National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
20.07.2011
ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողը հանդիպեց խորհրդարանական խմբակցությունների հետ
1 / 3

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում մոնիտորինգի հանձնաժողովի  Հայաստանի հարցերով համազեկուցող Աքսել ֆիշերը հուլիսի 20-ին հանդիպեց խորհրդարանական խմբակցությունների հետ:

Առաջին հանդիպումը քաղաքական կոալիցիան ներկայացնող խմբակցությունների հետ էր:

Աշնանը նախատեսվում է ներկայացնել Հայաստանի վերաբերյալ զեկույց, եւ այս այցը համազեկուցողը համարեց լավ հնարավորություն զեկույցում վերջին իրադարձություններն ու զարգացումներն արտացոլելու համար: Մասնավորապես ԵԽԽՎ ներկայացուցիչը հետաքրքրված էր ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխություններով, իշխանության եւ արմատական ընդդիմության միջեւ ծավալված երկխոսությամբ, համաներման գործընթացով: Պրն. Ֆիշերի գնահատմամբ` դրական զարգացումները նշված հարցերում նկատելի են:

Խոսելով երկխոսության մասին` Նաիրա Զոհրաբյանը բնորոշեց այն որպես քաղաքական նոր մշակույթ հայաստանյան իրականության մեջ  եւ համարեց  որպես հակասություններից համագործակցության ացնելու լավ հնարավորություն ու հարթակ:

Դավիթ Հարությունյանը եւս դրական սպասելիքներ ունի երկխոսությունից, չնայած որ գիտակցում է` դժվարություններ լինելու են: ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարը համազեկուցողին մանրամասներ հաղորդեց ՀՀ ընտրական օրենսգրքի բարեփոխումների մասին: Բովանդակային փոփոխություններից զատ պատգամավորը խոսեց այս օրենսգրքի հիմնական առանձնահատկությունների մասին: Նախ` բարեփոխումն սկսվել է ընտրություններից շատ ավելի վաղ` պայմանավորված ընտրությունների նախօրեին  քննարկումները քաղաքականացնելու  մտավախությամբ: Քննարկումներն անցել են ընդգրկուն ու բաց ձեւաչափով. աշխատանքային խմբի նիստերին հրավիրվել եւ առաջարկներ են ներկայացրել ոչ միայն ընդդիմության, այլ նաեւ քաղաքացիական հասարակության  ներկայացուցիչներ ու անհատներ, ովքեր 300-ից ավելի առաջարկներ են ներկայացրել: Որպես երրորդ առանձնահատկություն Դավիթ Հարությունյանը նշեց օրենսգրքի շուրջ առաջին ընթերցումից եւ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը ստանալուց հետո կազամակերպած լսումները: Արդյունքում` նախագծում արտացոլվել է Վենետիկի հանձնաժողովից ստացված նկատառումների շուրջ 90 տոկոսը: Պրն. Ֆիշերը բանախոսին շնորհակալություն հայտնեց  ընտրական օրենսգրքի վրա կատարված գերազանց աշխատանքի համար եւ հույս հայտնեց, որ առաջիկա ընտրություններում կպահպանվի նոր օրենսգրքի թե տառը եւ թե ոգին: Դավիթ Հարությունյանը խոսեց նաեւ դատաիրավական բարեփոխումների ընթացքի վերաբերյալ` ընդգծելով  դատական համակարգի եւ ընտրությունների նկատմամբ հանրության վստահության կարեւորությունը:

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարը մեկ անգամ եւս անհամաձայնություն հայտնեց 1416 բանաձեւի` ԼՂ հարցով ժամանակավոր ենթահանձնաժողովի աշխատանքները վերսկսելու վերաբերյալ: Հայկական պատվիրակությունը այդ ենթահանձնաժողովի աշխատանքը ոչ միայն արդյունավետ չի համարում, այլ գնահատում է այն վտանգավոր: Նաիրա Զոհրաբյանը համազեկուցողի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանում տարվող` հայատյաց քաղաքականության վրա եւ նշեց, որ պատրաստվում է Թոմաս Համմարբերգին ներկայացնել ադրբեջանական դասագրքերի վերաբերյալ իր կատարած հետազոտությունը: Պատմության, կենսաբանության եւ անգամ մաթեմատիկայի դասագրքերում Ադրբեջանը պետական մակարդակով  քարոզում է ատելություն հայերի նկատմամբ: Այս մասին անգամ ահազանգել են իրենց երեխաների դաստիարակությամբ մտահոգված ադրբեջանուհիներ: Պատգամավորի կարծիքով` երկու հասարակությունների միջեւ վստահության մթնոլորտ ձեւավորելու համար  ԵԽԽՎ-ն այս աղմկահարույց հարցի ուսումնասիրությունից  պետք է սկսեր, եւ ոչ ենթահանձնաժողովից:

Համազեկուցողը նշեց, որ հասկանում է հայկական պատվիրակության դիրքորոշումը եւ, ի պաշտոնե մասնակցելով ենթահանձնաժողովի առաջին նիստին, տպավորություն է ստացել` ենթահանձնաժողովը գաղափար չունի, թե ինչ հարցով է զբաղվելու: 
  

Աքսել ֆիշերը հանդիպեց նաեւ ՀՅԴ խմբակցության  քարտուղար Արտյուշ Շահբազյանի եւ խմբակցության անդամ Հրայր Կարապետյանի հետ:

Խոսելով իշխանության եւ Հայ ազգային կոնգրեսի միջեւ մեկնարկած երկխոսության մասին` ՀՅԴ պատգամավորներն այն ողջունելի համարեցին` որպես ներքաղաքական լարվածությունը թուլացնելու միջոց: Այդուհանդերձ` պատգամավորների համար պարզ չէ երկխոսության թեման:  Արմատական ընդդիմության կողմից առաջ քաշվող` արտահերթ ընտրությունները, ըստ պատգամավորների, իրենց հետ անկայունություն կբերեն: Մասնակցելով խորհրդարանական նախորդ ընտրություններին` արմատական ընդդիմությունը կունենար խորհրդարանում բանավիճելու եւ հարցեր քննարկելու հնարավորություն, նկատեց Հրայր Կարապետյանը: ՀՅԴ խմբակցությունը, լինելով ընդդիմադիր դաշտում, այսօր ղեկավարում է խորհրդարանական երկու հանձնաժողով, իր 16 պատգամավորներով լսելի է դարձնում բոլոր մտահոգությունները եւ տեսակետները:

Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ ՀՀ ընտրական օրենսգրքի նոր տարբերակին: Թեեւ ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացրած հիմնական ու սկզբունքային  առաջարկները օրենսգրքի վերաբերյալ չեն ընդունվել, սակայն տեղ են գտել ընտրական գործընթացների նկատմամբ վերահսկողություն սահմանող որոշ դրույթներ:

Որպես ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ  ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ` Հրայր Կարապետյանը համազեկուցողի հետ քննարկեց ոստիկանությունում կատարված բարեփոխումների, մասնավորապես օրենսդրական մի շարք  փոփոխությունների հարցը: Աքսել Ֆիշերի դիտարկմամբ` արդյունավետ  կլիներ նաեւ խորհրդարանական վերահսկողություն սահմանել ոստիկանությունում բարեփոխումների ընթացքի  նկատմամբ:  


Նույն օրը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Աքսել Ֆիշերը հանդիպեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի, խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանի եւ խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի հետ:

Համդիպման ընթացքում խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը տեղեկացրեց, որ «Ժառանգություն» խմբակցությունը փետրվարից չի մասնակցում խորհրդարանի նիստերին, որի պատճառներից մեկն այն է, որ ԱԺ նիստերի օրակարգում չեն ներառվել Հայաստանի պարտավորությունների կատարման ուղղությամբ իրենց նախաձեռնած շուրջ 50 օրենսդրական  նախաձեռնություններ: Ըստ պարոն Սաֆարյանի` գարնանը իրենց խմբակցությունն առաջարկել է, որ Հայաստանը սահմանադրական նոր փոփոխություններ կատարի եւ ճանաչի միջազգային քրեական դատարանի իրավասությունը:

«Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը, անդրադառնալով ընտրական բարեփոխումներին եւ 2012 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, նշեց, որ «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ չեն ընդունվել իրենց խմբակցության որոշ առաջարկներ:

Խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը խոսեց ընտրական գործընթացներից եւ ԼՂ հիմնախնդրից:

Հանդիպման ավարտին համազեկուցող Աքսել Ֆիշերը, անդրադառնալով 2012 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, կարեւորեց ԶԼՄ-ների ազատությունը եւ հույս հայտնեց, որ ՀՀ ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունները կնպաստեն ոլորտի բարելավմանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am