National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
13.12.2010
Խորհրդարանը գումարեց արտահերթ նստաշրջան
1 / 2

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ստորագրել էր որոշում, ըստ որի` ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` կառավարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 13-ին հրավիրեց արտահերթ նստաշրջան` օրակարգում ընդգրկված 35 հարցերը քննարկելու նպատակով:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջարկությամբ` մինչ օրակարգային հարցերի քննարկումը պատգամավորներն ընդունեցին նստաշրջանը հատուկ ընթացակարգով անցկացնելու եւ մի շարք նախագծեր հատուկ կարգով քննարկելու մասին որոշումներ:

Ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը պատգամավորների գնահատմանը ներկայացրեց «Ներքին աուդիտի մասին» եւ «Գանձապետական համակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերը: Թեեւ ներքին աուդիտի համակարգը դեռ 2001 թ.–ին է ներդրվել հանրապետությունում, սակայն,  գլխավոր գանձապետի խոսքերով` ոչ ամբողջությամբ եւ արդյունավետ: Մասնավորապես օրենսդրորեն ամբողջությամբ չեն կարգավորվել ներքին աուդիտին առնչվող հարաբերությունները, հաշվի չեն առնվել փոքր ֆինանսական միջոցներ շրջանառող  մարմինների եւ համայնքների առանձնահատկությունները, հստակ չէ կապը ներքին աուդիտի եւ վերահսկողական գործառույթներով այլ կառույցների միջեւ: Միաժամանակ Եվրոպական հարեւանության քաղաքականության ծրագրի շրջանակներում Հայաստանն ստանձնել է  պետական  հատվածում միջազգային ստանդարտներին համապատասխան ներքին ֆինանսական հսկողության համակարգ ստեղծելու պարտավորություն` հիմնված հաշվետվողականության եւ անկախ ներքին աուդիտի սկզբունքների վրա: Նշենք, որ «Ներքին աուդիտի» մասին նախկինում առաջին ընթերցում անցած նախագիծը էական փոփոխությունների է ենթարկվել, հետեւաբար պատգամավորներին կառաջարկվի ընդունել նոր նախագիծ` առաջին ընթերցմամբ: Այս նոր նախագծում, բանախոսի ներկայացմամբ` առավել համակողմանի են սահմանվում հանրային հատվածի կազմակերպությունների ներքին աուդիտի սկզբունքները, շրջանակն ու այն իրականացնողների իրավունքները եւ պարտականությունները: Ըստ նախագծի, ներքին աուդիտը խորհրդատվական գործառույթ է եւ նպաստելու է կազմակերպության գործունեության բարելավմանը: Այն իրականացվելու է կազմակերպության ղեկավարի պատասխանատվությամբ` նրա ենթակայության տակ գործող աուդիտի ստորաբաժանամն կամ հրավիրված մասնագետների միջոցով:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը նախագիծը քննարկել է եւ տվել դրական եզրակացություն, տեղեկացրեց հանձնաժողովի անդամ Արեգ Ղուկասյանը: Նա նկատեց, որ ներքին աուդիտ այսօր էլ է իրականացվում` տարբեր օրենքներով, սակայն ոչ լիարժեքորեն: Պատգամավորն ընդգծեց, որ հանրային ոլորտում կիրառվող այս գործիքը նոր հնարավորություն է կազմակերպության ղեկավարի համար` աշխատակազմի իրականացրած գործառույթները հսկելու համար: Միջազգայնորեն լայն կիրառում ունեցող այս մեթոդը, պատգամավորի համոզմամբ, կարդարացնի իրեն նաեւ մեր երկրում` աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելով:

Ներքին աուդիտի համակարգը նախատեսվում է ներդնել աստիճանաբար` կառավարության սահամանած ժամանակացույցով: Իսկ աուդիտորների համար պարտադիր որակավորման պահանջը կգործի 2013 թ.-ից:

Արդարադատության փոխնախարար Գեւորգ Մալխասյանի ներկայացմամբ   առաջարկվում է փոփոխություններ կատարել «ՀՀ քրեական օրենսգրքում» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում»: Փոփոխություն կատարելով` օրինական ուժի մեջ մտած  դատավճիռը,  վճիռը կամ դատական այլ ակտը չկատարելու համար պատասխանատվություն կնախատեսվի ոչ միայն պաշտոնատար անձանց, այլ նաեւ քաղաքացիների համար: Այսպիսին է միջազգային փորձը, դատական ակտը չկատարելու հարցում չկա տարանջատում քաղաքացիների եւ պաշտոնական անձանց միջեւ, մինչդեռ ՀՀ քրեական օրենսգրքի 353–րդ հոդվածով պատասխանատվություն է սահմանվում միայն պաշտոնական անձանց համար: Արդարադատության փոխնախարարը նշեց, որ նախատեսում են քաղաքացիների համար առավել մեղմ պատիժ սահմանել, ինչն իր ձեւակերպումը կգտնի 1-ից 2-րդ ընթերման ժամանակահատվածում:

Արդարադատության փոխնախարարը ներկայացրեց նաեւ  «Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» կառավարության օրենսդրական նախաձեռնությունը` կից երեք փոփոխությունների նախագծերով: Ըստ զեկուցողի` փաթեթն ուղղված է սնանկացման գործընթացի հստակեցմանը եւ պարզեցմանը, ինչպես նաեւ կողմերի իրավունքների իրացմանը: Փոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է նաեւ օրենքի` քաղաքացիական դատավարության եւ դատական օրենսգրքերի հետ ունեցած հակասությունները վերացնելու անհրաժեշտությամբ: Փոխնախարարը նշեց, որ օրենքով նախատեսված չէ սնանկացման գործընթացում կողմերի հաշտության հնարավորություն եւ տեղեկացրեց, որ փոփոխությունների արդյունքում կստեղծվի այն. կողմերը, մինչեւ պարտապանին սնանկ ճանաչելը, կարող են կնքել հաշտության համաձայնագիր: Կառավարությունում գտնում են, որ օրենքով նախատեսված 30 օր ժամկետը բավարար չէ անձին սնանկ ճանաչելու համար եւ առաջարկում են այդ նպատակով սահմանել 60 օր` միաժամանակ վերանայելով սնանկության համար նվազագույն շեմը եւ այն 500 հազար դրամի փոխարեն 1 մլն դրամ դարձնելով: Նախագծով ստեղծվում է նաեւ սնանկության գործերով կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հնարավորություն, եթե նա չի կատարում  օրենքով նախատեսված պարտավորությունները: Անդրադարձ կա նաեւ աշխատավարձերի վճարման կարգին. միջոցները բավարար չլինելու պարագայում աշխատավարձի վճարումը կկատարվի համամասնորեն կամ առաջնահերթություն տալով փոքր աշխատավարձին:

Խորհրդարանը քննարկեց նաեւ «Աուդիտորական  գործունեության մասին» եւ «Լիցենզավորման մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող փաթեթը: Ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը փոփոխություններն առանձնացրեց ըստ երեք հիմնական նպատակների: Նախ` դրանք առնչվում են աուդիտորական ծառայության լիցենզավորմանը: Նախագծի ընդունումից հետո լիցենզիա կստանան միայն կազմակերպությունները. անհատ ձեռներեցները չեն ունենա նման գործունեության իրավունք: Սահմանված է առնվազն 3 որակյալ աուդիտոր ունենալու պահանջ, իսկ 2013 թ.-ից այդ թիվը կլինի 5: Նպատակներից հաջորդը լիազոր մարմնի վերահսկողական գործառույթների լիարժեք իրացումն է: Մասնավորապես նախագծերում հստակեցվում է փոխկապակցված անձ հասկացությունը` աուդիտի անկախությունն ապահովելու նպատակով: Նույն անկախության սկզբունքն է պաշտպանվում  սահմանափակմամբ, որի համաձայն անձը չի կարող աուդիտ իրականացնել այն կազմակերպությունում, որտեղ որոշ ծառայություններ է մատուցել`  տվյալ ժամանակաշրջանը  ներառող հաշվետու տարվա ընթացքում: Նախագիծը լիազորված մարմնին տալիս է նաեւ աուդիտորական եզրակացությունը  ոչ հավաստի ճանաչելու իրավասություն:  Կառավարությունը նախատեսում է  խստացնել աուդիտ իրականացնող անձանց նկատմամբ պատժամիջոցները` խախտումների դեպքում:  Սուրեն Կարայանը նշեց, որ փաթեթը բազմիցս  քննարկվել է  ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտաական հանձնաժողովում, եւ ներկայացված է լրամշակված տարբերակը: Փոխնախարարը պատրաստակամություն հայտնեց քննարկել նաեւ պատագամավորների բոլոր առաջարկները:

Արտահերթ նստաշրջանի օրակարգում էր նաեւ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը` եւս 6 օրենքներում համապատասխան փոփոխությունների փաթեթով: Ֆինանսների փոխնախարարը  նշեց, որ ներկայում ապրանքաշրջանառության ծավալները հաշվառվում են միայն ենթաակցիզային ապրանքների դեպքում, մինչդեռ համաշխարհային փորձը վկայում է նաեւ առավել լայն սպառման ապրանքների նկատմամբ հաշվառման այս տարբերակի արդյունավետության մասին: Հարկերից խուսափումը կանխելու, ստվերային տնտեսությունը կրճատելու, միաժամանակ պետական եկամուտներն ավելացնելու նպատակով կառավարությունն առաջարկում է ներդնել որոշ ապրանքների հաշվառման  համակարգ` դրոշմապիտակների միջոցով: Սուրեն Կարայանի համոզմամբ` այսպես հնարավոր կլինի նաեւ պաշտպանել սպառողների շահերը` զերծ պահելով  ապրանքների կեղծման դեպքերից: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հարակից ելույթում ասաց, որ կառավարությունը օրենսդրական փաթեթին զուգահեռ խորհրդարան պետք է ներկայացնի նաեւ իր սահմանած այն կարգերը, որոնք առնչվում են համակարգի ներդրմանը: Հանձնաժողովի նախագահը նաեւ կարծիք հայտնեցս, որ նախագծով առաջարկվող` դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը ենթակա է վերանայման: Նրա խոսքերով` ստվերի դեմ պայքարելու տեսանկյունից առավել արդյունավետ կլինի ապրանքների ցանկն ընդլայնել: Այս խնդիրներին, Վարդան Այվազյանի տեղեկացմամբ, կանդրադառնան առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:

Դեմտեմբերի 14-ին խոհրդարանը կշարունակի արտահերթ նստաշրջանի աշխատանքը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am