National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
28.11.2011
Ազգային ժողովի արտահերթ նիստում
1 / 7

ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ նոյեմբերի 28-ին նախաձեռնողի սահմանած օրակարգով տեղի ունեցավ Ազգային ժողովի արտահերթ նիստ: 
  
 ԱԺ պատգամավորները արտահերթ նիստի անցկացման հատուկ ընթացակարգի մասին եւ մի շարք օրենքների նախագծերի քննարկման հատուկ կարգի մասին ԱԺ որոշումները  հաստատելուց հետո քվեարկությամբ ընդունեցին նախորդ քառօրյայում քննարկված 12 օրինագծերը: 
  
ԱԺ պատգամավորները քննարկեցին երկրորդ ընթերցման ներկայացված «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերը: 
  
 Ազգային ժողովը քննարկեց նաեւ «Տեխնիկական կանոնակարգման մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին»,  «Ստանդարտացման մասին», «Հավատարմագրման մասին» եւ «Համապատասխանության գնահատման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների  նախագծերի փաթեթը, որը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գառնիկ Բադալյանը: Օրինագծերի փաթեթի նպատակը, ըստ հիմնական զեկուցողի` «ՀՀ կառավարության 2011 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը եւ գերակա խնդիրները հաստատելու մասին»   որոշման, ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետության եվ Եվրոպական Միության միջեւ խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի բանակցությունների մեկնարկի նպատակով մինչեւ 2011 թվականի հունիս ամիսը կատարվելիք միջոցառումների ժամանակացույցի»  1-ին կետի կատարման ապահովումն է, համաձայն որի`  ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարված է սկսել ՀՀ կառավարության որոշմամբ հավանության արժանացած ՀՀ որակի ենթակառուցվածքների բարեփոխման ռազմավարության  եւ գործողությունների ծրագրի իրականացումը:

Այն նախատեսում է որակի  բարեփոխումների իրականացում` համապատասխանեցնելով այն միջազգային օրենսդրությանը, ազգային տնտեսության նոր իրողություններին եւ մի շարք ոլորտներում առնչվող բարեփոխումներին:

Հարակից զեկուցումով հանդես եկավ գլխադասային` ԱԺ տնտեսական մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վարդան Բոստանջյանը: Ներկայացնելով հանձնաժողովի դրական տեսակետը եւ կարեւորելով օրենքի գաղափարախոսությունը,  նա ճիշտ չհամարեց նախագծի հապճեպ քննարկումն ու ընդունումը, քանի որ այն բավականաչափ ծավալուն է եւ հանգամանալից քննարկման ու շտկումների կարիք ունի, ինչը  առաջարկեց անել առաջին ընթերցումից հետո: Նրա տեղեկացմամբ` հանձնաժողովը պատրաստ է մի շարք առաջարկներ ներկայացնել: 
  
 ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը ներկայացրեց «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:

Հայաստանի Հանրապետության վավերացրած ՄԱԿ-ի ԵՏՀ «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» կոնվենցիայի եւ «Ռազմավարական էկոլոգիական գնահատման մասին» արձանագրության պահանջներին համապատասխանեցնելու նպատակով մշակվել է օրենքի նոր գլուխ` «Անդրսահմանային ազդեցություն ունեցող նախատեսվող գործունեությունների փորձաքննություն», որը մինչ այդ բացակայում էր: Նշված լրացումը հնարավորություն կտա կարգավորել Հայաստանի Հանրապետության եւ հարեւան երկրների` ոլորտին վերաբերող միջպետական հարաբերությունները:

Օրենքը լրացվել է նաեւ «Փորձաքննության համար անհրաժեշտ փաստաթղթերը եւ հաշվետվության բովանդակությունը» գլխով, ինչը հնարավորություն է տալիս ապահովել գործընթացի իրականացման թափանցիկությունը եւ կարգավորման հստակությունը:

Եթե գործող օրենքում  ծանուցման փուլն անավարտ է, նոր նախագծով գործընթացը լիովին կարգավորվել է: Գործունեությունները, ըստ շրջակա միջավայրի վրա ազդեցության, դասակարգվել են կատեգորիաների, եւ գործարար միջավայրի բարելավմանը նպաստելու նպատակով, ձեռնարկողը հնարավորություն է ստացել գ կատեգորիայի գործունեության դեպքում փորձաքննական եզրակացությունը ստանալ նախնական փուլում` 30 օրյա ժամկետում:

Օրենքի նախագծի մշակման նպատակն է օրենքը համապատասխանեցնել հասարակական զարգացումների հետեւանքով առաջացած իրավահարաբերություններին, ոլորտին վերաբերող միջազգային պահանջներին, Եվրամիության ստանդարտներին, նպաստել Հայաստանի գործարար միջավայրի բարելավմանը:

Ներկայացնելով «Ժառանգություն» խմբակցության տեսակետը` Ստյոպա Սաֆարյանն առաջարկեց չընդունել օրենքի  նախագիծն առաջին ընթերցմամբ, քանի որ այն քննարկման ու բարելավման կարիք ունի: Ըստ նրա` հարկավոր է քննարկումներին հրավիրել նաեւ բնապահպանական հասարակական կազմակերպություններին եւ լսել նրանց տեսակետը: Հակառակ դեպքում խմբակցությունը դեմ կքվեարկի օրենքի նախագծին:

ՀՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրեց Վարդան Այվազյանը:  Նրա գնահատմամբ` փորձաքննության գործընթացի մեխանիզմները նախագծում ներկայացված են հանգամանորեն: Իհարկե, կան նաեւ թերություններ հատկապես ընթացակարգային, անդրսահմանային խնդիրներին առնչվող նորմերում. դրանք  պետք է շտկել` ներկայացնելով կոնկրետ առաջարկներ եւ ոչ թե քաղաքականացնել հարցը: Նա կոչ արեց քաղաքական ուժերին իրատեսություն ցուցաբերել, ներկայացնել համապատասխան առաջարկներ, համատեղ քննարկումներ կազմակերպել` հրավիրելով նաեւ ոլորտին առնչվող շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներին:

Եզրափակիչ ելույթում ՀՀ բնապահպանության նախարարը առաջարկեց օրինագիծն ընդունել առաջին ընթերցմամբ, իսկ մինչեւ երկրորդ ընթերցում համատեղ քննարկումների, խորհրդարանական լսումների միջոցով, առաջարկների հաշվառումով բարելավել նախագիծը: 
  
 «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը ներկայացրեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը: Օրինագծում առաջարկվող փոփոխությունները վերաբերում են տրանսպորտային միջոցի հետ կապված գործարքներից ծագող տրանսպորտային միջոցի սեփականության, գրավի եւ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքին, վարորդական իրավունքի ժամկետների երկարացմանը, ինչպես նաեւ որոշ վարորդական կարգերի ստացման ընթացակարգերին: 
  
 Հարցի քննարկումը կշարունակվի Ազգային ժողովի` նոյեմբերի 29-ի նիստում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am