National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
21.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
17.09.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Չեխիայի Սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկային եւ Սենատի Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի պատվիրակությանը
1 / 3
Սեպտեմբերի 17-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Չեխիայի Հանրապետության Սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկային եւ Սենատի Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում` ԱԺ նախագահը վստահություն հայտնեց, որ նրանց այցը լրացուցիչ խթան կհանդիսանա հայ-չեխական հարաբերությունների եւ հատկապես միջխորհրդարանական համագործակցության զարգացման գործում: «Վստահ եմ, որ մեր երկու երկրների խորհրդարանների միջեւ բարեկամական կապերի վրա հիմնված համագործակցությունն առավել կամրապնդվի եւ կզարգանա` ի շահ մեր երկրների», - նշեց Հովիկ Աբրահամյանը: Նրա գնահատմամբ` տարբեր մակարդակներում հայ-չեխական համագործակցությունը վերընթաց բնույթ է ստացել, եւ Հայաստանը կարեւորում է Չեխիայի հետ համակողմանի փոխգործակցությունը, քաղաքական երկխոսության շարունակականությունը, միջխորհրդարանական հարաբերությունների հետագա խորացումը: ԱԺ նախագահի համոզմամբ` խորհրդարանական երկխոսությունը կարող է օգտակար լինել նաեւ փոխճանաչելիության բարձրացման, միմյանց ներքին եւ արտաքին քաղաքական օրակարգի հարցերի մասին լավ պատկերացումներ կազմելու, միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում միմյանց աջակցելու տեսանկյունից:

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց Հայաստանի դիրքորոշումները ԼՂ հիմնախնդրի, հայ-թուրքական հարաբերությունների, ինչպես նաեւ վերջին արտաքին քաղաքական զարգացումների վերաբերյալ: Նա բարձր գնահատեց ԼՂ հակամարտության հարցում Չեխիայի իշխանությունների հավասարակշռված դիրքորոշումը: ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ մինչեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, Չեխիայի խորհրդարանը կճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ կմիանա այն երկրներին, որոնք ճանաչել եւ դատապարտել են Հայոց ցեղասպանությունը` որպես մարդկության դեմ կատարված ոճրագործություն: Հայաստանի Հանրապետության Մաքսային Միությանն անդամակցելու որոշմանը անդրադառնալով` ԱԺ նախագահը նշեց, որ այն պայմանավորված է աշխարհաքաղաքական իրողություններով եւ բխում է մեր երկրի շահերից: «Հայաստանը իր արտաքին քաղաքականության մեջ մշտապես առաջնորդվել է եւ շարունակում է առաջնորդվել շահերի համադրման սկզբունքով եւ շարունակելու է խորացնել ու ընդլայնել հարաբերությունները թե մեր եվրոպական գործընկերների եւ թե մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ»,-ասաց Հովիկ Աբրահամյանը: Նրա խոսքով` Հայաստանը միշտ բաց է եղել համագործակցության համար բոլոր միջազգային հարթակներում, հանդես եկել հօգուտ ինտեգրացիոն գործընթացների, բայց երբեք չանտեսելով երկրի ռազմավարական շահերը` հատկապես փակ սահմանների ու հակամարտության առկայության պայմաններում: «Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ եվրոպական արժեքներին ու սկզբունքներին, եւ մենք վճռական ենք՝ մեր եվրոպացի գործընկերների հետ միասին ընդլայնելու եւ խորացնելու ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացը` ուղղված ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության շարունակական ամրապնդմանը»:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Չեխիայի Սենատի փոխնախագահը կարեւորեց Հայաստանի հետ համագործակցության զարգացումը եւ ընդլայնումը տարբեր ոլորտներում: Տիկին Հորսկան բարձր գնահատեց երկու երկրների խորհրդարանների միջեւ ստեղծված ջերմ հարաբերությունները` անհրաժեշտ համարելով դրանց հետագա խորացումը եւ զարգացումը: Նա կարեւոր համարեց համագործակցության ընդլայնումը նաեւ մարզերի եւ քաղաքների միջեւ` գոհունակությամբ փաստելով Կառլովի Վարի եւ Ջերմուկ քաղաքների միջեւ գործակցությունը, որի հիմքը դրվեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի Չեխիա կատարած պաշտոնական այցի ընթացքում:

Սենատի Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի նախագահ Միրոսլավ Կրեյչան, անդրադառնալով Մաքսային միությանը անդամակցելու Հայաստանի որոշմանը, նշեց. «Կարծում եմ՝ բոլոր պետությունները պետք է հարգեն Հայաստանի ընտրությունը` Մաքսային միությանը անդամակցելու որոշումը»: Նրա կարծիքով՝ Հայաստանը պետք է շարունակի ձգտումը դեպի Եվրոպա, եւ կարեւորը կատարված ու առաջիկայում կատարվելիք աշխատանքն է:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am