National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
02.12.2010
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց աշխարհահռչակ երգիչ Պլասիդո Դոմինգոյին
1 / 5

Դեկտեմբերի 2-ին  Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց աշխարհահռչակ երգիչ Պլասիդո Դոմինգոյին:

Մինչ հանդիպումը ի պատիվ հանրահայտ տենորի այցի` աշխարհում հաշմանդամների միակ կամերային երգչախումբը` «Փարոս»-ը, ԱԺ բակում կատարեց Կոմիտասի հայտնի ստեղծագործություններից: Իսպանացի տենորը շնորհակալություն հայտնեց երգչախմբի անդամներին` նշելով, որ տպավորված է նման ընդունելությամբ: «Սա ինձ համար անակնկալ էր: Միշտ ներդաշնակ եղեք երաժշտության հետ, որովհետեւ դա մարդկանց միավորում է, նոր կյանք է ստեղծում: Երբ ամեն առավոտ արթնանում ես երաժշտության հետ ներդաշնակ, կյանքը այնպես լավ է թվում: Շարունակեք այդպես»,- հորդորեց պարոն Դոմինգոն: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երգչախմբին անակնկալ մատուցեց` հրավիրելով մասնակցելու աշխարհահռչակ տենորի վաղը կայանալիք համերգին, իսկ պարոն Դոմինգոն իր հետ համատեղ կատարմամբ հանդես գալու առաջարկ արեց:

 Նշենք, որ մինչ աշխարհահռչակ տենորի այցը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը զրուցեց հաշմանդամների կամերային երգչախմբի` «Փարոս»-ի անդամների հետ եւ հաշմանդամների միջազգային օրվան ընդառաջ հերթական անգամ նվիրատվություն կատարեց երգչախմբին:

Այնուհետեւ տեղի ունեցավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ Պլասիդո Դոմինգոյի առանձնազրույցը:

Ողջունելով տաղանդավոր արվեստագետին` Հովիկ Աբրահամյանն ասաց, որ մաեստրոյի այցը բացառիկ իրադարձություն է  Հայաստանի մշակութային կյանքում : ԱԺ նախագահը նշեց, որ մեծ երգիչը  Հայաստանում բազմահազար երկրպագուներ ունի եւ սա լավագույն հնարավորությունն է հայ երաժշտասեր հասարակության համար ունկնդրելու բարձրակարգ եւ  որակյալ դասական երաժշտություն: Հովիկ Աբրահամյանը Պլասիդո Դոմինգոյին առաջարկեց  կրկին այցելել Հայաստան իր աշխարհահռչակ մյուս գործընկերների հետ  եւ հանդես գալ համատեղ համերգով, որոնց թվում կլինի նաեւ  մեծ շանսոնյե Շարլ Ազնավուրը, ում հետ պարոն Դոմինգոն բազմիցս ելույթ է ունեցել:

Պլասիդո Դոմինգոն  շնորհակալություն հայտնեց ընդունելության համար եւ նշեց, որ իր համար մեծ պատիվ է լինել  հազարամյա պատմություն եւ ավանդույթներ ունեցող  երկրում եւ նրա խորհրդարանում եւ հանդես գալ հայ հանդիսատեսի առջեւ: Նա սիրով ընդունեց Ազգային ժողովի նախագահի հրավերը  կրկին այցելել Հայաստան եւ հանդես գալ Շառլ Ազնավուրի հետ համատեղ համերգով:  Աշխարհահռչակ տենորը  նշեց, որ ինքը գլխավորում է «Եվրոպան միասին» ասոցիացիան, որը  զբաղվում է համաշխարհային մշակութային արժեք ներկայացնող ժառանգության վերականգնմամբ եւ պահպանմամբ` պատրաստակամություն  հայտնելով Հայաստանում գտնվող պատմամշակութային լավագույն արժեքները նույնպես ընդգրկել ասոցիացիայի  ցանկում:

Հանդիպման վերջում ԱԺ նախագահը  Պլասիդո Դոմինգոյին հրավիրեց նիստերի դահլիճ:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am