National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
03.03.2011
Ազգային ժողովն ավարտեց չորսօրյա նիստերի աշխատանքը
1 / 5

Մարտի 3-ին խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ այս անգամ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում Ազգային ժողով են այցելել եւ խորհրդարանական աշխատանքին են հետեւում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարբեր դպրոցների մանկավարժներ եւ բարձր դասարանցիներ:

Մինչ օրակարգային հարցերին անցնելը պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին նախորդ օրը քննարկված 6 օրինագծեր եւ օրենսդրական փաթեթներ:

Այնուհետեւ խորհրդարանը առաջին ընթերցմամբ քննարկեց կառավարության հեղինակած «Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Հիմնական զեկուցող, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը նշեց, որ օրենսդրական փոփոխությունները նպատակ ունեն կանոնակարգել հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորությունների չկատարման դեպքում արգելանքի կիրառումը, ինչի պահանջը ամրագրված է ՀՀ Սահմանադրության 83.5 հոդվածում եւ միաժամանակ լուծել հարկային վարչարարության ընթացքում առաջացող խնդիրները: Սահմանվել է, որ արգելանքի կիրառումը պետք է կախվածության մեջ դրվի այլ իրավաբանական փաստերից, մասնավորապես` հարկային պարտականության գոյությամբ: Հանձնարարագրերի հրապարակման լիազորությունը կարող է իրականացվել հարկային մարմնի ղեկավարի, նրա տեղակալի եւ հարկային տեսչության պետի կողմից: Նշված լրացումը  կատարվել է հարկային վարչարարությունն առավել ճկուն իրականացնելու նպատակով:

ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը, ներկայացնելով ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը, ընդգծեց, որ օրենսդրական փաթեթը նպատակ ունի մինչ օրս կառավարության որոշմամբ կանոնակարգվող հարաբերությունները կարգավորել օրենքով: Նա ընդգծեց, որ օրենսդրական փաթեթը մանրամասն քննարկվել է հանձնաժողովում, բազմաթիվ առաջարկներ են ներկայացվել, որոնք վերաբերել են հարկային մարմնի գործողությունների հստակ ամրագրմանը, արգելադրվող գույքի գնահատմանը: Տիկին Նաղդալյանը նշեց, որ կառավարության հետ օրինագծերը առաջինից երկրորդ ընթերցում լրամշակելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Հարցի վերաբերյալ ելույթ ունեցան ԱԺ պատգամավորներ Արա Նռանյանը, Դավիթ Հարությունյանը, Արտակ Դավթյանը եւ Ռաֆիկ Պետրոսյանը: Նրանք կարեւորեցին հարցի վերաբերյալ ընդլայնված քննարկումների կազմակերպումը: Արա Նռանյանն առաջարկեց գույքը գնահատել հաշվեկշռային արժեքի հիման վրա: Նրա գնահատմամբ` ամեն կերպ պետք է պաշտպանվեն տնտեսվարողների շահերը: Դավիթ Հարությունյանի կարծիքով` պետք է օրենքի նախագծում հստակեցվի արգելանքներ կիրառելու ձեւաչափը, հարկային ծառայողների համար ամրագրվեն այն երաշխիքները, որոնք նրանց գործողությունները արգելանք կիրառելու առումով կդարձնեն ավելի արդյունավետ: Արտակ Դավթյանն էլ գտնում է, որ պետք է արգելանք կիրառելու մեխանիզմները հստակեցվեն եւ հասցեական լինեն, բացառվի սուբյեկտիվ վերաբերմունքը հարկային մարմինների կողմից: Ռաֆիկ Պետրոսյանը, մի կողմից նշելով, որ օրենսդրական փաթեթը ունի որոշակի թերություններ, մյուս կողմից ընդգծեց, որ այն ողջունելի է. կառավարությունը քաղաքացիական օրենսդրության ավանդական մեթոդների կիրառմամբ փորձում է համալրել պետական բյուջեն:

Ամփոփիչ ելույթում Արմեն Ալավերդյանը, անդրադառնալով հնչեցված մտահոգություններին, համատեղ աշխատելու եւ օրենսդրական փաթեթը լրամշակելու պատրաստակամություն հայտնեց:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալը առաջին ընթերցմամբ ներկայացրեց նաեւ «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող եւ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ գանձվում» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրենսդրական փոփոխությամբ առաջարկվում է սահմանել դրույթ, որի համաձայն տոհմային թռչնաբուծության զարգացման համար սահմանված ավելացված արժեքի հարկի գծով արտոնությունը կվերաբերի միայն տոհմային թռչունների ներմուծմանը:

Հարակից ելույթում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը բարձրաձայնեց Հերմինե Նաղդալյանը:

Քննարկվեց 2007 թ. նոյեմբերի 8-ին Դամասկոսում ստորագրված «ՀՀ կառավարության եւ Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության միջեւ մաքսային գործերում համագործակցության եւ փոխօգնության մասին» համաձայնագիրը: Արմեն Ալավերդյանի հաղորդմամբ` համաձայնագրի նպատակն է մաքսային ծառայությունների միջեւ համագործակցության  միջոցով ավելի արդյունավետ դարձնել մաքսային օրենսդրության  խախտումների եւ թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության կանխմանը  ուղղված գործողությունները:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը տվել էր դրական եզրակացություն:

ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը առաջին ընթերցման ընթացակարգով ներկայացրեց «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է որոշ գործունեության տեսակներ (հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեություն, բենզինի եւ դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի գործունեություն, ավտոկանգառների գործունեություն, արդյունագործական ձկնորսության գործունեություն, համակարգչային խաղերի կազմակերպման գործունեություն, բաղնիքների եւ ցնցուղարանների կազմակերպման գործունեություն, բիլիարդ խաղի կազմակերպման գործունեություն) հարկման հաստատագրված վճարների համակարգից տեղափոխել հարկման ընդհանուր համակարգ կամ արտոնագրային վճարների համակարգ` կախված գործունեության տեսակից եւ իրացման շրջանառության ծավալներից:

Հարցի քննարկումը կշարունակվի Ազգային ժողովի հաջորդ նիստում:

Խորհրդարանն ավարտեց քառօրյա նիստերի աշխատանքը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am