National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.11.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
19.03.2013
Խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 8

Մարտի 19-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը:

Քվեարկությունների ավարտից հետո պատգամավորներն ավարտեցին նախորդ օրն ընդհատված «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2012 թվականի մայիսի 6-ի ընտրությունների կազմակերպման եւ անցկացման, ընտրական օրենսգրքի խախտումների, առաջարկվող օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ» ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդագրության քննարկումը:

Այնուհետեւ խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը:

Պետական ծախսերի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով արդեն մի քանի տարի է, ինչ հանրապետությունում իրականացվում են ծրագրային բյուջետավորման տարրերի ներդրման լայնածավալ նախապատրաստական աշխատանքներ, ինչպես նաեւ փորձնական ներդրման ծրագրեր` հաշվի առնելով համաշխարհային փորձը եւ տեղական առանձնահատկությունները: Ըստ փոխնախարարի՝ 2012 թվականին ՀՀ Ազգային ժողովի հավանությանն արժանացած ՀՀ կառավարության գործունեության ծրագրով նախատեսված է շարունակել ծրագրային բյուջետավորման ներդրման ուղղությամբ բարեփոխումները, որոնց արդյունքում այն կլինի իրավական հիմքերով ապահովված գործուն համակարգ:

Ըստ հիմնական զեկուցողի՝ ոլորտում արդեն իսկ ձեռքբերված նվաճումները պահպանելու եւ դրանց նոր ընթացք տալու համար կարեւորվում է ծրագրային բյուջետավորման ներդրմանն անհրաժեշտ իրավական հիմքերի ստեղծումը:

Պավել Սաֆարյանի տեղեկացմամբ՝ «Բյուջետային համակարգի մասին» օրենքում առաջարկվում է հստակեցնել որոշ հասկացություններ, տալ նոր սահմանումներ, ինչպես նաեւ կանոնակարգել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների արտաբյուջետային հաշիվները:

Հարցուպատասխանի ժամանակ պատգամավորներն անդրադարձան արտաբյուջետային հաշիվների բացման նպատակների հստակեցման, օրենսդրական փոփոխություններն իրականացնելու ժամկետների ճշգրտման, տողային եւ ծրագրային բյուջետավորումների առանձնահատկությունները շոշափող տարբեր հարցերի:

Հանդես գալով հարակից զեկուցմամբ՝ ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը նշեց, որ խորհդարանին ներկայացված օրենսդրական փաթեթը նոր փիլիսոփայություն է օրենսդրական գործընթացներում: Սակայն, ինչպես նկատեց Գագիկ Մինասյանը, միանշանակ չեն տողային բյուջետավորման թերությունները, ինչպես նաեւ՝ ծրագրային բյուջետավորման առավելությունները. խնդիրներն ու մոտեցումները խորքային ուսումնասիրության կարիք ունեն: Միաժամանակ, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի համոզմամբ, ԱՊՀ տարածքում Հայաստանն իր արդիական մոտեցումներով ամենալայն հնարավորություններն ունի անցնելու ծրագրային բյուջետավորման: Նրա խոսքով՝ խորհրդարանական լսումները, որոնք կանցկացվեն կառավարության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, թույլ կտան վեր հանել բոլոր խնդիրները, ավելի հանգամանալից ուսումնասիրել առաջացող հարցերը, փնտրել ու գտնել լուծումներ:

Պատասխանելով պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանի հարցին՝ Գագիկ Մինասյանը տեղեկացրեց, որ կազմակերպվելիք խորհրդարանական լսումներին հրավիրված կլինեն նաեւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Իր ելույթում պատգամավոր Մհեր Շահգելդյանը եւս շեշտեց, որ անցումը ծրագրային բյուջետավորման ոչ միայն նոր մեխանիզմ է ենթադրում, այլեւ նոր փիլիսոփայություն, ինչը կպահանջի ժամանակ, ադապտացիոն փուլ: Նա մեծապես կարեւորեց առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում մեծամասշտաբ խորհրդարանական լսումների կազմակերպման փաստը:

Պատգամավոր Արծվիկ Մինասյանն իր ելույթում «ստրատեգիական» գնահատեց սպասվող փոփոխությունները հանրային ֆինանսների կառավարման բնագավառում՝ հավելելով, որ խորությամբ պետք է գնահատվի իրավիճակը: Գործընթացում նա ընդգծեց հատկապես խոհրդարանի դերակատարությունը:

Վարդան Այվազյանն իր ելույթում կոչ արեց պատգամավորներին կողմ քվեարկել փաթեթին՝ նշելով, որ կատարվող փոփոխությունները թույլ կտան համարձակ քայլերով գնալ արդիականացման ճանապարհով:

Արտահերթ ելույթում ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը նշեց, որ օրենսդրական փաթեթն անդրադառնում է Հայաստանի համար կարեւորագույն համարվող ողջ բյուջետային համակարգին: Նա կարեւորեց այն հանգամանքը, որ վերջին տարիներին կառավարության ներկայացրած բյուջեի նախագծում ծրագրային բյուջետավորման տարրեր արդեն իսկ եղել են: ԱԺ փոխխոսնակի խոսքով՝ միջազգային բազմաթիվ հարթակներում հաճախ է հնչում այն միտքը, որ Հայաստանն արդիական մոտեցումներ ունի բյուջետավորման խնդիրներում, առաջամարտիկ է ոլորտում: «Կարծում եմ՝ միանշանակ է, որ բյուջետային միջոցները պետք է բաշխվեն՝ ելնելով այն վերջնական արդյունքներից, որոնք պետության համար կարեւոր են»,- ասաց Հերմինե Նաղդալյանը՝ նկատելով, որ ծրագրային բյուջետավորումը լուծում է տալիս արդյունավետության չափելիության հարցին:

Ամփոփիչ ելույթում ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը նշեց, որ կատարվելիք փոփոխությունների արդյունքում համակարգում կպահանջվեն նոր որակներ: Նա առաջարկեց կողմ քվեարկել օրենսդրական նախաձեռնությանը:

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը, խորհրդարանին շնորհակալություն հայտնելով շահագրգիռ քննարկման համար, ամփոփիչ ելույթում կարեւորեց կատարվելիք փոփոխությունների ժամկետների հստակեցման հարցը:

Այնուհետեւ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց ՀՅԴ խմբակցության պատգամավորների հեղինակած «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ մաքսատուրքի 0 տոկոս դրյուքաչափ ունեցող ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ գանձվում» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:

Ինչպես ներկայացրեց հիմնական զեկուցող Արմեն Բաբայանը, օրենսդրական նախաձեռնության նպատակը գյուղատնտեսության ոլորտին օգնության ձեռք մեկնելն է:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել փաթեթին:

«Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին եւ կից ներկայացվող օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Նա նշեց, որ 15 օրինագծերից կազմված ծավալուն փաթեթը քննարկումների երկար ճանապարհ է անցել, առաջարկները, կատարվող փոփոխություններն ու լրացումները համաձայնեցված են ոլորտի շահագրգիռ մարմինների հետ:

Հարցուպատասխանի ժամանակ պատգամավորները նկատեցին, որ փաթեթում անդրադարձ է արվում շատ կարեւոր խնդիրների, եւ հավելյալ քննարկումների անհրաժեշտություն կա:

Հարցի քննարկումը կշարունակվի խորհրդարանի՝ մարտի 20-ի նիստում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am