Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հոկտեմբերի 25-ին աշխատանքային այց կատարեց Կոտայքի մարզ, հանդիպումներ ունեցավ մարզի երկու համայնքներում` Մեղրաձորում եւ Մարմարիկում: Խորհրդարանի ղեկավարին ուղեկցում էին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, պատգամավոր Տաճատ Վարդապետյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, պաշտոնատար այլ անձինք:
Մեղրաձորում Հովիկ Աբրահամյանը նախ այցելեց Սուրբ Աստվածածնի ` նախորդ տարի վերաօծված եկեղեցին, այնուհետեւ համայնքի բնակիչների հետ զրուցեց նրանց առօրյա խնդիրների ու հոգսերի մասին: Ճանապարհներ, ջրամատակարարում, դպրոցի ու կրթվելու պայմաններ` զրույցից պարզ դարձավ, որ սրանք եւ այլ խնդիրներ մեղրաձորցիների համար այլեւս լուծված են: Փոխարենը որոշակի դժվարություն ունեն գյուղատնտեսական արտադրանքը ` մասնավորապես կարտոֆիլն իրացնելու գործում:
Մարմարիկում խորհրդարանի ղեկավարն այցելեց գյուղի՝ վերջերս վերանորոգված միջնակարգ դպրոց: Դպրոցում սովորող 112 աշակերտների ուսումը հարմարավետ դարձնելու եւ դասասենյակները կահավորելու նպատակով ԱԺ նախագահը խոստացավ դպրոցին փոխանցել 2 մլն դրամ : Վերջինս կրթության հիմնախնդիրների մասին զրուցեց մանկավարժների, իսկ համայնքի սոցիալական խնդիրների մասին` այլ գյուղաբնակների հետ:
Հովիկ Աբրահամյանը համայնքների համաչափ զարգացումը համարեց երկրի կայուն զարգացման հիմնական նախադրյալներից մեկը եւ այս համատեքստում կարեւոր համարեց հատկապես գյուղական համայնքների հզորացումն ու սոցիալական խնդիրների լուծումը:
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Հրազդանում մասնակցեց ասմունքի հանրապետական մանկապատանեկան հինգերորդ մրցույթ-փառատոնի Կոտայքի մարզային եզրափակիչ փուլին:
ԱԺ նախագահի հովանու ներքո անցկացվող մրցույթ-փառատոնում ամփոփվեցին Սայաթ-Նովայի 300 եւ Եղիշե Չարենցի 115-ամյակներին նվիրված՝ մարզային մրցույթի արդյունքները. նախընտրական փուլում մարզի 104 դպրոցներից 39 հազար աշակերտ էր դիմել փառատոնին մասնակցելու համար, առաջին փուլում ընտրվել էին նրանցին 2500-ը: Եզրափակիչ փուլում Սայաթ-Նովա ու Չարենց հնչեցրին արդեն 35-ը, որոնցից էլ ժյուրին ընտրեց հաղթողներին: Փոքր տարիքային խմբում հաղթող ճանաչվեց Լիանա Շահբազյանը, 15-17 տարեկանների մեջ լավագույնը ճանաչվեց Արամ Խաչատրյանը: Լավագույն մրցութային երգի համար բարձր գնահատականի արժանացավ Հերիքնազ Պոլոյանը, իսկ ԱԺ հատուկ մրցանակին արժանացավ` Թովմաս Թովմասյանը: Ժյուրիի անդամ` հանրապետության հայտնի դերասաններն ու արվեստագետները պարգեւներ հանձնեցին փայլուն արդյունքներ արձանագրած աշակերտներին, նաեւ` նրանց ուսուցիչներին:
Մրցույթ-փառատոնը ոչ միայն տոնական տրամադրություն ստեղծեց մարզկենտրոնում, այլ նաեւ անակնկալ մատուցեց հրազդանցիներին. ասմունքի փառատոնին ներկա էր ֆրանսահայ հայտնի եւ սիրված երգչուհի Ռոզի Արմենը: Վերջինս շնորհակալություն հայտնեց դպրոցականներին` տպավորիչ ելույթների համար, եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին` մի նախաձեռնության համար, որը երիտասարդների մեջ սերմանում է սեր հայ գրականության ու հայ մեծերի հանդեպ:
Խորհրդարանի ղեկավարն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց միջոցառմանն աջակցած բոլոր անձանց` մարզպետին, դպրոցների տնօրեններին, ժյուրիին, իր ներկայությամբ փառատոնը պատված Ռոզի Արմենին: ԱԺ նախագահը հատկապես շնորհակալ էր ասմունքող երեխաներից ու նրանց ուսուցիչներից` այդպիսի խանդավառությամբ ու վարպետությամբ երկու հանճարների տողերն ու հույզերը փոխանցելու համար: «Մենք ունենք մտավոր մեծ ներուժ, եւ դա մեր ապագան է»,-ասաց Հովիկ Աբրահամյանը` մնացած այլ նյութական ռեսուրսները համարելով անցողիկ եւ սպառելի: Այս նախաձեռնությունը, ԱԺ նախագահի բնորոշմամբ, հնարավորություն է ստեղծում կրկին հնչեցնել հայ վարպետների ստեղծագործությունները, ավելի ու ավելի ճանաչում ու տարածում ապահովել, ինչն էլ կարեւոր ներդրում է հայկական մշակույթի ու արվեստի մեջ: