Դեկտեմբերի 3-ին տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը:
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը
Արամ Սաֆարյանի նախագահությամբ երկրորդ ընթերցման ընթացակարգով քննարկեց ՀՀ կառավարության ներկայացրած «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «ՀՀ դատական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ու «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը եւ տվեց դրական եզրակացություն ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվելու համար:
Տեղի ունեցավ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի
նիստը Գագիկ Մինասյանի նախագահությամբ: Նիստի օրակարգում ընդգրկված էր երկու հարց:
«ՀՀ քաղաքացիական օրենսգրքում», «Սնանկության մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին», «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» եւ «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու կառավարության առաջարկը ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը` երկրորդ ընթերցմամբ քննարկելու համար: ԿԲ նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը տեղեկացրեց, որ առաջին ընթերցումից հետո փաթեթի վերաբերյալ առաջարկներ եւ դիտողություններ չեն ստացվել: Օրենսդրական այս փոփոխություններով առեւտրային կազմակերպությունները, այդ թվում? ֆինանսական, հնարավորություն կստանան ներգրավել ստորադաս փոխառու կապիտալ եւ այդ կերպ բարելավել իրենց ֆինանսական վիճակը:
Կառավարության ներկայացրած հաջորդ` «Աուդիտորական գործունեության մասին» եւ «Լիցենզավորման մասին» օրենքներում փոփոխությունների ու լրացումների նախագծի քննարկումը որոշվեց հետաձգել` ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանի առաջարկությամբ: Չնայած նախագծերի թեմայով կազմակերպված քննարկումներին եւ կատարված մեծ աշխատանքին` քառօրյայի օրակարգում ընդգրկելու համար նախագիծը դեռ լրամշակումների կարիք ունի, ասաց հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի
նիստում Հրայր Կարապետյանի նախագահությամբ քննարկվեց «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Ոստիկանության զորքերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը ներկայացրեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Հունանյանը:
Նախագծերի ընդունման նպատակը ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված հատուկ միջոցների ցանկի հրապարակայնության երաշխավորումն է, դրանց գործադրման կարգը սահամնելու իրավունքը ՀՀ ոստիկանության պետին վերապահելը, ոստիկանության ծառայողներին զենք հատկացնելու կարգի ընդունման համար նորմատիվ-իրավական հիմքեր նախատեսելը, ինչպես նաեւ հասարակական կարգն ապահովելիս ոստիկանության ծառայողի կողմից սահմանված ձեւի համազգեստ կրելու պարտականություն սահմանելը:
Օրինագծերը նպատակ են հետապնդում նաեւ ուժի եւ հատուկ միջոցների գործադրման սահմանափակումները համապատասխանեցնելու միջազգային իրավական ակտերի պահանջներին, ինչպես նաեւ ապահովելու օրենքներով սահմանված հատուկ միջոցների տեսակների եւ դրանց գործադրման հիմքերի համապատասխանությունը:
Քննարկվեց «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որով առաջարկվում է քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակված անձանց աշխատավարձի չափը, որը պակաս չի լինի մինչեւ քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակվելը ոստիկանությունում զբաղեցրած պաշտոնի համար վճարվող դրամական բավարարման, սննդի փոխհատուցման եւ Հայաuտանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրվող հավելավճարների գումարի չափից:
Հանձնաժողովը քննարկեց նաեւ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ արդեն երեք անգամ կատարվել է նմանատիպ փոփոխություն, որը մեծ խթան է հանդիսացել հարյուրավոր երիտասարդների վերադարձը հայրենիք ապահովելու գործում: Օրենքի գործողության ժամկետը երկարաձգելով մինչեւ 2010 թվականի նոյեմբերիի 1-ը, եւս մեկ անգամ հնարավորություն է տրվում մինչեւ 2010 թվականի աշնանային զորակոչը 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում մուծելու համապատասխան վճարը, եւ նրանց նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու:
Քննարկված երեք օրինագծերն էլ դրական եզրակացություն ստացան առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկվելու համար, ընդ որում առաջարկվեց վերջին նախագիծը լիագումար նիստում քննարկել 24-ժամյա ընթացակարգով:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում,
որը վարում էր հանձնաժողովի փոխնախագահ Արտյուշ Շահբազյանը, առաջին ընթերցման ընթացակարգով քննարկվեց կառավարության ներկայացրած «Փառքի շքանշանի մասին», «ՀՀ պետական պարգեւների մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պատվո շքանշանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը նշեց, որ օրենսդրական փոփոխություններով հիմնվում է նոր պետական պարգեւ` «Փառքի շքանշանը», որով կարող են պարգեւատրվել միայն օտարերկրյա պետությունների եւ կառավարությունների գործող եւ նախկին ղեկավարները, միջազգային կազմակերպությունների ղեկավարները, հոգեւոր առաջնորդները (կրոնական գործիչները)` միջպետական հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման, խաղաղության ու միջազգային անվտանգության, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի, տնտեսական կապերի զարգացմանը նպաստող, հոգեւոր-մշակութային արժեքների պահպանմանն ուղղված գործունեության համար:
Հանձնաժողովը որոշեց դրական եզրակացությամբ երաշխավորել քննարկվող օրենսդրական փաթեթի ընդգրկումը ԱԺ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվեցին եւ հանձնաժողովի դրական եզրակացությամբ ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվեն «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը եւ «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ու դրան հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթները:
Քննարկումների արդյունքում հանձնաժողովը որոշեց մինչեւ 30 օրով հետաձգել ՀՅԴ խմբակցության պատգամավորների ներկայացրած «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի, իսկ մինչեւ 15 օրով` «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» կառավարության օրենքի նախագծի քննարկումները:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի
նիստում Վարդան Բոստանջյանի նախագահությամբ քննարկվեց «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգիրքը, որը ներկայացրեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
Նա տեղեկացրեց, որ ներկայումս ընդերքի ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտն անկատար է, գործող օրենքներում առկա են հակասություններ, թերություններ եւ բացթողումներ, որոնք բարենպաստ պայմաններ չեն ստեղծում ներդրումներ կատարելու համար: Ոլորտը կառավարող եւ կարգավորող ինստիտուցիոնալ համակարգի եւ գործող օրենսդրության միջեւ գոյություն ունի անհամապատասխանություն: Ներկայացվող օրենսգրքի նախագիծը միտված է շտկել վերը նշված խնդիրները:
Սույն օրենսգրքով սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում ընդերքօգտագործման սկզբունքներն ու կարգը, կարգավորվում են ընդերքն oգտագործելիu շրջակա միջավայրը վնաuակար ազդեցություններից պաշտպանության, աշխատանքների կատարման անվտանգության ապահովման, ինչպես նաեւ ընդերքօգտագործման ընթացքում պետության եւ անձանց իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության հետ կապված հարաբերությունները:
Օրենսգրքում ընդերքօգտագործման ձեւերը եւ դրանց իրականացման կարգը, ժամկետները հնարավորինս պարզեցված են: Հանքային իրավունքների ձեւավորման գործընթացը եւ ֆիսկալ քաղաքականության (ընդերքօգտագործման վճարները եւ դրանց վճարման) ընթացակարգը հնարավորինս մոտեցվել է միջազգային չափանիշներին:
Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու համար:
Հանձնաժողովը քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց նաեւ երկրորդ ընթերցման ներկայացված «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Կազմակերպություններին եւ ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու եւ հարկային հաշվառումից հանելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (օրինագծերի փաթեթ), «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» (օրինագծերի փաթեթ), «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերին:
Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը , Խաչիկ Հարությունյանի նախագահությամբ, դեկտեմբերի 3-ին հրավիրած նիստում քննարկեց օրակարգային երկու հարց եւ դրական եզրակացությամբ երաշխավորեց ընդգրկել նստաշրջանի ու առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերում:
«Սպառողական կոոպերացիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելով` գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանի ներկայացմամբ, վերացվում է կոոպերատիվների ձեւավորմանը խոչընդոտող` թվաքանակային պահանջը: Օրենսդրությամբ սահմանված է, որ գյուղատնտեսության ոլորտում սպառողական կոոպերատիվները պետք կազմված լինեն առնվազն 30 անդամից: Նախագծով հանվում է այս սահմանափակումը, ինչը, նախարարի խոսքերով, հատկապես նպաստավոր կլինի փոքրաթիվ բնակչությամբ համայնքներում եւ կբարձրացնի ոլորտում արտադրողականությունը:
«Օրգանական գյուղատնտեսության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» կառավարության նախաձեռնությամբ օրենսդրական դաշտում ներդրվում է պահանջ` արտադրանքի ներմուծման դեպքում օրգանական սերտիֆիկատի եւ մաքսային հայտարարագրի կրկնօրինակները գյուղատնտեսության նախարարություն ներկայացնելու մասին: Այս գործընթացի համար սահմանված է եռօրյա ժամկետ` մաքսային ձեւակերպումների ավարտից հետո: Գյուղնախարարի հիմնավորմամբ` այսպես լիազոր մարմինը հնարավորություն կստանա փաստաթղթային վերահսկողություն իրականացնել ներմուծվող օրգանական սննդամթերքի նկատմամբ, հավաստիանալ դրա «օրգանական» որակի մեջ: Նախատեսվում է սերտիֆիկատի ձեւը հաստատել կառավարությունում: Միաժամանակ նախագիծը հնարավորություն կստեղծի օրգանական գյուղատնտեսական արտադրանքի մակնշման, ինչպես նաեւ գովազդի համար օգտագործել կրճատված` «էկո», «բիո» կամ այլ ձեւեր:
Հանձնաժողովը հետաձգեց պատգամավոր Վարդան Այվազյանի` «Կենդանական աշխարհի մասին» օրենքում փոփոխության նախագծի քննարկումը եւ հավանության արժանացրեց ձկնաբուծության հիմնախնդիրներին նվիրված խորհրդարանական լսումներ անցկացնելու` «Ժառանգություն» խմբկացության առաջարկը: