National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
05.11.2013
Տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը
1 / 3

Նոյեմբերի 5-ին տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը:
ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովը Արա Բաբլոյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկեց «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը տեղեկացրեց, որ, հաշվի առնելով Հայաստանում ծխախոտի օգտագործման բարձր ցուցանիշները, առաջարկում են օրենքում կատարել լրացում, ըստ որի՝ Հայաստանում արտադրվող ֆիլմերի եւ պատրաստվող հեռուստահաղորդումների՝ ՀՀ տարածքում հեռարձակման ժամանակ կարգելվի ծխախոտի օգտագործման ցուցադրումը, ինչպես նաեւ կսահմանվեն պատժամիջոցներ այդ դրույթի խախտման համար:

Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկեցին «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որտեղ միայն խմբագրական փոփոխություններ են:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց օրենքի նախագծերին նստաշրջանի եւ նոյեմբերի 11-14-ի քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկելու համար:

Հանձնաժողովը ամփոփեց նաեւ «ՀՀ 2014թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները եւ այն ընդունեց ի գիտություն: Հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը բյուջեի նախագծի վերաբերյալ ներկայացրեց առաջարկներ, որոնք գրավոր կներկայացնեն կառավարությանը:

Նույն օրը Հակոբ Հակոբյանի նախագահությամբ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը առաջին ընթերցմամբ քննարկեց «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող Միքայել Մելքումյանը նշեց, որ առաջարկում են զինծառայողներին ու նրանց ընմտանիքի անդամներին տրվող դրամական օգնության նվազագույն շեմը սահմանել նվազագույն կենսապահովման զամբյուղին համարժեք:

Պատգամավորները առաջին ընթերցմամբ քննարկեցին նաեւ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Միքայել Մելքումյանը տեղեկացրեց, որ առաջարկում են օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում 70 % բառերը փոխարինել 100%բառերով, 2-րդ կետում 60% բառերը փոխարինել 80% բառերով, 3-րդ կետում 40% բառերը փոխարինել 60% բառերով:

Կառավարության ոչ դրական դիրքորոշումը օրենքների նախագծերի վերաբերյալ ներկայացրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ նշելով, որ նախագծերի ընդունումը ներկա պահին նպատակահարմար չէ:

Կորյուն Նահապետյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստը: Պատգամավորները ամփոփեցին «ՀՀ 2014թ պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման արդյունքները եւ ոլորտին վերաբերող առաջարկներ ներկայացրին:

Այնուհետեւ հանձնաժողովը քննարկեց «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանի տեղեկացմամբ՝ օրինագծերի փաթեթը կանոնակարգում է ոստիկանությունում ծառայության անցնելու հետ կապված, ինչպես նաեւ ծառայության ընթացքում ծագող որոշակի հարցեր: Մասնավորապես՝ նախատեսվում է ոստիկանությունում ծառայության անցնելու նվազագույն տարիք սահմանել 18 տարին` հաշվի առնելով ոստիկանությունում ծառայության առանձնահատկությունները, առաջարկվում է ոստիկանությունում առանձին մասնագիտություններով ծառայության անցնելու համար տարիքային ավելի բարձր սահմանափակումներ սահմանելու լիազորություն տալ ՀՀ կառավարությանը, նախատեսվում է առանձին մասնագիտություններով ոստիկանության միջին խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին հնարավորություն տալ համապատասխան մասնագիտությամբ (ոչ ոստիկանական որակավորմամբ) ոստիկանության ավագ եւ գլխավոր խմբերի պաշտոններում նշանակվելու համար, առաջարկվում է օրենքի 27-րդ հոդվածից հանել ոստիկանության ծառայողին անձնական համար տալու վերաբերյալ պահանջը:

Հստակեցվում է նաեւ ոստիկանության կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին այլ պաշտոնի տեղափոխելու համար անհրաժեշտ ծառայության ժամկետի առկայության պահանջը, նախատեսվում է պետական կառավարման մարմնի ղեկավարին լիազորություն տալ ոստիկանությունում ծառայությունից ազատելու նաեւ դիտավորյալ հանցագործության հատկանիշներ պարունակող արարք կատարած եւ ոչ արդարացման հիմքերով քրեական հետապնդման չենթարկված կամ քրեական պատասխանատվությունից ազատված ոստիկանության ծառայողներին:

Նախագծում վերանայվում են նաեւ ոստիկանությունում ծառայության տարիքային սահմանափակումները, նախատեսվում է ոստիկանության ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական անձնակազմին ներկայացվող պահանջները սահմանելու լիազորություն տալ ՀՀ ոստիկանության պետին, առաջարկվում է ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության անցնող քաղաքացիների համար հանել պարտադիր զինվորական ծառայություն անցնելու պահանջը՝ բացառությամբ օրենքով սահմանված կարգի խախտումով պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու դեպքերի:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց օրինագծերի փաթեթի վերաբերյալ՝ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկվելու համար:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am