: Վահան Բաբայանը եւ Նաիրա Զոհրաբյանը կարեւորեցին նախագիծը եւ մեծամասնական ընտրակարգի վերացումը: Խոսրով Հարությունյանի համոզմամբ՝ ամբողջությամբ համամասնական ընտրակարգին անցնելը չի նպաստելու քաղաքական համակարգի բարելավմանը: Հովհաննես Մարգարյանը տեղեկացրեց, որ «Օրինաց երկիր» խմբակցությունը մշտապես կարեւորել է համամասնական ընտրակարգին անցում կատարելու անհրաժեշտությունը:

ԱԺ նիստին զուգընթաց տեղի ունեցավ ՀՀ ԿԲ նախագահի նշանակման գաղտնի քվեարկություն: ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը տեղեկացրեց, որ գաղտնի քվեարկությանը մասնակցել է 79 պատգամավոր, որոնցից 77-ը քվեարկել են ՀՀ ԿԲ նախագահի թեկնածու Արթուր Ջավադյանի օգտին: 2 պատգամավոր դեմ է քվեարկել: Այսպիսով, ՀՀ ԿԲ նախագահ է նշանակվել Արթուր Ջավադյանը:

Վերջին նիստի մեկ ժամը ԱԺ Կանոնակարգի համաձայն հատկացվեց պատգամավորների հայտարարություններին:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am