National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.11.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
28.02.2012
Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 8

Փետրվարի 28-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը:

Մինչ օրինաստեղծ աշխատանքն սկսելը պատգամավորները ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի առաջարկով մեկ րոպե լռությամբ հարգեցին Սումգայիթի  զոհերի հիշատակը:

Պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին նախորդ օրը քննարկված օրինագծերը: Առաջին ընթերցմամբ ընդունվեց  «Գույքահարկի եւ հողի հարկի գծով առաջացած ապառքների մասին», «Հարկերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հողի հարկի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Գույքահարկի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ու 37 օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ առաջարկող օրինագծերի  փաթեթը, ինչպես նաեւ «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ու 18 օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ առաջարկող օրինագծերի  փաթեթը:

Խորհրդարանի նախագահը պատգամավորների անունից ողջունեց «Բաց դաս» ծրագրի շրջանակներում ԱԺ նիստին ներկա Հայկական պետական ագրարային համալսարանի գյուղատնտեսական  պետական քոլեջի ուսանողներին:

Խորհրդարանը շարունակեց նախորդ օրն ընդհատված  «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթի քննարկումը:

Հարակից ելույթով հանդես եկավ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը` ներկայացնելով հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Քննարկվող հարցի վերաբերյալ իրենց տեսակետներն ու դիտողությունները ներկայացրին ԱԺ պատգամավորներ Տիգրան Թորոսյանը, Անահիտ Բախշյանը, Վահան Հովհաննիսյանը, Արմեն Մարտիրոսյանը, Արմեն Ռուստամյանը եւ Ստյոպա Սաֆարյանը` անընդունելի  համարելով օրինագծերի փաթեթի` այս տեսքով ընդունումը, քանի որ այն հակասում է ՀՀ Սահմանադրության որոշ դրույթների:

Ընդհատելով հարցի քննարկումը` երկրորդ նիստում Ազգային ժողովը «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 104 հոդվածի ընթացակարգով քննարկեց ԱԺ պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանի, Արծվիկ Մինասյանի, Վահան Հովհաննեսյանի եւ Արմեն Մարտիրոսյանի նախաձեռնած «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը տեղեկացրեց, որ ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունները օրինագծերի փաթեթը համարել են արտահերթ: Խորհրդարանի նախագահը նշեց, որ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը փաթեթի վերաբերյալ դրական եզրակացություն չի ներկայացրել:

Հիմնական զեկուցող Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ օրենսդրական փոփոխությունների նպատակն է ամրագրել Ազգային ժողովի ընտրությունները 100% համամասնական ընտրակարգով անցկացնելու իրավական հիմքերը: Նա նշեց, որ Վենետիկի հանձնաժողովի եզրակացության համաձայն` օրենսդրական փաթեթը չի հակասում ժողովրդավարական չափորոշիչներին, այլ ընդամենը պահանջում  է քաղաքական համաձայնեցում: Պարոն Մարտիրոսյանը հայտնեց նաեւ, որ խորհրդարանական ընտրությունները 100% համամասնական ընտրակարգով անցկացնելու վերաբերյալ իրենց աջակցությունն են հայտնել հայաստանյան քաղաքական դաշտում ակտիվ գործունեություն իրականացնող բազմաթիվ կուսակցություններ, քաղաքական ուժեր, հասարակական կազմակերպություններ եւ անհատ քաղաքական գործիչներ:

Հարակից զեկուցողը` ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, քաղաքական տեսանկյունից ոչ նպատակահարմար է գտնում այս պահին անցումը 100 տոկոս համամասնական ընտրակարգին: Ըստ նրա` մեծամասնականի եւ համամասնականի զուգորդումը հնարավորություն է տալիս մեղմելու երկու մոդելների թերությունները: Պարոն Հարությունյանի համոզմամբ` ՀՀ-ի զարգացման այս փուլին համապատասխանող լավագույն մոդելը գործող ընտրակարգն է:

Ներկայացնելով կառավարության տեսակետը`  ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշեց, որ սա քաղաքական հարց է, որն ունի իրավական հիմնավորում: Նա ընդգծեց, որ կառավարության դեմ լինելը 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին քաղաքական որոշում է: Ըստ նախարարի` ցանկացած ընտրական համակարգ պետք է երկու գլխավոր խնդիր լուծի` ապահովի ձեւավորվող մարմնի ներկայացուցչական բնույթը եւ այդ մարմնի գործունեության արդյունավետությունը: Ըստ նրա` երկու գլխավոր խնդիրները դրված են ցանկացած ընտրական համակարգի առջեւ: Պարոն Թովմասյանի համոզմամբ` գործող համակարգը ապահովում է ներկայացուցչական բնույթը եւ խթանում կայուն մեծամասնության ձեւավորումը:

Հարցի առնչությամբ արտահերթ ելույթ ունեցավ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նրա գնահատմամբ` համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերի խնդիրը հասարակությանը հուզող կարեւորագույն հարցերից մեկը չէ: Պարոն Շարմազանովը կարծում է, որ Հայաստանի համար գործող մոդելը շատ կարեւոր է եւ արդարացված: Տեղերից ընտրված պատգամավորների դերն ու նշանակությունը ԱԺ փոխնախագահը կարեւորեց նաեւ տարածքների համաչափ զարգացման տեսանկյունից: Ըստ նրա` խնդիրը պետք է լինի արդար, թափանցիկ եւ ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ընտրությունների անցկացումը, ինչին որեւէ բան չի կարող խանգարել: Իշխանությունը ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու համար ցուցաբերում է քաղաքական կամք, ինչպես նաեւ իրականացրել է օրենսդրական փոփոխություններ` բարեփոխելով Ընտրական օրենսգիրքը:

Հարցի վերաբերյալ արտահերթ ելույթ ունեցավ նաեւ ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը: Ըստ նրա` քաղաքական կամք է պետք անցկացնելու համար ազատ, արդար, թափանցիկ եւ միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ: Անդրադառնալով մեծամասնական ընտրակարգով ընտրված 41 պատգամավորներին տրվող որակավորումներին` պարոն Բալասանյանը օրինաստեղծ աշխատանքում իր` որպես մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորի օրինակը բերելով` նշեց, որ պետք չէ այդպիսի որակավորումներ տալ: ԱԺ փոխնախագահը կարեւորեց մարզերից ընտրված պատգամավորների մասնակցությունը խորհրդարանական աշխատանքին: Թեեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ծրագրային դրույթներից է 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ ունենալը, սակայն, պարոն Բալասանյանն այժմ այդ փոփոխությունը ժամանակավրեպ է համարում: Նա ընդգծեց, որ խնդիրը քաղաքական կամքն է: Նշվեց, որ ԲՀԿ խմբակցությունն իր դիրքորոշումը կարտահայտի քվեարկությամբ:

 Օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ ելույթ ունեցան նաեւ ԱԺ պատգամավորները:

Նաիրա Զոհրաբյանի համոզմամբ`  խնդիրը պետք է լինի նվազեցնել ընտրակեղծիքների հնարավոր սողանցքը, ինչին էլ միտված է այս օրենսդրական փոփոխությունը: Նա նշեց, որ խմբակցությունում կան եւ համամասնականը, եւ մեծամասնականը պաշտպանող պատգամավորներ, ուստի ԲՀԿ կուսակցության նախագահի առաջարկով ԲՀԿ-ն ազատ կքվեարկի: Արա Նռանյանի գնահատմամբ` փոփոխությունների ընդունումը կնպաստի հասարակության շրջանում  ընտրությունների վերաբերյալ վստահության աճին, բիզնես միջավայրի բարելավմանը, եվրաինտեգրման ոլորտում առաջընթացին, արտագաղթի կասեցմանը: Ստյոպա Սաֆարյանը բարձրաձայնեց մեծամասնականով ընտրված այն պատգամավորների հարցը, որոնց չեն ճանաչում իրենց ընտրատարածքներում եւ որոնք տեղյակ չեն իրենց ընտրողների խնդիրներից: Արմեն Ռուստամյանը, անդրադառնալով ընտրակարգերի արդյունավետությանը` կարծիք հայտնեց, որ բոլոր մոդելներն էլ այն երկրներում են արդյունավետ, ուր ընտրություններն անցնում են ժողովրդավարական չափանիշներին համահունչ:

Ռաֆիկ Պետրոսյանը, անդրադառնալով այն տեսակետին, թե  մեծամասնական ընտրակարգն ընտրակեղծիքների հնարավորություն է տալիս, նշեց, որ դրանք կարող են լինել նաեւ համամասնականի դեպքում: Հակոբ Հակոբյանը հարցը դիտարկեց իրավական տեսանկյունից` նշելով, որ անհրաժեշտ է ապահովել քաղաքացու ընտրելու եւ ընտրվելու իրավունքը: Քաղաքական տեսանկյունից պարոն Հակոբյանը կարծում է, որ այս պահին համապատասխան փոփոխությունների ժամանակը չէ:

Ներկայացնելով «Ժառանգություն» խմբակցության տեսակետը` Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ համամասնականին անցումը այլընտրանք չունի: Ըստ նրա` երբեք ուշ չէ փոխել խաղի կանոնները, եթե դրա արդյունքում ընտրությունը դառնում է ազատ եւ արդար:

ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը նշեց, որ մեծամասնականով կայուն մեծամասնություն է ձեւավորվում առանց ժողովրդի մասնակցության, ժողովուրդը չի կարողանում իր իշխանությունը իրականացնել ընտրությունների միջոցով:

ԲՀԿ խմբակցության տեսակետը հայտնեց Նաիրա Զոհրաբյանը: Ցանկացած կայացած ժողովրդավարական ընտրական ավանդույթներ ունեցող երկրում պետք է լինի մեկ գերակա խնդիր` ընտրությունների արդար եւ ազատ անցկացում, իսկ թե ինչ ընտրակարգով կանցնեն այդ ընտրությունները, ըստ նրա, էական չէ: 100 տոկոսանոց համամասնական ընտարակարգին դեմ կարծիք հայտնողներին Նաիրա Զոհրաբյանը, որպես փոխզիջումային տարբերակ, առաջարկեց քննարկել նաեւ մեծամասնական ընտրակարգի, եթե ոչ ամբողջական վերացման, ապա այս փուլում գոնե նվազեցման տարբերակը:

ՀՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրեց Էդուարդ Շարմազանովը` ընդգծելով, որ ՀՀԿ-ն պատրաստ է իրականացնելու ժողովրդավարական ընտրություններ: Ըստ նրա` ՀՀԿ-ի համար խնդրի բովանդակությունն է էական, այն է` երկրում ժողովրդավարական գործընթացները խորացնելը: ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ այսօր Հայաստանի համար լավագույն տարբերակն այս համամասնությունն է: Պարոն Շարմազանովը նշեց, որ իրենց համար կարեւորը ժողովրդավարական զարգացումներն են եւ նորմալ, թափանցիկ ընտրությունների ապահովումը, որոնց համար առկա են  քաղաքական կամք եւ իրականացված օրենսդրական բարեփոխումներ:

Եզրափակիչ ելույթներում ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը եւ հիմնական զեկուցող Արմեն Մարտիրոսյանը անդրադարձան բարձրացված խնդիրներին եւ մտահոգություններին:

Ազգային ժողովը ընդհատված  «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթի քննարկումը կշարունակի փետրվարի 29-ին:

Ըստ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի` վերջին նիստում պատգամավորները հանդես եկան հայտարարություններով:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am