National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
19.02.2014
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
1 / 2

Փետրվարի 19-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Վարդան Այվազյանի նախագահությամբ քննարկվեց ՀՀ կառավարության ներկայացրած «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:

Հիմնական զեկուցողի տեղեկացմամբ՝ գործարար միջավայրի վերլուծությունները ցույց են տալիս, որ երկրների օրենսդրական բացթողումները ընկերությունների սեփականատերերին եւ տնօրեններին թույլ են տալիս կատարել այնպիսի գործարքներ, որոնք օրինական են, չեն պարունակում կեղծիք կամ խաբեություն, սակայն, դրանք, այնուամենայնիվ, վնասում են ընկերության կառավարման գործում որոշիչ ձայնի իրավունք չունեցող բաժնետերերի շահերը:

Ներկայացված օրենքի նախագիծը նպատակ ունի կատարելագործել շահագրգռվածության առկայությամբ խոշոր գործարքների բացահայտման մեխանիզմները, բարձրացնել փոքր բաժնետերերի շահերի պաշտպանվածության մակարդակը:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը ներկայացրեց «Կազմակերպություններին եւ ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու եւ հարկային հաշվառումից հանելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որի կարգավորման առարկան հարկային մարմիններում հարկ վճարողների հաշվառման կանգնելու, հաշվառման մարմինը փոփոխելու եւ հաշվառումից հանելու գործընթացների կարգավորումն է, հետագա ավտոմատացման համար օրենսդրական հիմքերի ձեւավորումը:

Հանձնաժողովը քննարկեց նաեւ «Գնումների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որով առաջարկվում է հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց կեցության, սննդի եւ տրանսպորտային սպասարկման, ինչպես նաեւ արարողակարգերի իրականացման համար անհրաժեշտ ապրանքները, աշխատանքները եւ ծառայությունները նույնպես ներառել պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող գնումների պլանում:

Քննարկված օրենքի նախագծերը դրական եզրակացություն ստացան նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու համար:

ԱԺ պատգամավորներ Հեղինե Բիշարյանի եւ Հովհաննես Մարգարյանի հեղինակած «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող եւ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ գանձվում» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց նախագծի համահեղինակ Հովհաննես Մարգարյանը, առաջարկում է գետնախնձորի սերմացու ներկրողներին ազատել մաքսատուրքից, ինչը հնարավորություն կտա գյուղատնտեսներին հնարավորինս էժան ձեռք բերել սերմացու:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվելու համար:

Դրական եզրակացություն ստացավ նաեւ երկրորդ ընթերցման ներկայացված «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, իսկ ԱԺ պատգամավորներ Աղվան Վարդանյանի, Արծվիկ Մինասյանի, Արմեն Ռուստամյանի հեղինակած «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների եւ անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» օրինագիծը, որը ընդգրկված էր նստաշրջանի օրակարգում, ստացավ ոչ դրական եզրակացություն:

ԱԺ պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանի եւ Վահան Բաբայանի հեղինակած «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծի քննարկումը հեղինակների առաջարկով հետաձգվեց:

Նույն օրը Արտակ Դավթյանի նախագահությամբ գումարվեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծերն առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Զեկուցողը նշեց, որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքը առանձնահատուկ տեղ է հատկացնում Հանրային հեռուստատեսությանը՝ կարեւորելով հանրային իրազեկման գործում վերջինիս առանձնակի դերակատարումը: Եվ այդ պատճառով ներկայացված օրենքների նախագծերը նպատակ ունեն ավելի բարձրացնելու Հանրային հեռուստատեսության տեղն ու դերը, համբավը հասարակական կյանքում՝ արգելելով առեւտրային գովազդը: Ըստ նախարարի՝ նախագծերի ընդունմամբ կկրճատվի Հանրային հեռուստատեսությամբ առեւտրային գովազդի տեւողությունը՝ եթերաժամանակը տրամադրելով տեղեկատվական ավելի բարձր արժեք եւ կարեւորություն ունեցող հեռուստահաղորդումների ցուցադրմանը: Սակայն նախագծերով բացառություն է նախատեսված միայն սոցիալական, մշակութային եւ սպորտային ուղղվածության գովազդների համար, որոնց ցուցադրումը համարվում է թույլատրելի: Փաթեթը, ստանալով դրական եզրակացություն, կընդգրկվի ԱԺ մեծ եւ քառօրյա նիստերի օրակարգերում:

ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրինագիծը ներկայացրեց ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը: Նա նշեց, որ կառավարությունն առաջարկում է ուսանողների եւ երիտասարդների օր սահմանել մայիսի 16-ը՝ հաշվի առնելով, որ 1919 թ. մայիսի 16-ին է հիմնադրվել ԵՊՀ-ը:

Նույն օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծ ներկայացրին նաեւ ԲՀԿ խմբակցության պատգամավորները: Օրինագծի համահեղինակ Վահե Էնֆիաջյանն առաջարկեց ուսանողների եւ երիտասարդների օր սահմանել նոյեմբերի 17-ը՝ ՄԱԿ-ի տոնական օրերի ցանկում ներառված Ուսանողների միջազգային օրը:

Քննարկումների արդյունքում օրինագծերի հեղինակների առաջարկությամբ օրինագծերի քննարկումը հետաձգվեց մինչեւ մեկ տարի ժամկետով:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am