National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
21.02.2014
Տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը
1 / 4

Փետրվարի 21-ին նիստեր էին գումարել ԱԺ մշտական հանձնաժողովները:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը Էլինար Վարդանյանի նախագահությամբ քննարկեց ԱԺ պատգամավոր Արտակ Դավթյանի հեղինակած «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հեղինակը նշեց, որ հաշվի է առել հանձնաժողովի առաջարկները եւ ներկայացրել է լրամշակված տարբերակ: Պարոն Դավթյանն ասաց, որ գործող օրենքով հասարակական կազմակերպությունները կորցրել են «միություն» անվանումը կրելու իրավունքը: Օրենսդրական նախաձեռնությամբ հանվում է «միություն» բառը օգտագործելու սահմանափակումը: Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասով կազմակերպության հերթական ժողովը հրավիրվում է 2 տարին մեկ անգամից ոչ պակաս: Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է երկու տարվա պարբերականությունը փոխարինել 4 տարով: Նշվեց, որ «ոչ պակաս» հասկացությունը չի սահմանափակում կանոնադրությամբ առավել կարճ ժամկետ սահմանելու հնարավորությունը: Հերթական ժողովի անցկացման պարբերականության փոփոխությունը առաջացնում է ընթացքի արձանագրման փաստաթղթերի պահպանման ժամկետի վերանայում, ուստի առաջարկվում է 3 տարին փոխել 5 տարով:

Օրենքի նախագիծը արժանացել էր կառավարության հավանությանը:

Օրինագծի վերաբերյալ հարակից զեկույցում դրական կարծիք արտահայտեց նաեւ Էլինար Վարդանյանը:

Հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրենսդրական նախաձեռնությունը կընդգրկվի ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Դավիթ Հարությունյանի նախագահությամբ կայացած նիստում քննարկեց ՀՀ կառավարության հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Նախագծի նպատակն է կանխել օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքների խախտումները՝ նոր խմբագրությամբ ներկայացնելով եւ հստակեցնելով օրենքի որոշ հոդվածների տերմինաբանությունը:

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը քննարկման ներկայացրեց նաեւ «ՀՀ քննչական կոմիտեի մասին» եւ կից օրենսդրական փաթեթի լրամշակված տարբերակը: Նա տեղեկացրեց, որ նոր՝ լրամշակված տարբերակում ընդգրկվել են եւ հանձնաժողովի անդամների, եւ քննչական ծառայությունների քննիչների ներկայացրած առաջարկներն ու դիտողությունները: Որոշ առաջարկների վերաբերյալ դեռեւս քննարկումներ են ընթանում, ուստի դրանց անդրադարձ կկատարվի առաջինից երկրորդ ընթերցում քննարկման ժամանակահատվածում: Հիմնական զեկուցողը տեղեկացրեց, որ օրենսդրական փաթեթի ընդունման արդյունքում նախատեսվում է ստեղծել նոր մարմին՝ միասնական քննչական կոմիտե, որը կապահովվի նախաքննության մարմինների գործունեության սկզբունքների միասնականությունը եւ նախաքննության առավել արդյունավետ իրականացումը: Քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկվելու եւ հետագայում քննիչի պաշտոնում նշանակվելու համար կսահմանվի կոնկրետ ընթացակարգ՝ ապահովելով ծառայողների մասնագիտական որակների հնարավոր բարձր մակարդակ: Նախատեսվում է, որ Քննչական կոմիտեն գործելու է հրապարակային, ապահովվելու է քննչական մարմինների արտաքին եւ ներքին անկախությունը, դատավարական ինքնուրույնությունը, քննիչների կարգավիճակի միասնականությունը:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, փաթեթի հարակից զեկուցող Դավիթ Հարությունյանը, բարձր գնահատելով կատարված աշխատանքը, այնուամենայնիվ նշեց, որ նախագծի որոշ հոդվածներ վերանայման կարիք ունեն, ինչի վերաբերյալ հիմնական զեկուցող Հրայր Թովմասյանը պատրաստակամություն հայտնեց համագործակցել եւ գտնել ընդունելի լուծումներ:

Օրինագծերն ստացան հանձնաժողովի դրական եզրակացությունը: Դրանք կընդգրկվեն ԱԺ գարնանային եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Հեղինակների առաջարկով հանձնաժողովի օրակարգում ընդգրկված երկու այլ օրենսդրական նախագծերի քննարկումը հետաձգվեց մինչեւ մեկ տարով:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Արտակ Զաքարյանի նախագահությամբ քննարկեց 2013 թվականի հունիսի 24-ին Ամմանում ստորագրված «ՀՀ կառավարության եւ Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջեւ կրթության եւ գիտության բնագավառներում համագործակցության մասին» համաձայնագիրը: Հիմնական զեկուցող, ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը նշեց, որ համաձայնագրի նպատակն է երկու երկրների միջեւ հաստատել եւ զարգացնել համագործակցությունը գիտության եւ կրթության բնագավառներում: Մասնավորապես նախատեսվում է, որ կողմերը կմշակեն եւ կիրականացնեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գիտահետազոտական ծրագրեր եւ նախագծեր, կտրամադրեն կրթաթոշակներ մյուս կողմի քաղաքացիներին՝ միջին մասնագիտական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանելու համար, ինչպես նաեւ կխրախուսեն գիտաշխատողների, պրոֆեսորների, ուսուցիչների, ուսանողների եւ աշակերտների փոխադարձ այցելությունները՝ կրթության եւ գիտության բնագավառներում իրենց ձեռք բերած փորձն ու նվաճումները փոխանակելու նպատակով:

Քննարկված համաձայնագիրը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվի խորհրդարանի քննարկմանն ու վավերացմանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am