Մարտի 28-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ անցկացվեցին «Գիտական եւ գիտատեխնիկական փորձաքննության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներ:
Լսումներին հրավիրված էին մասնակցելու պատգամավորներ, բուհերի ուսումնական գծով պրոռեկտորներ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի ներկայացուցիչներ, ինստիտուտների ղեկավարներ, գիտաշխատողներ:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն իր խոսքում նշեց, որ օրենքի նախագիծը սպասված էր, բավականին երկար ժամանակ այն գտնվում էր քննարկումների փուլում:
Ըստ Արտակ Դավթյանի` գիտությունն այսօր Հայաստանում գերակա ուղղություններից է, եւ այդ ոլորտում ցանկացած օրենսդրական նախաձեռնություն կոչված է կարգավորելու օրենսդրական դաշտը, իրականացնելու բարեփոփոխումներ: Հանձնաժողովի նախագահի խոսքով` օրենքի քննարկման նպատակն է ունենալ անաչառ փորձաքննություն:
Հիմնական զեկուցող Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը նշեց, որ ՀՀ վարչապետի 2011 թվականի մարտի 28-ի որոշմամբ մշակված «Գիտական եւ գիտատեխնիկական փորձաքննության մասին» ՀՀ օրենքի նախագծի անհրաժեշտությունը բխում է նաեւ 2011-2015 թվականների ռազմավարական ծրագրի միջոցառումներից: Օրենքը սահմանում է ՀՀ-ում գիտական եւ գիտատեխնիկական գործունեության բնագավառում փորձագիտական գործունեության իրավական եւ կազմակերպական հիմքերը, ինչպես նաեւ կարգավորում փորձաքննական գործընթացի մասնակից սուբյեկտների հարաբերությունները:
Ներկայումս գիտական եւ գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորումն իրականացվում է համաձայն կառավարության 2001 թվականի նոյեմբերի 17-ի «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման կարգը հաստատելու մասին » վարչապետի որոշումներով, որտեղ ընդգրկված են նաեւ « Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության պայմանագրային ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» եւ «Գիտական եւ գիտատեխնիկական պետական ծրագրերի նպատակային- ծրագրային ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» որոշումները:
Սամվել Հարությունյանը նշեց, որ ՀՀ-ում այսօր կան 12 փորձագիտական հանձնաժողովներ, որոնք իրականացնում են հաշվարկներ, վերլուծություններ, առաջարկություններ են ներկայացնում այս կամ այն գիտական ծրագրերի ֆինանսավորման մասին: Նրա գնահատմամբ՝ փորձաքննական համակարգը մինչ այդ չէր աշխատում, բազային ֆինանսավորումը մինչեւ 2005 թվականը բացակայում էր:
Ըստ բանախոսի՝ գիտական ծրագրերի հայտերի, հաշվետվությունների ներկայումս գործող փորձաքննության պայմաններում գիտության ոլորտի ֆինանսական հատկացումները երբեմն փոշիացվում են եւ ամբողջությամբ չեն ծառայում գիտության զարգացման խնդրին՝ անգամ ՀՀ պետական բյուջեից գիտական եւ գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորման բազմաձեւության առկայության պայմաններում:
Նրա խոսքով՝ ՀՀ համար կարեւորագույն ռազմավարական խնդիր համարելով գիտության եւ տեխնիկայի զարգացումն ու տեխնոլոգիական առաջընթացը՝ անհրաժեշտ է ապահովել այդ ուղղությամբ իրականացվող պետական քաղաքականության արդյունավետության բարձրացումը: Անհրաժեշտ է մշակել գիտական ծրագրերի եւ թեմաների ֆինանսավորման այնպիսի մեխանիզմներ, որոնցով բացառվի պետության կողմից տրվող միջոցների փոշիացումը:
Հարցի վերաբերյալ եղան նաեւ թեմատիկ ելույթներ: Մասնավորապես՝ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը ողջունեց օրենքի նախագծի վերաբերյալ քննարկումները, նշելով, որ այն կնպաստի նոր գիտական գաղափարների ստեղծմանը եւ համապատասխանում է ներկայացված պահանջներին:
Եզրափակիչ ելույթում ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը շնորհակալություն հայտնեց լսումների կազմակերպման համար: Նրա խոսքով՝ գիտական հանրության մեջ ձեւավորված է կոնսենսուս եւ օրենքի անհրաժեշտությունն արդեն հասունացած է եւ նույնիսկ՝ մի փոքր ուշացած:
Նախարարը նշեց, որ կան գիտական հանրության կողմից արված առաջարկներ, որոնք քննարկման ենթակա են, եւ նախարարությունը կաշխատի հանձնաժողովի հետ համատեղ՝ դրանք օրինագծում ընդգրկելու ուղղությամբ:
Ըստ Արմեն Աշոտյանի ՝ գիտական ոլորտը կարգավորող օրենքները միմյանց հետ չեն մրցում, այլ փոխլրացնում են: Օրենքի նախագծի նպատակն է ստեղծել ոլորտը կարգավորող միասնական համահունչ օրենսդրություն, որտեղ յուրաքանչյուր օրենք իր ոլորտը կկարգավորի: Օրենքի նախագծի գերակայությունն է բարձրացնել գիտական արդյունքի որակը, արդյունավետ դարձնել պետական միջոցների ծախսը:
«Ակնհայտ է, որ գիտության երկրորդ զարթոնքն ապահովելու համար միայն գումարների ավելացումը բավարար չէ, անհրաժեշտ են նաեւ դրանց տնօրինման, ծախսման, գիտական որակի արդյունքի ապահովման երաշխիքների ստեղծում»,-նշեց նախարարը:
Արտակ Դավթյանն իր եզրափակիչ ելույթում շնորհակալություն հայտնեց հյուրերին շահագրգիռ քննարկումների համար, որը, նրա խոսքով, ազդարարեց համատեղ աշխատանքի սկիզբը: