Մայիսի 13-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Չեխիայի խորհրդարանական պատվիրակությանը Պատգամավորների պալատի միջնորդության հարցերով հանձնաժողովի նախագահ Զուզկա Բեբարովա-Ռույբրովայի գլխավությամբ: Հանդիպմանը ներկա էր ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Չեխիա բարեկամության խմբի նախագահ Էդուարդ Շարմազանովը:
Տիկին Բեբարովա-Ռույբրովան Գալուստ Սահակյանին փոխանցեց Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի շնորհավորական ուղերձը ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների համար` Գալուստ Սահակյանը նշեց, որ Հայաստանը շահագրգիռ է Չեխիայի հետ համակողմանի համագործակցության զարգացման, քաղաքական երկխոսության շարունակականության, միջխորհրդարանական հարաբերությունների խորացման, առեւտրատնտեսական կապերի ընդլայնման եւ մարդկային շփումների ակտիվացման հարցում: ԱԺ նախագահի համոզմամբ` չեխ խորհրդարանականների այցը Հայաստան լրացուցիչ խթան կհանդիսանա հայ-չեխական հարաբերությունների եւ միջխորհրդարանական համագործակցության զարգացման գործում: «Վստահ եմ, որ մեր երկու երկրների խորհրդարանների միջեւ բարեկամական կապերի վրա հիմնված համագործակցությունն առավել կամրապնդվի եւ կզարգանա՝ ի շահ մեր երկրների»,-ասաց Գալուստ Սահակյանը:
Չեխ պատգամավորները նույնպես կարեւոր համարեցին երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության հետագա զարգացումը, տարբեր ձեւաչափերով փոխգործակցության խորացումը: Նրանց համոզմամբ՝ երկկողմ արդյունավետ փոխգործակցությունը պայմանավորված է նաեւ հայ եւ չեխ ժողովուրդների դարավոր բարեկամությամբ: Երկուստեք կարեւորվեց համագործակցությունը միջազգային կառույցներում:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին այլ հարցեր եւս: