National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
01.10.2012
ԱԺ պատգամավորները քննարկեցին Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին միջնորդագիրը
1 / 9

Ազգային ժողովը հոկտեմբերի 1-ին հերթական քառօրյա նիստերի աշխատանքն սկսեց նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերի հաստատումով, այնուհետեւ քվեարկությամբ ընդունեց նախորդ քառօրյայում քննարկված երկու օրինագծերը:

ԱԺ պատգամավորները շարունակեցին նախորդ քառօրյա վերջին նիստում ընդհատված, 2011 թ. դեկտեմբերի 20-ին Մոսկվայում ստորագրված «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների տարածքներում ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներ տեղակայելու մասին» արձանագրության քննարկումը:

Ալեքսանդր Արզումանյանը, ներկայացնելով «Ժառանգություն» խմբակցության տեսակետը, արձանագրեց, որ խմբակցությունը որեւէ խնդիր չունի ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հարցում, իրենք դեմ են միայն այս նախագծին, որը սահմանափակում է երկրի ինքնիշխանությունը, ուստի դեմ են քվեարկելու արձանագրության վավերացմանը:

Գլխադասային` ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը եզրափակիչ ելույթում նկատեց, որ պետք չէ գույները չափից ավելի խտացնել. քննարկվող արձանագրությունն ընդամենը լրացնում է ՀԱՊԿ-ի կանոնադրությունը եւ տարածաշրջանային անվտանգության ու համագործակցության խնդիր է լուծում, իսկ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը հավաստիացրեց, որ արձանագրությունը լիովին համապատասխանում է մեր երկրի ազգային շահերին, եւ կոչ արեց վավերացնել այն:

Այնուհետեւ ԱԺ պատգամավորները քննարկեցին «ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Մինասի Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին» ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագիրը:

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը տեղեկացրեց, որ  ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության կողմից 2012 թ. մայիսի 25-ին հարուցված քրեական գործի նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել` փաստելու, որ «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր եւ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարդան Օսկանյանը յուրացրել է բարեգործական նպատակներով իր միջոցով հիմնադրամին տրամադրելու նպատակով իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցները, այնուհետեւ տարաբնույթ գործողություններ կատարել հանցավոր ճանապարհով ձեռք բերված այդ միջոցներն օրինականացնելու ուղղությամբ` դրանով իսկ կատարելով ծանր հանցագործություններ` նախատեսված ՀՀ քրեակաան օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Ըստ ՀՀ գլխավոր դատախազի` քրեական գործի նախաքննությունը շարունակվում է. կան բազմաթիվ փաստական տվյալներ, այդ թվում` բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ, որոնք, գործող օրենսդրության պահանջների համաձայն, դեռեւս հրապարակման ենթակա չեն: Օսկանյանը ներկայում հրաժարվում է ցուցմունքներ տալ քրեական վարույթն իրականացնող մարմնին եւ իր պարզաբանումները ներկայացնել գործով ձեռք բերված բազմաթիվ ապացույցների առնչությամբ:

«Ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս Վարդան Օսկանյանին սույն քրեական գործով ներգրավելու որպես մեղադրյալ` առաջադրելով մեղադրանք առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցներ յուրացնելու եւ յուրացման արդյունքում ստացված եկամուտներն օրինականացնելու համար` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով»,- ասված է միջնորդագրում:

Ելնելով վերոգրյալից եւ ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդվածով` ՀՀ գլխավոր դատախազը միջնորդեց Ազգային ժողովին համաձայնություն տալ ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանին` որպես մեղադրյալ ներգրավելու այդ քրեական գործում:

ԱԺ 14 պատգամավորներ ՀՀ գլխավոր դատախազին  հարցեր ուղղեցին, որոնք վերաբերում էին դրամական միջոցների յուրացման հանգամանքներին, նվիրատուի հետ կնքված պայմանագրին, գործին ներգրավված անձանց, դատախազի ներկայացրած միջնորդագրի նպատակին, քրեական գործի` քաղաքական դրդապատճառների հետ հնարավոր առնչակցությանը:

Ելույթ ունեցավ  «ԲՀԿ» խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը, ով իր ելույթում  անդրադարձավ  ՀՀ գլխավոր դատախազին ուղղված հարցերում արծարծված երկու խնդրի: Առաջին` ինչու է Վարդան Օսկանյանը ամերիկացի բարերար Ջոն Հանթսմանի նվիրաբերած գումարները փոխանցել իր հաշվեհամարին եւ  երկրորդ` արդյոք Վարդան Օսկանյանն այդ գումարներն օգտագործել է իր անձնական կարիքների համար:

 Անդրադառնալով առաջին հարցին`  Վարդան Օսկանյանը նշեց, որ «Սիվիլիթաս» հիմնադրամը երկու ձեւով  է  գումարներ ստացել. առաջին դեպքում գումարներն անմիջապես ստացել է հիմնադրամը, մյուս դեպքում հիմնադրամը գումարներն ստացել է Վարդան Օսկանյանի միջոցով:

 Նա ասաց, որ  Հանթսմանների ցանկությամբ է գումարների` այս կարգով հատկացումը կատարվել:  Հակառակ պարագայում` նրանք կարող էին այնպես կնքել պայմանագիրը, որ գումարներն անմիջապես փոխանցվեին հիմնադրամին, սակայն, ըստ Վարդան Օսկանյանի` Հանթսմանների ցանկությունն է եղել, որ քննարկվող  1 մլն 427 հազար դոլարը  փոխանցվի նրա հաշվեհամարին եւ օգտագործվի իր հայեցողությամբ ու ցանկացած ժամկետում:

Վարդան Օսկանյանը տեղեկացրեց, որ «Սիվիլիթաս» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը տեղյակ է եղել այս փաստին, բացի այդ` համապատասխան փաստաթղթերում  առկա են հին եւ նոր հոգաբարձուների  խորհուրդների անդամների հայտարարությունները` հաստատված ստորագրություններով, ուստի  վերանում է  հարցը, թե ինչու է խնդրահարույց  գումարը եղել Վարդան Օսկանյանի հաշվեհամարում:

Խոսելով  գումարների յուրացման  եւ անձնական նպատակներով օգտագործելու  մեղադրանքի մասին` Վարդան Օսկանյանն  անդրադարձ կատարեց իր` որպես մարդու եւ քաղաքական գործչի անցած  ճանապարհին` հավաստիացնելով, որ չի յուրացրել եւ անձնական նպատակներով չի օգտագործել  «Սիվիլիթաս» հիմնադրամից ոչ մի լումա, ավելին` ինքն է իր անձնական գումարները երբեմն ծախսել հիմնադրամի կարիքների համար:

Վարդան Օսկանյանի կարծիքով` տեղի ունեցածը  քաղաքական պատվեր  է, որն ուղղված է ոչ միայն Վարդան Օսկանյանի, այլեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեմ:

Քննարկվող հարցի վերաբերյալ ելույթ ունեցան նաեւ ԱԺ պատգամավորները:

 ԲՀԿ խմբակցության անդամներ Նաիրա Զոհրաբյանը, Վահան Բաբայանը, Վահե Հովհաննիսյանը միջնորդագիրը որակեցին որպես քաղաքական պատվեր, որը չունի ոչ մի իրավական ուժ: Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ ելույթներից հետո ԲՀԿ խմբակցությունը չի մասնակցի հարցի հետ կապված քվեարկությանը, ինչպես նաեւ քառօրյա նիստերի աշխատանքին:

ՀՅԴ խմբակցության անդամներ Աղվան Վարդանյանը, Վահան Հովհաննիսյանը եւ Արծվիկ Մինասյանը նույնպես քաղաքական հետապնդման փորձ համարեցին Վարդան Օսկանյանի դեմ իրականացվող քրեական գործը, որը, ըստ նրանց, իրավական առումով անհիմն է:

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մեղադրեց նախորդ եւ ներկա իշխանությունների ներկայացուցիչներին` նշելով, որ ինքը չի պատրաստվում այդ անդամներից որեւէ մեկին պաշտպանել մյուս անդամների հարձակումներից:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը եւ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանը անընդունելի համարեցին այս խնդրում քաղաքական ենթատեքստ փնտրելը: Նրանց գնահատմամբ` ոչ ոք չի ասում, որ Վարդան Օսկանյանը մեղավոր է: Ներկայացված միջնորդագրով պարզապես պետք է հնարավորություն տալ իրավապահ մարմիններին` բնականոն քննչական աշխատանքով պարզելու խնդրի իսկությունը:

Հարցի քննարկումը կշարունակվի Ազգային ժողովի` հոկտեմբերի 2-ի նիստում:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am