National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
3.7.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
03.07.2013
Համաեվրոպական խորհրդաժողով ՀՀ Ազգային ժողովում
1 / 13

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության ստանձնման շրջանակներում հուլիսի 3-ին ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում իր աշխատանքներն սկսեց «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները եւ իշխանությունների հայեցողության սահմանները ԵԽ անդամ երկրներում» խորագրով համաեվրոպական խորհրդաժողովը: Խորհրդաժողովին մասնակցում են 32 երկրների եւ միջազգային կառույցների ավելի քան 80 ներկայացուցիչներ:

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդես եկավ բացման խոսքով.

«Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախագահ հարգարժա՛ն պարոն Շպիլման, Վենետիկի հանձնաժողովի  նախագահ հարգելի՛ պարոն Ջանի Բուքիքիո, Սահմանադրական դատարանների հարգարժա՛ն նախագահներ,խորհրդաժողովի հարգելի՛ մասնակիցներ, տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

Թու՛յլ տվեք ողջունել ձեզ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում: Մենք շատ ուրախ ենք Երեւանում՝ Հայաստանի խորհրդարանի հարկի տակ հյուրընկալել «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները եւ իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով համաեվրոպական խորհրդաժողովը:

Նման միջոցառման անցկացումը խորհրդանշական է ոչ միայն  այն առումով, որ խորհրդաժողովը տեղի է ունենում Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում, այլեւ փաստում է Հայաստանի հավատարմությունը եվրոպական արժեքներին եւ պատրաստակամությունը՝ սերտորեն ինտեգրվելու եվրոպական մեծ ընտանիքին:

Հարգելի՛ բարեկամներ,

ինչպես տեղյակ եք, ընդամենը երկու օրից Հայաստանը նշելու է Սահմանադրության օրը: Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհավորել բոլորիս գալիք համապետական տոնի առթիվ: Երիտասարդ ժողովրդավարությամբ պետություն լինելով հանդերձ՝ Հայաստանը ունի սահմանադրական սկզբունքների հարուստ ավանդույթներ՝ իրավունքի նորմերի ու մեր ազգային արժեհամակարգի հաջողված համադրումով: Մասնավորապես, այս տարի լրանում է 18-րդ դարի հայ հայտնի հասարակական գործիչ Շահամիր Շահամիրյանի «Որոգայթ փառաց» աշխատության 240-ամյակը: 1773 թվականին Հնդկաստանի Մադրաս քաղաքում լույս տեսած աշխատությունը, դեռեւս 18-րդ դարում սահմանելով ժամանակակից ժողովրդավարական պետության մոդելը, ըստ էության, սահմանադրություն էր, ընդ որում՝ բավականաչափ  առաջավոր եվրոպական մտածողությամբ:

Հարգելի՛ բարեկամներ,

այն, որ երեւանյան խորհրդաժողովին հրավիրված են եւ այսօր նրա աշխատանքներին  մասնակցում են Եվրոպայի խորհրդի անդամ ավելի քան 30 երկրների տարբեր բարձրաստիճան պատվիրակություններ`  ի դեմս խորհրդարանների, սահմանադրական դատարանների եւ ընդհանուր իրավասության բարձրագույն դատական ատյանների, արդարադատության նախարարությունների, մարդու իրավունքների պաշտպանների գրասենյակների ներկայացուցիչների, վկայում է խորհրդաժողովի ընտրած թեմայի արդիականության եւ դրանում ներառված տարբեր հարցադրումների ու խնդիրների հրատապության մասին:

Ցանկանում եմ առանձնահատուկ նշել, որ համաեվրոպական երեւանյան խորհրդաժողովի թեման մեծապես կարեւորվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի եւ Վենետիկի հանձնաժողովի կողմից: Խորհրդաժողովն իրական  հնարավորություն է՝ քննարկումների, գնահատականների ու առաջարկությունների միջոցով իրավունքի գերակայությունը  ավելի հասանելի ու ընկալելի դարձնելու ոչ միայն եվրոպական մայրցամաքի անմիջական դերակատարների, այլ նաեւ մեր տարածաշրջանի այն
երկրների ու իշխանությունների համար, որոնք, կարծում եմ, լուրջ անելիքներ ունեն այդ բնագավառում: Ձեզնից յուրաքանչյուրը հնարավորություն ունի օբյեկտիվորեն գնահատելու իրավիճակն իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչների եւ իշխանությունների հայեցողության տեսանկյունից: 

Հարգելի՛ գործընկերներ,

խորհրդաժողովի թեման այժմեական է Եվրոպայի խորհրդի անդամ հանդիսացող շատ պետությունների եւ ոչ միայն նրանց համար: Վստահ եմ, որ անմիջական ու բազմակողմ քննարկման այս ձեւաչափի ընթացքում հնարավոր կլինի ծավալել խոր ու հետաքրիր քննարկումներ:

Հաջողություն եմ մաղթում  ձեր աշխատանքներին եւ հուսով եմ, որ  դուք նաեւ հնարավորություն կունենաք  ծանոթանալու մեր  հինավուրց երկրին»:

Բացման խոսք ասաց նաեւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը :Նա նշեց, որ Եվրոպայի խորհրդին անդամակցելուց հետո առաջին անգամ՝ 2013թ. մայիսի 16-ին, Հայաստանը ստանձնեց Նախարարների կոմիտեի նախագահությունը: Այս կարեւոր առաքելությունը նա հավելյալ հնարավորություն համարեց Հայաստանի համար՝ իր ներդրումը բերելու ժողովրդավարության զարգացմանն ուղղված Եվրոպայի խորհրդի անդամ երկրների միասնական ջանքերին : Էդվարդ Նալբանդյանի խոսքով՝ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության գերակայությունները հիմնված են կազմակերպության  հիմնական հենասյուների վրա, որոնցից նա առանձնացրեց Եվրոպայում ռասիզմի եւ այլատյացության դեմ պայքարը, միջմշակութային եւ միջկրոնական երկխոսության խրախուսումը, մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչների ամրապնդումը, ժողովրդավարական հասարակությունների խթանումը:  Նա ընդգծեց, որ Հայաստանի նախագահությունը նաեւ մեծ կարեւորություն է տալիս բոլոր այն ջանքերին, որոնք ուղղված են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արդյունավետության բարձրացմանը,  Եվրոպայի խորհրդի բարեփոխումներին, եվրոպական ընդհանուր ճարտարապետության մեջ կազմակերպության դերի ամրապնդմանը, գործընկեր կազմակերպությունների, ինչպես նաեւ Եվրոպայի խորհրդի հարեւան տարածաշրջանների հետ երկխոսության զարգացմանը: Ըստ նրա՝ Կազմակերպության գործունեության արդյունավետությունն ու նրա վստահելիությունը մեծապես կախված են այն հանգամանքից, թե որքանով անդամ երկրները միասնաբար եւ յուրաքանչյուրն անհատապես հավատարիմ կմնան ժողովրդավարությանը,  իրավունքի գերակայությանը եւ մարդու իրավունքներն ամրապնդելու եւ առաջ տանելու իրենց հանձնառությանը:   

Էդվարդ Նալբանդյանի գնահատմամբ՝  խորհրդաժողովի աշխատանքները  կարող են նպաստել օրենքի եւ դրա  կիրառելիության կատարելագործմանը եվրոպական մայրցամաքում եւ այս գործընթացում իրենց ներդրումը կարող են բերել ինչպես Նախարարների կոմիտեն եւ Խորհրդարանական վեհաժողովը, այնպես էլ` Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ու Վենետիկի հանձնաժողովը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը խորհրդաժողովին ներկայացրեց ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը.

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հարգելի պարոն նախագահ,

Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի հարգելի պարոն նախագահ,

Խորհրդաժողովի հարգելիմասնակիցներ,

Հարգարժան հյուրեր,

Տիկնայք եւ պարոնայք,

Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության շրջանակներում մենք նախաձեռնեցինք այս խորհրդաժողովի հրավիրումը` հատկապես կարեւորելով հիմնախնդիրը, որն այս օրերին բոլոր մասնակիցների կողմից դառնալու է շահագրգիռ քննարկումների առարկա:

Մեր երկրի ու իշխանությունների համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է նախագահել Եվրոպայի խորհրդում: Այս վեցամսյա ժամանակահատվածը մենք ձգտելու ենք արժեւորել այնպիսի նախաձեռնություններով, որոնք նոր խթան կդառնան եվրոպական արժեքային համակարգի հետագա զարգացման ու ամրապնդման, իրավունքի գերակայության սկզբունքի անշեղ իրագործման համար:

Ժողովրդավարական զարգացումների անխուսափելի տրամաբանությունն էր, որ եվրոպական իրավական համակարգում իրավունքի գերակայության երաշխավորումը դարձավ անկյունաքարային արժեք: Եվրոպայի խորհրդի` 1949 թվականի մայիսի 5-ին Լոնդոնում ստորագրված կանոնադրության 3-րդ հոդվածում միանշանակ սահմանվեց, որ Եվրոպայի խորհրդի յուրաքանչյուր անդամ պետք է ընդունի իրավունքի գերակայության սկզբունքը: Նման մոտեցումը նոր որակ հաղորդեց նաեւ միջազգային հարաբերությունների հետագա ծավալմանը` դրանց հիմքում դնելով արժեքային հստակ կողմնորոշիչ, որի համաձայն? մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները եւ ազատությունները բարձրագույն արժեք են: Իր հերթին պետությունը սահմանափակված է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներով եւ ազատություններով` որպես անմիջականորեն գործող իրավունք: Սրանք նաեւ մեր երկրի Սահմանադրության սահմանադրական կարգի հիմունքներում ամրագրված  դրույթներ են, որոնք կանխորոշում են անհատի ու պետական իշխանության վարքագիծն իրավական պետության ու քաղաքացիական հասարակության կայացման գործում:

Համոզված եմ, որ ժողովրդավարական բոլոր երկրներում սահմանադրական մակարդակում այս կամ այլ կերպ ամրագրված է իրավունքի գերակայության սկզբունքի էությունը: Սակայն գլխավոր խնդիրն այն կյանքի կոչելն է, իրավունքով իշխանության սահմանափակումը կյանքի կանոն դարձնելը:

Հատկապես նոր ժողովրդավարության երկրների համար դա պահանջում է համակարգված ու հետեւողական աշխատանք: Պահանջում է անկախ դատական համակարգի առկայություն եւ անաչառ արդարադատության իրականացում:

Մեր երկիրն այս ոլորտներում համակարգային բարեփոխումների նոր փուլ է թեւակոխել եւ հետեւողականորեն իրականացնում է մեծ հեռանկարների միտված ծրագրեր: Դրանց բոլորի առանցքը մարդն է, նրա իրավունքների ու ազատությունների երաշխավորումը, երկրում այնպիսի մթնոլորտի ձեւավորումը, որտեղ կգերակայեն հանդուրժողականությունը, բազմակարծությունը, անխտրականությունը, արդարությունն ու փոխադարձ վստահությունը:

Համոզված եմ նաեւ, որ իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչներին ու իշխանությունների հայեցողության սահմանների հիմնախնդիրներին նվիրված համաեվրոպական այս բացառիկ խորհրդաժողովը մնայուն ավանդ կբերի ինչպես մեր երկրում, այնպես էլ Եվրախորհրդի անդամ մյուս երկրներում առկա մարտահրավերների հաղթահարման, մարդկանց իրավունքների առավել արդյունավետ երաշխավորման, ապահովման ու պաշտպանության գործում: Կրկին ողջունում եմ խորհրդաժողովի մասնակիցներին եւ մաղթում արդյունավետ ու արգասաբեր աշխատանք»:                                                                                    

Մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեցին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլմանը եւ ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն:

Դին Շպիլմանը կարեւորեց խորհրդաժողովի կազմակերպումը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության ստանձնման շրջանակներում եւ հույս հայտնեց, որ  խորհրդաժողովում իրավունքի գերակայության սկզբունքների եւ ԵԽ անդամ երկրներում դրանց կիրառման հետ կապված քննարկումները արդյունավետ կլինեն: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահը մասնավորապես անդրադարձավ եվրոպական իրավական չափորոշիչներին, կարեւորեց ազգային դատարանների կողմից օրենքների վերահսկողությունը, սահմանադրական նորմերի պահպանման արդյունավետ համակարգի ստեղծումը, այս հարցում իշխանության տարբեր մարմինների հետ փոխգործակցությունը, իշխանության տարբեր թեւերի հավասարակշռման մեխանիզմների ապահովումը: Նա անդրադարձավ նաեւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում ամրագրված իրավունքների եւ երաշխիքների նկատմամբ անդամ պետությունների հարգանքի եւ նրա նորմերին հավատարմորեն հետեւելու անհրաժեշտությանը, ինչպես նաեւ կոնվենցիայի որոշ արձանագրությունների վավերացմանը :

ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն արդիական ու կարեւոր համարեց խորհրդաժողովի քննարկման թեման եւ իրավունքի գերակայության չափորոշիչների ամրագրումը անդամ երկրների օրենսդրություններում:  Ըստ նրա՝ նոր մարտահրավերներով ու հասարակական կյանքի տարբեր ոլորտներում տեղի ունեցող փոփոխություններով պայմանավորված՝ օրենքները անընդհատ վերանայման կարիք ունեն, որը, անշուշտ, պետք է ծառայի մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությանը, նրա գործունեության ոլորտների հնարավորինսամբողջական կարգավորմանը: Օրենքը բոլորի համար պետք է հավասարապես հասանելի լինի եւ կիրառելի: Վենետիկի հանձնաժողովի նախագահը օրինաստեղծ գործունեության ու օրենքի հասցեականության գործում առանցքային համարեց խորհրդարանների դերը՝ նրանց աշխատանքի արդյունավետությունը պայմանավորելով անկախ գործունեությամբ: Նա իրավունքի գերակայությունը իրավական պետությունում իշխանության թեւերի հավասարակշռման, փոխգործակցության, իշխանության ու անհատի սոցիալական վարքագծի կարեւոր հիմք համարեց, իսկ սահմանադրական երաշխիքների ապահովումը՝ յուրաքանչյուր երկրի առաջին պարտականությունը: 

Խորհրդաժողովի առաջին նիստում «Իրավունքի գերակայության սկզբունքը որպես իրավական պետությունում իշխանության ու անհատի սոցիալական վարքագծի արժեբանական հիմք. սահմանադրական երաշխիքները տարբեր երկրներում» թեմայի շրջանակներում «Իրավունքի  գերակայության տեղն ու դերը մարդու եւ քաղաքացու սոցիալական վարքագծում» թեմայով   ելույթ ունեցավ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ  Գագիկ Հարությունյանը:

 Ողջունելով ներկաներին, ՍԴ նախագահը կարեւոր համարեց  խորհրդաժողովի անցկացումը ժողովրդավարության ուղին նոր ընտրած երկրների համար, որտեղ, ըստ նրա՝  քաղաքական, պետական ու հանրային ընկալումների շփոթ գոյություն ունի: Ըստ ՍԴ նախագահի՝ միջազգային փորձի համակողմանի  ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ցանկացած երկրում իրավական-ժողովրդավարական պետության կայացման հաջողություններն առաջին հերթին պայմանավորված են իրավունքի գերակայության սկզբունքի համարժեք իմաստավորման, սահմանադրորեն ամրագրման, օրենսդրորեն երաշխավորման, պետական ու հանրային մտածողության մեջ եւ գործելակերպում արմատավորման աստիճանով: 

Գագիկ Հարությունյանը նկատեց, որ թեեւ իրավունքի գերակայությունը հանդիսանում է պետության անկյունաքարը, այնուամենայնիվ այն սահմանափակված է մարդու անօտարելի իրավունքներով, ինչը շատ երկրների համար  դարձել է առանցքային սահմանադրական նորմ:  «Այլ խոսքով՝  օրենքի գերակայության սկզբունքը ենթադրում է, որ մարդու իրավունքները սահմանադրորեն ճանաչված, օրենսդրորեն երաշխավորված, համարժեք կառուցակարգային լուծումներով ապահովված ու պաշտպանված պետք է լինեն: Իրավունքով իշխանության սահմանափակումը եւ մարդու հիմնարար  իրավունքների անմիջական գործողությունը պետք է դառնա վարքագծի նորմ սոցիալական հանրության բոլոր շերտերի համար, պետք է հարգվի եւ երաշխավորվի օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքը, արդարադատությունը պետք է լինի անկախ ու անկողմնակալ, օրենքները եւ այլ իրավական ակտերը պետք է համապատասխանեն իրավական որոշակի սկզբունքների, լինեն կանխատեսելի, հստակ, զերծ լինեն բացերից եւ երկիմաստություններից: Իշխանության իրականացումը պետք է խարսխված լինի օրինականության, արդարության եւ հիմնավորվածության վրա: Մարդկանց սուբյեկտիվ իրավունքներին առնչվող հարցերը պետք է քննության առնվեն եւ լուծվեն օրենքի հիման վրա, այլ ոչ թե հայեցողությամբ: Պետությունը պետք է հետեւողականորեն իրացնի իր ազգային եւ միջազգային պարտավորությունները՝ մարդու իրավունքների երաշխավորման, ապահովման եւ պաշտպանության հարցերում», -ասաց Գագիկ Հարությունյանը:           

«Սահմանադրական բարեփոխումը Հունգարիայում. եվրոպական պարտավորությունները եւ ազգային ինքնիշխանությունը» զեկույցով  ելույթ ունեցավ Հունգարիայի Սահմանադրական դատարանի նախագահ Պետր Պաչոլայը: Նա  խորհրդաժողովի մասնակիցներին ներկայացրեց Հունգարիայի Սահմանադրության փոփոխությունների գործընթացը, նրա սկզբունքները,  հունգարական դատարանների ընդունած որոշումների համապատասխանությունը սահմանադրական նորմերին,  Եվրոպական դատարանի ընդունած որոշումներին եւ այլն:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանի «Իշխանությունների պոզիտիվ պարտականությունները» զեկույցը վերաբերում էր տարբեր երկրներում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին եւ այդ հարցում իշխանությունների  քաղաքականությանը, որոնք միշտ չէ, որ հանգում են մարդու իրավունքների, կյանքի, առողջության պաշտպանությանը: Տիկին Գյուլումյանն ընդգծեց, որ այս հարցին պետությունների իշխանությունները պետք է առավել ուշադրություն դարձնեն:

Այնուհետեւ  «Սահմանադրական դատարանի գործունեությունը  եւ եվրոպական դատարանի իրավական չափորոշիչները» թեմատիկ զեկույցով հանդես եկավ  Պորտուգալիայի Սահմանադրական դատարանի անդամ Մարիա Խոսե Ռանժել Մեսքուիտան: Տիկին Մեսքուիտան անդրադարձավ Պորտուգալիայի սահմանադրական նորմերին եւ սկզբունքներին, մարդու իրավունքների պաշտպանության հարցերին  եւ գոհունակությամբ նշեց, որ իր երկրում  օրենսդրորեն ամրագրվել է մի մեխանիզմ, որը հնարավորություն է տալիս գտնելու դատական սխալները եւ վերանայել ընդունված որոշումը, կայացնել այլ որոշում:   Ըստ նրա՝ դա հնարավորություն է տալիս վերականգնել մարդու խախտված  իրավունքները:


Խորհրդաժողովի երկրորդ նիստում «Իրավունքի գերակայության սկզբունքը՝ որպես օրենսդիր եւ գործադիր իշխանությունների հայեցողության շրջանակների կանխորոշման չափանիշ. դրսեւորումները տարբեր երկրներում» թեմայի վերբերյալ հնչեցին թեմատիկ զեկույցներ:

Բուլղարիայի Սահմանադրական դատարանի անդամ Բորիս Վելչը ներկայացրեց Բուլղարիայի ընտրական օրենսդրությունը եւ ընտրությունների օրինականության չափորոշիչները՝ սահմանված Վենետիկի հանձնաժողովի կողմից եւ ընդունված «Ընտրական հարցերում բարենպաստ գործունեության» կանոնագրքով: Ըստ զեկուցողի՝ Բուլղարիայի Սահմանադրական դատարանը ընտրական իրավունքի նորմերի կոպիտ խախտումներ հայտնաբերելու դեպքում կարող է անվավեր ճանաչել ընտրությունները եւ հայտարարել նոր ընտրությունների անցկացում:

«Իրավունքի գերակայության սկզբունքը՝ որպես օրենսդիր իշխանության հայեցողության սահմանների սահմանման չափորոշիչ. դրա դրսեւորումները Ուկրաինայում» զեկույցով հանդես եկավ Ուկրաինայի Սահմանադրական դատարանի դատավոր Օլեգ Սերգեյչուկը:

Այնուհետեւ ելույթ ունեցավ Ղազախստանի Սահմանադրական խորհրդի անդամ Իլյաս Բահտիբան: Նա անդրադարձավ Ղազախստանի ազգային օրենսդրությունում Միջազգային իրավունքի նորմերի կիրարկմանը:

Խորհրդաժողովը կշարունակի իր աշխատանքը հուլիսի 4-ին՝ ժամը 09.30-ին:


03.07.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագրեր է հղել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության Խորհրդի եւ Պետական Դումայի նախագահներին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Յակուտիայում ուղղաթիռի կործանման կապակցությամբ ցավակցական հեռագրեր է հղել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին եւ Պետական Դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իր անունից ցավակց...

03.07.2013
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հուլիսի 3-ին հանդիպեց ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին միջխորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր, կարեւորվեց պատգամավորական բարեկամ...

03.07.2013
Պատվիրատուների փողերը «լափողներին»
Որոշ լրատվամիջոցների մոտ հատկապես վերջին օրերին զգալիորեն մեծացել է ապատեղեկատվական ակտիվությունը եւ իրենց պատվիրատուների փողերը «լափելու» անհագ ցանկությունը: Սա նշանակում է, որ նույնիսկ ամռան շոգին նրանց պատվիրատուները չեն հանգստանում եւ պահանջում են շարունակել հասարակությանն ապակողմնորոշելուն ուղղ...

03.07.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ողջույնի խոսքը «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները եւ իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով համաեվրոպական խորհրդաժողովում
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախագահ հարգարժան պարոն Շպիլման, Վենետիկի հանձնաժողովի նախագահ հարգելի պարոն Ջանի Բուքիքիո, Սահմանադրական դատարանների հարգարժան նախագահներ, խորհրդաժողովի հարգելի մասնակիցներ, ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am