National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
12.02.2014
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը աշխատանքային այցով Տավուշի մարզում էր
1 / 52

Փետրվարի 12-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամների, Տավուշի մարզպետի եւ այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ աշխատանքային այցով Տավուշի մարզում էր:

ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության առաջին կանգառը Տավուշի մարզի զորամասերից մեկն էր: ԱԺ նախագահին զինվորները դիմավորեցին առանձնահատուկ ոգեւորությամբ՝ ՀՀ օրհներգի հնչյունների ներքո: Դիմելով հրամանատարական եւ սպայական անձնակազմին ու զինվորներին՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ այցի նպատակն է ծանոթանալ զինվորների խնդիրներին՝ համոզմունք հայտնելով, որ այսօր, քան երբեւէ, բարձր հիմքերի վրա է գտնվում Ազգային ժողով-ՀՀ պաշտպանության նախարարություն համագործակցությունը: Պարոն Աբրահամյանը նշեց, որ ՀՀ Նախագահը, Ազգային ժողովը եւ կառավարությունը կարեւորում ու մշտապես ուշադրության կենտրոնում են պահում սահմանապահ զինվորների խնդիրները ու պարբերական այցերի միջոցով փորձում են աջակցել խնդիրների լուծմանը: Անդրադառնալով Ադրբեջանի իշխանությունների գործողություններին՝ նա ընդգծեց, որ մեր զինվորների կողմից համապատասխան հակահարված տրվում է: «Մենք, ի հակառակ Ադրբեջանի իշխանությունների, քարոզում ենք, որ մեր առջեւ դրված խնդիրները պետք է լուծենք խաղաղ բանակցությունների արդյունքում, սակայն դա չի լինում միակողմանի: Ինչեւէ, Ադրբեջանի իշխանությունները դեռեւս ողջամիտ քաղաքականություն չեն դրսեւորում: Իհարկե, մենք ցանկանում ենք խաղաղություն, բայց եթե մեզ պարտադրեն պատերազմ, մենք կտանք արժանի հակահարված եւ կպաշտպանենք մեր հայրենիքը, մեր հողը, մեր ջուրը»,- ասաց օրենսդրի ղեկավարը: Նա ընդգծեց, որ ՀՀ իշխանությունները ՀՀ Նախագահի գլխավորությամբ հայոց բանակի կողքին են: Խորհրդարանի նախագահը խաղաղ եւ անվտանգ ծառայություն մաղթեց զինվորներին:

Զինվորական նվագախմբի ուղեկցությամբ տեղի ունեցավ հանդիսավոր հաղթական քայլերթ, որից հետո ԱԺ նախագահը շրջեց զորամասում, ծանոթացավ զինվորների առօրյային ու խնդիրներին:

Այնուհետեւ ԱԺ նախագահը բարձրացավ սահմանապահ դիրքեր, թեյի սեղանի շուրջ զրուցեց սպայական անձնակազմի ու զինվորների հետ: Նա շրջեց անձնակազմի կացարաններում, ծանոթացավ պայմաններին եւ խոստացավ բարձրացված խնդիրներին լուծումներ տալ:

Նշենք, որ Ազգային ժողովի նախագահը ձեռնունայն չէր գնացել զորամաս ու սահմանային հենակետ. տրվեց այլընտրանքային հոսանքի աղբյուր հանդիսացող սարքեր (գեներատորներ), հեռուստացույց, DVD նվագարկիչ եւ այլն:

ԱԺ նախագահի հաջորդ կանգառը Բերքաբեր համայնքն էր, որտեղ նա այցելեց վերակառուցված դպրոց եւ տեղում ծանոթացավ խնդիրներին ու պայմաններին:

Պարոն Աբրահամյանը շրջեց դասասենյակներում, համակարգչային սենյակում, գրադարանում, մարզադահլիճում: Բերքաբեր համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն Վոլոդյա Բալասանյանը, ԱԺ նախագահին ներկայացնելով դպրոցի խնդիրները, տեղեկացրեց, որ որոշ դասասենյակներ հակառակորդի թիրախում են եւ անվտանգության նկատառումներով չեն օգտագործվում: Նա նշեց, որ այս պահին դպրոցում 37 աշակերտ է սովորում, եւ այդ դասասենյակները օգտագործելու անհրաժեշտություն դեռեւս չկա, սակայն հետագայում նախատեսվում է երեխաների ավելացում: «Այս տարի մեր փոքրիկ գյուղում 11 երեխա է ծնվել, ինչը խոսում է այն մասին, որ ապագայում մենք այս դասասենյակները օգտագործելու խնդիր կունենանք»,- ասաց դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը: Հովիկ Աբրահամյանը խոստացավ քայլեր ձեռնարկել, որպեսզի այդ դասասենյակներին զրահապատ պատուհաններ դրվեն: ԱԺ նախագահը խոստացավ նաեւ գրքեր տրամադրել դպրոցի գրադարանին:

Դպրոց այցելելուց հետո ԱԺ նախագահը հանդիպեց գյուղաբնակների հետ եւ ծավալված ջերմ ու անմիջական զրույցի ընթացքում տեղեկացավ գյուղի բազմաթիվ խնդիրների մասին, որոնք վերաբերում էին ջրամատակարարմանը, գազամատակարարմանը, աշխատատեղեր ստեղծելուն: Համայնքի ճանապարհը ասֆալտապատման կարիք ունի, գրեթե չկան մշակելի հողատարածքներ: Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը տեղեկացրեց, Տավուշի մարզում մեծածավալ ճանապարհաշինարարական աշխատանքներ են իրականացվել եւ աստիճանաբար անբարեկարգ մյուս հատվածները եւս կասֆալտապատվեն, գազաֆիկացման, ջրամատակարարման աշխատանքները եւս ընթացքի մեջ են: ԱԺ նախագահը, լսելով բոլորի մտահոգությունները, նշեց, որ ՀՀ Նախագահի, ԱԺ-ի եւ կառավարության ուշադրության կենտրոնում են խնդիրները, եւ վստահեցրեց, որ ժամանակի ընթացքում լուծում կստանան: Նշենք, որ ԱԺ նախագահը դպրոցին նվիրեց համակարգիչներ, սպորտային պարագաներ:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ ԱԺ պատգամավորները այցելեցին նաեւ գյուղի նորակառույց եկեղեցի:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հաջորդ կանգառը Վազաշենն էր: Հովիկ Աբրահամյանը մարզպետի եւ պատգամավորների ուղեկցությամբ հետեւեց Տավուշի մարզի Բերդ-Իջեւան մայրուղու Վազաշեն-Պառավաքար վտանգավոր հատվածում կառուցվող շրջանցիկ ճանապարհի շինարարական աշխատանքներին:

Ճանապարհի շինարարությունն իրականացնող Իջեւանի ճանշինի ավագ աշխղեկ Դանիել Աբովյանը եւ ՀՀ ՏՆ «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Ալեքսանդր Բախտամյանը Հովիկ Աբրահամյանին ներկայացրին շինաշխատանքների ընթացքը` նշելով, որ շրջանցիկ ճանապարհն ունենալու է 3.2 կմ երկարություն եւ 6-7 մետր լայնություն եւ Վազաշեն-Պառավաքար հատվածում ճանապարհի երկարությունը կկրճատի մոտ երկու կիլոմետրով: Դանիել Աբովյանը հավաստիացրեց, որ ճանապարհը շահագործման կհանձնվի հունիսին, եւ ամբողջությամբ կլինի անվտանգ երթեւեկության համար:

Վազաշենցիները խորհրդարանի ղեկավարին դիմավորեցին համայնքը խորհրդանշող հուշակոթողի մոտ, որից հետո վերանորոգված համայնքային կենտրոնում տեղի ունեցավ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը բնակչության հետ:

Հանդիպմանը Հովիկ Աբրահամյանն ընդգծեց սահմանամերձ գյուղի կարեւորությունը` անհրաժեշտ համարելով համայնքի զարգացման ուղղությամբ յուրաքանչյուրի ներդրումը: Խորհրդարանի ղեկավարն առաջնային համարեց զորամասերի խնդիրների եւ զինվորականների սոցիալական հարցերի լուծումը:

Ազգային ժողովի նախագահը կարեւորեց այս համայնքներում դեմոգրաֆիական խնդիրը: Նա անհրաժեշտ համարեց սահմանամերձ համայնքներում ծնելիության խթանմանն ուղղված քայլերի ձեռնարկումը: Հովիկ Աբրահամյանը խոստացավ, որ 2014 թվականից յուրաքանչյուր ընտանիքում ծնված երեխայի համար Ազգային ժողովը կփոխանցի 100.000-ական դրամ` ներառելով 2013թ. ծնվածներին: ԱԺ նախագահը կարեւորեց բնակիչների հետ բարձրաստիճան պաշտոնյաների պարբերական շփումները: Ըստ Հովիկ Աբրահամյանի` չկարգավորված հակամարտության պայմաններում բանակի, սահմանների ամրապնդման ապահովումը մեր պետության գերակայությունն է:

Հանդիպման ընթացքում Ազգային Ժողովի նախագահը պատասխանեց նաեւ բնակիչներին հուզող հարցերին: Հովիկ Աբրահամյանը համայնքին նվիրեց համակարգիչներ:

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հաջորդ կանգառը Ազատամուտ համայնքն էր: Մշակույթի տանը տեղի ունեցավ Հովիկ Աբրահամյանի եւ բնակիչների անմիջական շփումը: ԱԺ նախագահը ծանոթացավ մշակույթի տան, ինչպես նաեւ մանկապարտեզի շենքային պայմաններին եւ խոստացավ աջակցել առկա խնդիրների լուծմանը:

Հովիկ Աբրահամյանը խոստացավ ֆինանսական աջակցություն հատկացնել երաժշտական դպրոցին:

Ազատամուտում ԱԺ նախագահը ծաղիկներ դրեց «Մահ իմացյալ անմահություն» հուշակոթողին:

Ամփոփելով Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի արդյունքները` Հովիկ Աբրահամյանը եւս մեկ անգամ կարեւորեց սահմանամերձ բնակավայրերի դերը: Պարոն Աբրահամյանը նշեց, որ կառավարության հետ կձեռնարկեն քայլեր` օրենսդրորեն ամրագրելու սահմանապահ գյուղերի խնդիրները, տարանջատելու սահմանամերձ գյուղերի խնդիրները մյուս համայնքների խնդիրներից:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am