National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
06.12.2010
Խորհրդարանում հյուրընկալվել էին Երեւանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցի աշակերտները
1 / 6

Ազգային ժողովի «Բաց դռներ»- ի քաղաքականության շրջանակներում դեկտեմբերի 6-ին խորհրդարանում հյուրընկալվել էին Երեւանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցի մի խումբ աշակերտներ: Ազգային ժողովի հերթական քառօրյայի առաջին նիստին մասնակցելուց  հետո նրանք հանդիպեցին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ: Խորհրդարանի ղեկավարի անցկացրած հերթական «Բաց դաս»-ն այնուհետեւ շարունակվեց տարբեր թեմաների շուրջ անկաշկանդ զրույցի տեսքով:

ԱԺ նախագահը բարձր գնահատելով նման հանդիպումների նշանակությունը` կարեւորեց շարունակականությունը, քանի որ դրանք եւս մի հնարավորություն են խորհրդարանն ավելի մոտեցնել հասարակությանը, դպրոցին, աշակերտներին: Նա նշեց, որ վերջին երկու տարում Ազգային ժողովն այդ առումով բավական բաց է դարձել:

Ներկայացնելով խորհրդարանի կառուցվածքը, գործառույթները, քաղաքական ուժերի հարաբերակցությունը, համառոտ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների եւ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացներին` Հովիկ  Աբրահամյանն այնուհետեւ պատասխանեց դպրոցականների հարցերին: Հարցուպատասխանի ժամանակ ԱԺ նախագահը հորդորեց ճիշտ եւ արդյունավետ օգտագործել ժամանակը դպրոցում եւ հնարավորինս շատ գիտելիքներ ձեռք բերել, որը հնարավորություն կտա հետագայում հաջողությունների հասնել:

Պատասխանելով  գերազանց սովորող աշակերտներին աջակցելուն վերաբերող` դպրոցականներից մեկի հարցին` խորհրդարանի ղեկավարը համաձայնեց, որ անհրաժեշտ է օժանդակել նրանց, եւ որպես պետության աջակցության օրինակ, նշեց «Լույս» հիմնադրամի գործունեւթյունը: Հովիկ Աբրահամյանը հայտնեց, որ որպես Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահ, իր կողմից, 2011 թվականից համալսարանի 20 լավագույն ուսանողների հատկացնելու է ԱԺ նախագահի կրթաթոշակ (ամսական 20 հազարական դրամ): Իրենց աջակցությունն են ցուցաբերում երկրի նախագահը, վարչապետը, գործարարները: Ազգային ժողովի նախագահի խոսքերով, որքան երկրի տնտեսական վիճակը բարելավվի, պետբյուջեի մուտքերն ավելանան, այնքան հնարավոր կլինի ավելի շատ  գումարներ ուղղել կրթական ոլորտին:

Աշակերտներից մեկի հարցն էլ ինտելեկտուալ խաղերի նկատմամբ ԱԺ նախագահի վերաբերմունքի մասին էր: Հովիկ Աբրահամյանը ողջունեց նման խաղերի անցկացումը` պատրաստակամություն հայտնելով աջակցել դրանց:

Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, նշեց, որ այն քաղաքական, քաղաքակրթական դաս էր երեխաների համար, որն անցավ ազատ, անմիջական մթնոլորտում: Նա առաջարկեց, որ պատգամավորներն այցելեն դպրոցներ եւ հանդիպումներ ունենան աշակերտների հետ: Առաջարկի մասին իր դրական վերաբերմունքն արտահայտելով` ԱԺ նախագահը պատրաստակամություն հայտնեց լինել դպրոցականների հյուրը, կարեւորելով  պատգամավորների, մասնավորապես տվյալ ընտրատարածքներից ընտրվածների, այցերը դպրոցներ: 

Երեւանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցի աշակերտների այցը խորհրդարան ավարտվեց ԱԺ նիստերի դահլիճում խորհրդարանի նախագահի հետ լուսանկարվելով:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am