National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.7.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
15.07.2013
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահին
1 / 4

Հուլիսի 15-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց  ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Լեոնիդ Կոժարային:

Ողջունելով հյուրին` ԱԺ  նախագահը կարեւոր համարեց ԵԱՀԿ գործող նախագահի  այցը Հարավային Կովկասի երկրներ:  Նա համոզմունք հայտնեց, որ ԵԱՀԿ-ում Ուկրաինայի նախագահության ժամանակահատվածում կձեռնարկվեն տարածաշրջանում խաղաղ գոյակցության  եւ հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտ քայլեր: ԱԺ նախագահի խոսքով` Հայաստանը բարձր է գնահատում ԵԱՀԿ կառույցների հետ  համագործակցությունը եւ կազմակերպության աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին:  Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ՀՀ Ազգային ժողովը կարեւորում է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ արդյունավետ համագործակցությունը:

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` ԱԺ նախագահը բարձր գնահատեց ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների` ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը: «Ուզում եմ հատկապես ընդգծել, որ ի տարբերություն Ադրբեջանի, որն անընդհատ փորձեր է ձեռնարկում հակամարտության կարգավորման հարցը տեղափոխել միջազգային այլ կազմակերպություններ եւ հանդես է գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի փոփոխությամբ, Հայաստանը անշեղորեն պաշտպանել է եւ շարունակում է պաշտպանել բանակցային ներկայիս ձեւաչափը՝ որպես հակամարտության կարգավորման միակ եւ գործուն ձեւաչափ», - ասաց ԱԺ նախագահը:  Նրա խոսքով` Հայաստանը պահպանում է տարածաշրջանային համագործակցության սկզբունքները հնարավոր բոլոր ոլորտներում, խորացնում վստահության ամրապնդման միջոցները եւ  մշտապես կողմ է եղել լիարժեք եւ փոխշահավետ տարածաշրջանային  տնտեսական համագործակցությանը՝ այն դիտարկելով որպես փախվստահության մթնոլորտի ստեղծման կարեւոր նախադրյալ:

Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց հայ-ուկրաինական միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը եւ կարեւորեց միջխորհրդարանական կապերի խորացումը, համագործակցությունը միջազգային կառույցներում, ինչպես նաեւ փոխգործակցության զարգացումը տնտեսության, գիտության, կրթության եւ այլ ոլորտներում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` ԵԱՀԿ գործող նախագահ Լեոնիդ Կոժարան բարձր գնահատեց Հայաստան-ԵԱՀԿ համագործակցությունը եւ մեր երկրի ակտիվ ներգարվվածությունը կազմակերպության առջեւ ծառացած խնդիրների լուծման գործում: Ուկրաինայի արտգործնախարարը կարեւորեց Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ քաղաքական, տնտեսական կապերի, միջխորհրդարանական հարաբերությունների շարունակական զարգացումն ու ամրապնդումը:

Կարեւորելով տարածաշրջանի անվտանգությունը եւ խաղաղությունը` Լեոնիդ Կոժարան այս համատեքստում նշեց, որ ԼՂ հիմնախնդիրը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով եւ շեշտեց, որ ԵԱՀԿ-ն աջակցում է Մինսկի խմբի գործունեությանը: Հիմնախնդրի կարգավորման հարցում նա անհրաժեշտ համարեց  նաեւ հասարակությունների միջեւ  շփումների ակտիվացումը,  որի ուղղությամբ Ուկրաինան, որպես նախագահող երկիր, մտադիր է ձեռնարկել մի շարք քայլեր:

Անդրադառնալով  Եվրոպայում  սովորական սպառազինությունների վերահսկման խնդրին` կողմերը կարեւորեցին Պայմանագրի շուրջ բանակցությունների վերսկսումը:

Հանդիպմանը քննարկվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:
 





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am