National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
14.11.2013
Ազգային ժողովը ավարտեց բյուջետային քննարկումները
1 / 9
Նոյեմբերի 14-ին խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը: Մինչ օրակարգային հարցի քննարկումը տեղի ունեցան քվեարկություններ. խորհրդարանը վավերացրեց 2013 թ. հուլիսի 19-ին ստորագրված «ՀՀ-ի եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ «Երեւանի ջրամատակարարման բարելավման ծրագիր» փոխառության համաձայնագիրը, երկրորդ ընթերցումով ընդունեց կառավարության ներկայացրած «ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք» եւ «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ու դրանց կից 9 օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Առաջին ընթերցմամբ ընդունվեցին վերոնշյալ օրինագծերի փաթեթում ներառված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 115-րդ, 116-րդ հոդվածները, 5-րդ բաժինը եւ նախագծերի փաթեթը համալրած՝ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջարկով պատգամավորները ողջունեցին ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակում նիստին մասնակցող «Ոսկե նուռ» արվեստի դպրոցի մանկավարժներին եւ սաներին:

Այնուհետեւ խորհրդարանը շարունակեց քննարկել «ՀՀ 2014 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Հարակից զեկուցմամբ հանդես եկավ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Մանրամասն ներկայացնելով գալիք տարվա բյուջեի հիմնական թվային ցուցանիշները եւ ծրագրերը՝ նա նշեց, որ ներկայացված բյուջեն համահունչ է վերջին տարիներին երկրում արձանագրված դրական միտումներին, ՀՆԱ-ի իրական աճին, ընթացիկ հաշվին եւ բյուջետային դեֆիցիտի նվազմանը: Ըստ նրա՝ սեփական եկամուտների ավելացմանը զուգահեռ պետությունը ձեռնամուխ է եղել ազգաբնակչության սոցիալական վիճակի էական բարելավմանը: Պարոն Մինասյանն ընդգծեց, որ իր գլխավորած հանձնաժողովը կողմ է բյուջեի հաստատմանը եւ Ազգային ժողովին առաջարկում է ընդունել համապատասխան որոշում:

Աժ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հարակից զեկույցում նշեց, որ գալիք տարվա ֆինանսական գլխավոր փաստաթուղթը քննարկվել է հանձնաժողովում եւ դրական է գնահատվել: Նշվեց, որ պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող ծախսերը օրինական են եւ հիմնավորված: Պարոն Նահապետյանն անդրադարձավ պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների նախարարություններին, պետական ռեզերվների գործակալությանը հատկացվելիք ֆինանսական եւ ոչ ֆինանսական ցուցանիշներին, կարեւորեց պաշտպանության ոլորտի բյուջետային միջոցների արդյունավետ կառավարումը:

Բյուջեի նախագծի վերաբերյալ կարծիքներ հայտնեցին նաեւ ԱԺ պատգամավորները:

Արտահերթ ելույթ ունեցավ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա  բնական համարեց, որ 2014 թ-ի հիմնական քաղաքական փաստաթղթի՝ բյուջեի նախագծի վերաբերյալ տարբեր քաղաքական ուժեր ներկայացնում են իրենց կարծիքները: Որպես քաղաքական մեծամասնության ներկայացուցիչ՝ ԱԺ փոխնախագահը դրական եւ գովելի է համարում քաղաքական բազմակարծության առկայությունը, ինչը հանդիսանում է ժողովրդավարության զարգացման լոկոմոտիվը: Էդուարդ Շարմազանովի համար անհասկանալի է, երբ մարդիկ խոսում են քաղաքական մերժողականության եւ նիհիլիզմի լեզվով: ԱԺ փոխնախագահը չի բացառում, որ բյուջեի նախագծում կան թերություններ: Էդուարդ Շարմազանովը համաձայնեց, որ մեր պետության համար կան լուրջ մարտահրավերներ՝ անվտանգության համակարգի ամրապնդում, աղքատության նվազեցում եւ ծնելիության ավելացում: Ըստ փոխնախագահի՝ ներկայացված բյուջեի նախագծում այս հարցերի պատասխանները տրված են: «Այս բյուջեն մեր երազանքների եւ ցանկությունների բյուջեն չէ, բայց ես անընդունելի եմ համարում, երբ շուրջ 238 հազար հայ մարդու աշխատավարձ պետք է բարձրանա, եւ մարդիկ դրա մասին ոչինչ չեն խոսում, երբ մեր պետության ազգային անվտանգության համակարգը պետք է ուժեղանա, եւ մարդիկ դրա մասին ոչինչ չեն խոսում», -ասաց Էդուարդ Շարմազանովը:

 Օգտվելով «ԱԺ կանոնակարգ» օրենքի ընձեռած հնարավորությունից` արտահերթ ելույթ ունեցան նաեւ կառավարության անդամները: ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը անդրադառնալով հնչեցված տեսակետներին՝ նա նշեց, որ կառավարությունը հետեւողականորեն ջանքեր է գործադրում սոցիալ-տնտեսական խնդիրները սեղմ ժամկետներում արդյունավետ լուծելու համար եւ այդ համատեքստում համագործակցության առաջարկ արեց քաղաքական ուժերին: Պարոն Գեւորգյանը կոչ արեց հանդուրժողականության մթնոլորտում ձեւավորել այն փաստաթուղթը, որով իշխանությունը եւ ընդդիմությունը աշխատելու են 2014 թվականին: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշեց, որ իհարկե բյուջեում  առկա են թերություններ, սակայն կառավարությունը միասնական է դրանք   լուծելու:Նախարարի խոսքով ՝ վերջին տարիներին մեր երկրում եղել են նաեւ  դրական տեղաշարժեր՝  խոսքի ազատության սահմանափակումը այլեւս  անցյալ է,  քաղաքական դատպարտյալ տերմինը եւս, նվազել են փողոցային հանցագործությունները: Հրայր Թովմասյանը նշեց, որ խնդիրները շատ են, սակայն 2014-ը լինելու է բարեփոխումների տարի, եւ իշխանությունը անելու է հնարավոր ամեն ինչ: ՀՀ  էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը նշեց, որ բյուջեն իսկապես ներկայացված է  տնտեսական նոր իրավիճակում , եւ այն դիտարկումը , որ կառավարությունը չի ապահովել 6% տնտեսական աճ, իրական է:Նախարարի խոսքով՝ բյուջեն ունի խոցելի տեղեր, դա փաստ է, սակայն 3.6 %-ը  եւս ցածր ցուցանիշ չէ: Վահրամ Ավանեսյանի  խոսքով՝ թեեւ տնտեսական աճը կլինի ցածր 2014-ին ,  այդուհանդերձ, պետական եկամուտները լինելու են բարձր եւ գերազանցելու է 23%, որը բավականին լավ արդյունք է :

Նույն օրը Ազգային ժողովը արտահերթ նիստ գումարեց եւ  շարունակեց 2014 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները:

ԱԺ խմբակցությունները քննարկվող հարցի վերաբերյալ տեսակետներ ներկայացրին:

ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը  թեեւ դրական համարեց միասնական վարձատրության համակարգի, կրթության ոլորտում վարկանիշային քաղաքականության ներդրումը, բայց ընդհանուր առմամբ վարվող քաղաքականությունը անարդյունավետ ու իրավիճակային  որակեց, ինչով էլ պայմանավորված է բյուջետային քաղաքականությունը: Նրա գնահատմամբ՝ ներկայացված բյուջետային եկամուտները ռիսկային չեն, ընդհակառակը՝ հեշտությամբ կհավաքագրվեն՝  պայմանավորված մեծացող  գնաճով:

ՕԵԿ խմբակցության տեսակետը ներկայացրեց Հովհաննես Մարգարյանը: Նա բյուջեն որակեց որպես սոցիալական ուղղվածություն ունեցող եւ անդրադարձավ խմբակցության համար առանցքային նշանակություն ունեցող մի շարք հաջողությունների, մասնավորապես՝ աղետի գոտու ակտիվ բնակարանաշինությանը, ավանդների փոխհատուցման շարունակականությանը, անվճար ծննդօգնության եւ դրամական աջակցության քաղաքականությանը, երիտասարդ ընտանիքներին բնակարանով ապահովելու նպատակով հիպոտեկային վարկերի տրամադրմանը: Նա հայտնեց, որ իրենց խմբակցությունը պաշտպանում է կառավարության բյուջետային քաղաքականությունը:

Ներկայացնելով ՀԱԿ խմբակցության տեսակետը՝ Լեւոն Զուրաբյանը բյուջեի եկամտային մասի հաշվարկը  կոռուպցիոն երեւույթները քողարկելու յուրօրինակ ձեւ համարեց: Ըստ նրա՝ ստվերային տնտեսությունն ու պետական պարտքը մեծ չափերի են հասել, բյուջեում բացակայում են մի շարք ծրագրերի եւ դրանց ֆինանսական հատկացումների մասին տեղեկությունները: Նա տեղեկացրեց, որ խմբակցության համար անընդունելի է ներկայացված բյուջետային փաստաթուղթը:

ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանի գնահատմամբ՝ Հայաստանի տնտեսությունը հեռանկար չունի, քանի դեռ իշխանությունները հետեւողական համակարգային քաղաքականություն չեն իրականացնում: Նա անընդունելի համարեց նաեւ տնտեսության վիճակի վերաբերյալ կառավարության ներկայացրած հիմնավորումները, եկամուտների մասով զգուշավոր քաղաքականությունը:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եզրափակիչ ելույթում շնորհակալություն հայտնեց շահագրգիռ քննարկումների համար, ինչը կառավարությանը հնարավորություն է տալիս բացահայտելու ծրագրի ուժեղ եւ թույլ կողմերը եւ ճշգրտումներ մտցնելու կառավարության վարած քաղաքականության մեջ: Միաժամանակ նա ընդունելի համարեց ընդդիմության քննադատությունը գործազրկության, արտագաղթի եւ  կոռուպցիոն երեւույթների վերաբերյալ եւ հավաստիացրեց, որ կառավարության քաղաքականությունը ուղղված է հենց այդ արատավոր երեւույթների վերացմանը: Նա ընդդիմությանը կոչ արեց համագործակցել կառավարության հետ, ներկայացնել առաջարկներ եւ ոչ թե ամպագոռգոռ, ոչինչ չասող  հայտարարություններ անել: Ըստ Տիգրան Սարգսյանի՝ տնտեսական աճի հիմքը քաղաքացիական հասարակության զարգացումն  է, ինչն էլ իր հերթին պայմանավորված է փոքր եւ միջին բիզնեսի ակտիվացմամբ: Հենց այս միջավայրի ձեւավորումն էլ կառավարության կարեւորագույն նպատակն է:  Վարչապետի գնահատմամբ՝ բյուջեի սոցիալական ծախսերը ավելանում են եւ ձեռք բերում կոնկրետ, հասցեական բնույթ, ներդրվում է աշխատավարձերի միասնական համակարգ, կարեւոր քայլ է կատարվում երիտասարդ ընտանիքներին բնակարանով ապահովելու եւ երկարաժամկետ վարկեր տրամադրելու ուղղությամբ, կրթության եւ առողջապահության ոլորտներում ավելանում են ֆինանսական ներդրումները, որոնք էլ ուղղված են կոռուպցիոն երեւույթների եւ արտագաղթի կանխարգելմանը:Վարչապետն արձանագրեց, որ բյուջեի հիմքում դրված ցուցանիշները համարձակ են, եւ կառավարությունն ամեն ինչ անելու է դրանք իրականացնելու համար:

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը բյուջեի քննարկման ընդմիջում հայտարարեց առնվազն չորս օրով, եւ պատգամավորներին տեղեկացրեց, որ  առաջարկներ կարող են ներկայացնել 24 ժամվա ընթացքում:

Ազգային ժողովն ավարտեց քառօրյա եւ արտահերթ նիստերի աշխատանքները:


 
 


13.06.2024
ՀՀ վարչապետի ելույթը 2023 թ. պետբյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ընթացքում
2023 թվականի պետբյուջեի կատարողականի հաշվետվության վերաբերյալ եզրափակիչ ելույթով հունիսի 13-ի ԱԺ նիստում հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը նախ անդրադարձել է նախորդ օրը Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձություններին` արձանագրելով, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ ՀՀ նախկին նախ...

13.06.2024
Շարունակվել է ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումը
Ազգային ժողովը հունիսի 13-ին շարունակել է 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության քննարկումը: Արտահերթ ելույթ ունենալով` ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ նախարարությունը հաշվետու տարում իրականացրել է 20 բյուջետային ծրագիր` 233 մլրդ դրամ ծավալով: Կրթության ոլորտի համատեք...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am