ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ դեկտեմբերի 3-ին նշվում է հաշմանդամների միջազգային օրը: Այն յուրատեսակ կոչ է հանրությանը` ուշադրություն հրավիրել հասարակության այն անդամներին ու նրանց խնդիրներին, ովքեր սահմանափակ հնարավորություններ ունենալով` ավելի հոգատար վերաբերմունքի կարիք ունեն: Ուշադրությունն ու սերը երբեմն կարող են շատ ավելի օգտակար լինել, քան բժշկությունը եւ ցանկացած աջակցություն: Եւ մենք պարտավոր ենք տալ այդ ամենը նրանց:
Ճակատագրի կամքով այդ մարդկանց բաժին ընկած սահմանափակումները մենք պետք է փորձենք գոնե ինչ-որ տեղ փոխհատուցել այնպիսի վերաբերմունքով, որ նրանցից որեւէ մեկն իրեն օտարված չզգա շրջապատից:
Պետությունն իր այսօրվա հնարավորությունների շրջանակում ձգտում է գտնել հաշմանդամների խնդիրների լուծումները, որոնք, թերեւս, լիարժեք բավարար չեն, բայց համոզված եմ, որ այդ հնարավորությունները վաղն ավելի մեծ են լինելու: Հաշմանդամների խնդիրները գտնվում են խորհրդարանի եւ անձամբ իմ ուշադրության կենտրոնում: Ազգային ժողովում հաշմանդամների համար կազմակերպվում են բազմաթիվ միջոցառումներ, որտեղ նրանք ամենաակտիվ մասնակիցներից են:
Հաշմանդամների նկատմամբ ձեւավորված կարեկցական վերաբերմունքի փոխարեն նրանց պետք է ընկալել որպես հասարակության լիարժեք անդամներ եւ ստեղծել հավասար հնարավորություններ, որ ինտեգրվեն հասարակությանը, զգան, որ անտեսված եւ մոռացված չեն:
Մենք պարտավոր ենք օգնել նրանց` գտնելու իրենց տեղը հասարակության մեջ: