National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
14.06.2011
Տարածաշրջանային խորհրդարանական համաժողով Ազգային ժողովում
1 / 9

Հունիսի 14-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում աշխատանքը սկսեց  Ազգային ժողովի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի եւ Միջխորհրդարանական միության կազմակերպած «Իրականություն դարձնել ամենախոցելի երեխաների իրավունքները» թեմայով Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների տարածաշրջանային խորհրդարանական եռօրյա համաժողով, որին մասնակցում էին տարբեր երկրներ եւ միջազգային կազմակերպություններ ներկայացնող ավելի քան 100 պատվիրակներ, ԱԺ պատգամավորներ, կառավարության ներկայացուցիչներ, փորձագետներ,

Ողջունելով համաժողովի մասնակիցներին` ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը նշեց, որ կազմակերպված քննարկումը արդիական է ու հրատապ: Ըստ ԱԺ փոխնախագահի` երեխաների, մասնավորապես խոցելի խմբերում գտնվող եւ լուսանցքում հայտնված երեխաների իրավունքների պաշտպանությունը հասարակության բոլոր անդամների համար անչափ կարեւոր ու վճռորոշ հարց է, որը պետք է գտնվի ամենօրյա ուշադրության կենտրոնում: Պարոն Նիկոյանը նշեց, որ առաջիկա երեք օրերի ընթացքում համաժողովում քննարկվելու եւ ներկայացվելու է առաջավոր երկրների փորձն այս բնագավառում, արծարծվելու են երեխաների կրթությանը, միջավայրին, առողջությանը վերաբերող հիմնահարցեր:

Այնուհետեւ ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը համաժողովի մասնակիցներին ներկայացրեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը. 
  
«Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար,

հարգարժան պարոն Ջոնսոն,

Հարգելի տկն. Մոշիրի,

Հարգելի պատգամավորներ,

Տիկնայք եւ պարոնայք, 
  
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի անունից ողջունում եմ այս ներկայացուցչական համաժողովի մասնակիցներին եւ գոհունակություն հայտնում, որ Միջխորհրդարանական միությանն անդամակցելուց հետո առաջին անգամ մեր երկրում անց է կացվում նման կարեւոր միջոցառում: Կարեւոր այն գիտակցությամբ, որ երեխաները մեր ապագան են, որ  մանկությունից են կախված նրանց հետագա ամբողջ կյանքը եւ մեր մոլորակի ապագան, ուստի մեր խնդիրն է, թե որքանով են երաշխավորված նրանց իրավունքները, ինչպես են դրանք իրականացվում, ինչպիսի պայմաններ ենք մենք ապահովում այդ փոքրիկ էակների զարգացման համար` անկախ երկրի աշխարհագրական դիրքից եւ սոցիալ-տնտեսական զարգացման աստիճանից:

Երեխաների իրավունքների պաշտպանության համակարգում հատուկ տեղ ունեն իրավական նորմերը, որոնք ամրագրում են երեխայի հոգեւոր ու ֆիզիկական դաստիարակության բոլոր հայտնի մեխանիզմները: Այդ դրույթը հռչակված է 1989թ. Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայում, այն է` «Մասնակից պետությունները հարգում եւ ապահովում են սույն Կոնվենցիայով նախատեսված` երեխաների բոլոր իրավունքները»: Երեխայի իրավունքների իրականացման վերաբերյալ միջազգային հանրության մտահոգությունը հասկանալի է նաեւ մեր երկրում, քանի որ մենք բոլորս անհանգստացած ենք ապագա սերունդների լիարժեք կենսագործունեությանն ապահովմամբ:

Հայաստանի Հանրապետության օրենսդրական դաշտը համահունչ է ստանձնած միջազգային պարտավորություններին ու հանձնառություններին եւ ի զորու է ապահովել երեխաների իրավունքների պաշտպանությունը: 1989թ. Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի վավերացումից հետո ՀՀ Ազգային ժողովն ընդունել է «Երեխայի իրավունքների մասին» օրենքը, որը մի շարք այլ օրենքների հետ մեկտեղ ապահովում է երեխաների իրավունքների պաշտպանության իրավական մեխանիզմները:

Երեխայի հիմնական իրավունքներից մեկը կրթության իրավունքն է, որի  արդյունքում ստացած գիտելիքները կարող են ապահովել նրա կյանքի ընթացքում սեփական իրավունքների պաշտպանությունը ու դառնալ ազատություններից օգտվելու գրավականը:

ՀՀ Ազգային ժողովը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում երեխայի իրավունքներին նվիրված հարցերը եւ ակտիվորեն համագործակցում է ՅՈԻՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ, որի արդյունքը եղավ 2009թ. հուլիսին Փոխըմբռնման մասին հուշագրի ստորագրումը:

Շնորհակալություն ենք հայտնում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակին` երեխաների վիճակի բարելավման, «Երեխայի իրավունքների» եւ «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» կոնվենցիաներով Հայաստանի ստանձնած պարտավորությունների իրականացմանն ուղղված օգնության համար: ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի իրականացրած ծրագրերի շարքում իր ուրույն տեղն ունի «Հատուկ պաշտպանություն պահանջող երեխաների» համար նախատեսված ծրագիրը, որը ներառում է հաշմանդամ երեխաներին, որբերին, փողոցում ապրող ու աշխատող, օրինախախտ եւ վերահսկվող հաստատություններում գտնվող երեխաներին:

Հիմնադրամի օժանդակությամբ Հայաստանի մարզերում հիմնվել են համայնքային կենտրոններ, որոնք նպաստում են հասարակության մեջ հաշմանդամ, ռիսկայնի խմբի եւ օրինազանց երեխաների վերաինտեգրմանը: Այժմ ՀՀ կառավարությունը ֆինանսավորում է երեխայի զարգացման ու վերականգնման յոթ կենտրոն:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթական ծրագրի նպատակը երեխաների գիտակցական, հոգեւոր, սոցիալական ու մտավոր կարողությունների խթանումն է վաղ մանկության ու դեռահասության շրջանում: Տարածվել ու ընդլայնվել է ներառական կրթության մոդելը: 2008թ. վերջին գործում էր  31 ներառական դպրոց, որից 13-ը ֆինանսավորվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից: Հատուկ կարիքներ ունեցող ավելի քան 45 երեխաներ ընդունվել են երկրի 13 ներառական դպրոցներ:

2010-2015 թվականներին կիրականացվի  ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցության ծրագրերի նոր փուլը, որն ուղղված է Հազարամյակի զարգացման նպատակների իրականացմանը եւ, մասնավորապես, երեխայի առողջության, բավարար խնամքի եւ մաքուր միջավայրի ապահովմանը:

Այսօրվա համաժողովում բարձրացվելու է հարցերի բավական լայն շրջանակ, որոնց նպատակն ամենախոցելի երեխաների իրավունքների պաշտպանությունն ու ապահովումն է: Համոզված եմ կլինեն շատ հետաքրքիր, շահագրգիռ եւ արդյունավետ քննարկումներ:

Ցանկանում եմ ձեզ արգասաբեր աշխատանք եւ մաղթում նորանոր հաջողություններ ձեր շնորհակալ առաքելության մեջ»: 
  
Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Անդերս Ջոնսոնը, շնորհակալություն հայտնելով ՀՀ Ազգային ժողովին նման միջոցառում կազմակերպելու համար, նշեց, որ երեխաները մեր ապագայի կրողն են եւ եթե նրանք ստանան համապատասխան դաստիարակություն եւ կրթություն, ապա կարող են դառնալ հասարակության լիիրավ անդամներ: Ըստ պարոն Անդերս Ջոնսոնի` մի շարք խորհրդարաններ հրավիրում են իրենց երկրների երեխաներին մասնակցելու խորհրդարանական հանձնաժողովների նիստերին եւ տեղեկանալու ընդունվող օրենքներին: Ելույթի վերջում Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարը նշեց, որ տարածաշրջանային խորհրդարանական համաժողովի նպատակն է արտահայտել կոնկրետ նախաձեռնություններ, արձանագրել որոշակի արդյունքներ եւ նպաստել գործընկերության ձեւավորմանը` ի շահ երեխաների իրավունքների պաշտպանության:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ տիկին Լեյլի Մոշիրին բարձրաձայնեց Կենտրոնական, Արեւելյան Եվրոպայի եւ ԱՊՀ պետությունների ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի տարածաշրջանային տնօրեն Սթիվեն Ալենի ուղերձը, որում ներկայացվում են երեխաների իրավունքների պաշտպանությանը առնչվող ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի գործունեությունը, կոչ է արվում օգնել բարելավելու ամենախոցելի երեխաների իրավունքները: Ուղերձում նշվում է, որ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի խնդիրն է խթանել երեխաների իրավունքները պաշտպանությունը:

Հիմնական ելույթով հանդես եկավ Նորվեգիայից ժամանած երեխաների իրավունքների հարցերով նախկին օմբուդսմեն պարոն Թրոնդ Վաագեն, որը խոսեց ամենախոցելի երեխաների իրավունքների պաշտպանությունից, ձեռքբերումներից եւ մարտահրավերներից: Նա նշեց, որ երեխայի լիարժեք զարգացումը ազգի զարգացման հիմքն է: Պարոն Թրոնդ Վաագեն կոչ արեց խորհրդարաններին հետամուտ լինել պաշտպանելու երեխաներին բռնություններից:

Նիստի ընթացքում ելույթ ունեցան պատգամավոր Անահիտ Բախշյանը, Սերբիայի խորհրդարանի փոխխոսնակ Յուդիտա Պոպովիչը, Ուկրաինայի Հանրապետության Վերխովնայա Ռադայի փոխխոսնակ Միկոլա Տոմենկոն, որոնք ներկայացրեցին Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի եւ ԱՊՀ երկրներում խորհրդարանների կողմից երեխաների իրավունքներին առնչվող գործողությունների եւ մոնիթորինգի իրականացման ընդհանուր իրավիճակը, խորհրդարանների առջեւ ծառացած առաջնային խնդիրները եւ երեխաների իրավունքներին առնչվող խնդիրներին արձագանքելու հարցում կիրառվող մեխանիզմները:

Մոլդովայի Հանրապետության ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Ալեքսանդրա Յուստերը, Եվրախորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Ժուլիեն Աթուիլ-Կայզերը, Միջխորհրդարանական միության ներկայացուցիչ, ծրագրերի ղեկավար Կարին Ժաբրը ներկայացրին երեխաների իրավունքներին առնչվող միջազգային ու տարածաշրջանային օրենսդրական դաշտը եւ խորհրդարանների պարտավորությունները: Հատուկ ուշադրություն դարձվեց տարածաշրջանային եւ միջազգային մոնիթորինգային գործընթացներում խորհրդարանների դերի վրա:

Համաժողովն աշխատանքը հունիսի 15-ին եւ 16-ին կշարունակի  Արմենիա Մարիոթ հյուրանոցի «Տիգրան Մեծ» դահլիճում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am