Փետրվարի 14-ին ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունեց գերմանացի լրագրողներ Ռիխարդ Քիսլերին եւ Կնութ Թեսկեին, որոնք Հայաստան են ժամանել ծանոթանալու ԼՂՀ հիմնախնդրի լուծման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշմանը, կոնֆլիկտի պատճառներին ու դրանց լուծման հնարավոր տարբերակներին, երկրի սոցիալ-տնտեսական եւ քաղաքական իրավիճակին:
Պարոն Շարմազանովը գոհունակություն հայտնեց, որ եվրոպացի լրագրողները առկա հիմնախնդիրները հասկանալու եւ լուսաբանելու համար անձամբ են այցելել տարածաշրջան ի տարբերություն ոմանց, որոնք թվացյալ դատողություններ են անում չիմացած բաների մասին: Նա հույս հայտնեց, որ Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ այցից հետո նրանք ամբողջական պատկերացում կունենան թե ԼՂՀ հիմնախնդրի, թե դրա պատճառների ու հնարավոր լուծումների վերաբերյալ, քանզի եւ Հայաստանում, եւ Արցախում պատրաստ են բաց ու առողջ քննարկումներ ծավալելու, անկեղծ դիրքորոշումներ հայտնելու: Միայն թե հարգարժան լրագրողներն էլ պետք է պատասխանատվություն դրսեւորեն` փաստերը ներկայացնելով անաչառ ու անկողմնակալ:
Գերմանացի լրագրողները տեղեկացրին, որ նախորդ տարի իրենք եղել են Ադրբեջանում, այժմ Հայաստանում են, իսկ հաջորդ օրը մեկնելու են Լեռնային Ղարաբաղ` ամբողջական պատկերացում կազմելու առկա իրավիճակի մասին: Իրենք գրում են գերմանական հանրահայտ թերթերի համար եւ անցկացնում ինտերնետային ֆորումներ: Եվ այս ամենը նրա համար, որ գերմանացիները հասկանան, թե ինչու է ԼՂ հիմնախնդիրը դժվար լուծելի: Նրանց գնահատմամբ` եվրոպայի համար այս տարածաշրջանի նշանակությունը մեծ է, իսկ կոնֆլիկտային իրավիճակը` պայթյունավտանգ: Միաժամանակ իրենք հասկանում են, որ Հայաստանը «դժվար» հարեւաններ ունի, բայց կարծում են, որ հակամարտության կողմերի դիրքորոշումները կարելի է մոտեցնել, փոխվստահություն սերմանել տնտեսական համագործակցության միջոցով: Նրանց տեղեկացմամբ` ադրբեջանցիները կողմ են արտահայտվել տնտեսական համագործակցությանը:
Պարոն Շարմազանովի գնահատմամբ` խոսքի ու գործի հակասությունը, ինչպես միշտ, այս անգամ էլ հատուկ է ադրբեջանական գործելաոճին: Նրանք «քաղաքականություն են խաղում», այնինչ ինքը փաստերով կխոսի: Ըստ ԱԺ փոխնախագահի` եվրոպացիները շատ լավ պետք է իմանան, որ ժողովրդավարության կարեւոր բաղադրիչ է հանդուրժողականությունը: Կարելի՞ է համագործակցել մի երկրի ղեկավարի հետ, ով ռասիզմ է քարոզում, հոխորտում, թե ռազմական միջոցներով կգրավի Արցախը: Հայաստանը հարցը խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելու կողմնակից լինելով` առաջարկում է հարցի լուծման փոխզիջումային տարբերակը, իսկ ադրբեջանի ղեկավարը իրենն է պնդում` նման հռոմեացի Կատոն Ավագի այն կարգախոսին, թե` «Կարթագենը պետք է կործանվի»:
Համագործակցության համար պետք է տարրական փոխվստահություն լինի, այնինչ, երբ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը առաջարկեց ձեռնպահ մնալ հարցը ռազմական ճանապարհով լուծելուց եւ դիպուկահարներին հետ քաշել, նրանք հրաժարվեցին: Ի՞նչ համագործակցության մասին կարող է խոսք լինել, երբ դիպուկահարները օրը ցերեկով կրակում են զինվորների ու խաղաղ բնակչության վրա: Չնայած այս ամենին` Հայաստանը շարունակում է մնալ հարցը խաղաղ ճանապարհով կարգավորելու կողմնակից:
Պարոն Շարմազանովը ներկայացրեց Ադրբեջանին Ղարաբաղի բռնակցման պատմությունը, Խորհրդային Միության փլուզումից հետո հանրաքվեի միջոցով միջազգայնորեն ընդունված ինքնորոշման սկզբունքի հիման վրա ստացած անկախության, այնուհետեւ ժողովրդավարացման ընթացքը: «Իրավական առումով Ղարաբաղը ունի միջազգայնորեն ճանաչվելու բոլոր հիմքերը», - հավելեց ԱԺ փոխնախագահը:
Գերմանացի լրագրողների այն հարցին, թե ինչ պետք է անել, եթե Ադրբեջանը չի ճանաչում Ղարաբաղի անկախությունը, պարոն Շարմազանովն ասաց. «Ոչինչ, Ղարաբաղը նվաճել է իր անկախությունը. ոչ թե Ադրբեջանը պետք է ճանաչի Ղարաբաղի անկախությունը, այլ միջազգային հանրությունը, ինչը արել է մի շարք դեպքերում»,- եւ ապա, մատնացույց անելով գերմանացի լրագրողի առջեւ դրված ակնոցը, հարցրեց,- ես կարծում եմ, որ ոչ մեկը չի վիճարկում, որ դա Ձեր ակնոցն է. ի՞նչ կասեիք, եթե ես վերցնեի ու նվիրեի Ձեզ»: Գերմանացի լրագրողների ժպիտը խոսուն էր, օրինակը` դիպուկ:
ԱԺ փոխնախագահը, ի պատասխան լրագրողների հարցման, մերժեց նաեւ Ղարաբաղյան խնդրի կրոնական հիմքեր ունենալու մասին ադրբեջանական կեղծ ու անհիմն մեկնաբանությունները` տեղեկացնելով, որ ոչ միայն Հայաստանը մուսուլմանական բազմաթիվ երկրների հետ բարեկամական հարաբերություններ ունի, այլեւ մուսուլմանական բազմաթիվ երկրների հայկական գաղթօջախներում մեր հայրենակիցները սերտ համագործակցում են, ավելին` ինտեգրվել են այդ երկրների քաղաքացիական հասարակությանը:
Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաեւ հայ-թուրքական հարաբերություններին, հայոց ցեղասպանությանն ու նրա ճանաչմանն առնչվող հարցեր:
Գերմանացի լրագրողները շնորհակալություն հայտնեցին պարոն Շարմազանովին անմիջականության ու անկեղծության համար, իսկ վերջինս հավաստիացրեց, որ Լեռնային Ղարաբաղ այցից հետո կամբողջանան նրանց պատկերացումները հիմնախնդրի վերաբերյալ: «Այդ նորանկախ երկրում դուք կտեսնեք չափահաս մի սերունդ, որն ազատ մտածողություն ունի. չի տեսել ու չի ուզում իմանալ, թե ինչ բան է ադրբեջանական իշխանությունը: Նրանք միշտ առաջ են նայում ու շարժվում են առաջ», -նշեց Էդուարդ Շարմազանովը: