Մայիսի 13-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությանը, որի կազմում են Ֆրանսիայի ԱԺ պատգամավորներ, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ռընե Ռուքեն, Ֆրանսուա Ռոշբլուանը, Պատրիկ Դեւեջյանը, սենատորներ, Ֆրանսիա-Կովկաս բարեկամության խմբի ղեկավար Ամբրուազ Դյուպոնը, Ֆիլիպ Կալտենբախը եւ Նատալի Գուլեն:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, բարձր գնահատելով երկու երկրների միջեւ առկա բարեկամական հարաբերությունները, նշեց, որ Ֆրանսիան առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում: Նրա խոսքով` հայ-ֆրանսիական փոխհարաբերությունները երկու երկրների միջեւ կայուն զարգանում են. Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ հարաբերություններին բնորոշ են բարձրաստիճան քաղաքական երկխոսությունը, միջխորհրդարանական մակարդակով հաստատված արդյունավետ համագործակցությունը, մշակութային, կրթական, գիտական սերտ առնչությունները: ԱԺ նախագահի համոզմամբ` Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի պաշտոնական այցը Հայաստան նոր էջ բացեց հայ-ֆրանսիական հարաբերություններում: Գալուստ Սահակյանը նշեց, որ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման գործում նշանակալի ավանդ ունեն Հայաստանի եւ Ֆրանսիայի խորհրդարաններում ձեւավորված հայ-ֆրանսիական բարեկամության խմբերը: Նա բարձր գնահատեց Ֆրանսիայի ԱԺ եւ Սենատի մի խումբ պատգամավորների եւ նախկին խորհրդարանականների, ինչպես նաեւ մի շարք քաղաքային իշխանությունների մասնակցությամբ ստեղծված «Արցախի հետ բարեկամության շրջանակը»: «Ձեզանից շատերը մեծ ավանդ ունեն Ֆրանսիայում 2001թ. Հայոց ցեղասպանությունը օրենքի ուժով ճանաչելու գործում: Դուք նաեւ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ջատագովներից եք: Վստահ եմ, որ դուք շարունակելու եք ջանքերը Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ համագործակցության առավել սերտացման եւ ընդլայնման ուղղությամբ», -ասաց Գալուստ Սահակյանը : Խորհրդարանի ղեկավարը կարեւորեց նաեւ ապակենտրոնացված արդյունավետ փոխգործակցությունը: Գալուստ Սահակյանը բարձր գնահատեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի ներգրավվածությունը եւ հույս հայտնեց, որ Ֆրանկոֆոնիայի ԽՎ-ը հաջորդ լիագումար նիստում կհաստատի ՀՀ Ազգային ժողովին ՖԽՎ-ում լիիրավ անդամի կարգավիճակ շնորհելու մասին որոշումը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Ֆրանսիացի խորհրդարանականները շնորհավորեցին Գալուստ Սահակյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ եւ համոզմունք հայտնեցին, որ միջխորհրդարանական հարաբերությունները կշարունակվեն զարգանալ եւ խորանալ: Ռընե Ռուքեն, Ֆրանսուա Ռոշբլուանը, Պատրիկ Դեւեջյանը բարձր գնահատեցին Ֆրանսիայի նախագահի պաշտոնական այցը Հայաստան եւ նշեցին, որ այն նոր լիցք կհաղորդի միջպետական հարաբերություններին: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին՝ Ֆրանսուա Ռոշբլուանը եւ Պատրիկ Դեւեջյանը նշեցին, որ ժամանակն է, որ Թուրքիան ճանաչի պատմական իրողությունը: Նրանք գոհունակությամբ փաստեցին, որ Ֆրանսիայի նախկին նախագահներ Ժակ Շիրակը, Նիկոլա Սարկոզին եւ գործող նախագահ Ֆրանսուա Օլանդը Հայաստանի խնդիրների եւ Ցեղասպանության հարցի շուրջ միակարծիք են եւ միեւնույն դիրքորոշումներն ունեն, չնայած տարբեր այլ հարցերում տեսակետների տարբերությանը:
Կողմերը պատրաստակամություն հայտնեցին խորացնելու խորհրդարանական հարաբերությունները, առավել զարգացնելու երկու երկրների միջեւ ստեղծված համագործակցությունը: Հանդիպմանը քննարկվեցին տարածաշրջանային խնդիրներին, հայ-ֆրանսիական կապերին առնչվող եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: