Դեկտեմբերի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ աշխարհահռչակ երգիչ Պլասիդո Դոմինգոյի համերգը` «Երեւանյան հեռանկարներ» 11-րդ երաժշտական միջազգային փառատոնի եւ Ազգային ժողովի «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում: Համերգին ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, մշակույթի գործիչներ, արվեստասեր հասարակությունը: Համերգի ընթացքում հանրահայտ տենորի հետ հանդես եկան նաեւ Բարսեղ Թումանյանը, Անա Մարիա Մարտինեզը եւ Ռոզի Անուշ Սվազլյանը: Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ հնչեցին հատվածներ Շառլ Գունոյի, Ռիչարդ Վագների, Ժորժ Բիզեի, Ջուզեպպե Վերդիի, Ֆրանց Լեհարի, Վինչենցո Բելլինիի, Պաբլո Լունայի, Ֆեդերիկո Մորենոյի, Էմերիխ Կալմանի հանրահայտ ստեղծագործություններից: Դիրիժորներն էին Էդուարդ Թոփչյանը եւ Իսրայել Գուրսկին:
Իսկական անակնկալը համերգի վերջում էր. ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի խոստման համաձայն` համերգին հրավիրված էր «Փարոս» հաշմանդամների կամերային երգչախումբը, որը Պլասիդո Դոմինգոյի հետ հանդես եկավ կատարումով: