National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
02.12.2010
Խորհրդարանում ստորագրվեց համագործակցության հուշագիր
1 / 6
Դեկտեմբերի 2-ին խորհրդարանում ՀՀ չորրորդ գումարման  Ազգային ժողովի եւ քաղաքացիական հասարակության ինստիտուտների միավորում հանդիսացող «Հանրային ցանցի» միջեւ ստորագրվեց համագործակցության հուշագիր: Փաստաթուղթը ստորագրությամբ վավերացրին օրենսդիր մարմնի անունից ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը եւ «Հանրային ցանցի» անունից` ցանցի քարտուղար Թամարա Աբրահամյանը: Հուշագրով կողմերը ամրագրում են համագործակցության իրենց պատրաստակամությունը, մասնավորապես նախատեսվում է, որ ըստ  անհրաժեշտության` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների գործունեության ոլորտներին առնչվող օրենքների նախագծերը տրամադրվում են  «Հանրային ցանցի» համապատասխան ուղղվածություն ունեցող հասարակական   կազմակերպութ-յուն-ներին` սահմանված ժամկետներում փորձագիտական, խորհրդատվական եւ հանրային շահերից  բխող  առաջարկությունների  եւ  կարծիքների  ստացման  նպատակով: Ստորագրված փաստաթղթով նախատեսվում է «Հանրային ցանցի» կազմակերպությունների մասնակցությունը մշտական հանձնաժողովների նիստերին եւ կազմակերպած խորհրդարանական լսումներին, ինչպես նաեւ պատգամավորների մասնակցությունը  ՀԿ-ների նախաձեռնած ֆորումներին, քննարկումներին:

Միջոցառումը բացելով` ԱԺ պատգամավոր Արաիկ Հովհաննիսյանը խոսեց խորհրդարան-հասարակություն երկխոսությունը բարելավելու եւ ժողովրդավարության հաստատման ու քաղաքական որոշումների կայացման գործում քաղաքացիական հասարակության  կարեւոր դերի մասին: Հասարակական ներուժը, պատգամավորի դիտարկմամբ, չի օգտագործվում  ամբողջությամբ, մինչդեռ այն կարող է նպաստել խորհրդարանի եւ ընտրողների միջեւ համագործակցությանը:  Փաստելով, որ այս հուշագիրը ստորագրվել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ եւ մեջբերելով վերջինիս խոսքը` ԱԺ գործունեության թափանցիկությունն ու մատչելիությունը ապահովելու մասին, բանախոստը նշեց, որ խորհրդարանի ղեկավարությունը կարեւորում է  օրենսդիր մարմնի կապը հասարակության հետ:

«Հանրային ցանցի» քարտուղար Թամարա Աբրահամյանը շնորհակալություն հայտնելով խորհրդարանականներին համագործակցության այս նոր ձեւաչափի համար` այն  հասարակության շահերին ծառայեցնելու լավ հնարավորություն համարեց: Այս նախաձեռնությունը, նրա խոսքերով,  կնպաստի թե հասարակական սեկտորի հնարավորությունների զարգացմանը, եւ թե փոխադարձ վստահության մթնոլորտ ձեւավորելուն:  Տկն. Աբրահամյանը «Հանրային ցանցի» անունից համագործակցելու պատրաստակամություն հայտնեց: Նշենք, որ «Հանրային ցանցը» գործում եւ խորհրդարանի հետ համագործակցում է 2008 թ.-ից, այն ընդգրկում է 100-ից ավել հասարակական կազմակերպություններ:

Հուշագրի ստորագրությանը հաջորդած` «Քաղաքացիական հասարակության եւ ընտրողների հետ կապեր»  թեմայով կլոր-սեղանի ընթացքում խորհրդարանի քաղաքական ուժերի եւ «Հանրային ցանցի»    ներկայացուցիչները կիսվեցին արդյունավետ համագործակցության մասին իրենց պատկերացումներով ու առաջարկներով: Միջազգային կազմակերպությունների փորձագետները, մեջբերելով այլ երկրների օրինակներ,  ուրվագծեցին համագործակցության հնարավոր մոդելները:  ՀՀ ԱԺ  եւ ԱՄՆ ՄԶԳ համատեղ ծրագրի խորհրդատու  ֆրեդ Բրեդլին նշեց, որ այս քննարկումը թե պատգամավորներին եւ թե ՀԿ-նեին հնարավորություն է տալիս լսել միմյանց տեսակետները, կիսել փորձը եւ սերտորեն համագործակցել` դրանով իսկ նպաստելով օրենսդրական դաշտի բարելավմանը: Քննարկմանը ներկա` խորհրդարանի քաղաքական ուժերի բոլոր ներկայացուցիչները ՀԿ-ների հետ համատեղ աշխատելու պատրաստակամություն հայտնեցին` կարեւորելով երկրում քաղաքացիական հասարակության կառուցումը եւ նրանց մասնակցությունը օրենքների մշակման գործընթացում: ՀՀԿ խմբակցության անունից Արաիկ Հովհաննիսյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անունից Արամ Սաֆարյանը եւ Վահե Էնֆիաջյանը,  «Օրինաց երկրի» կողմից Հեղինե Բիշարյանը եւ Հովհաննես Մարգարյանը, ՀՅԴ անունից Ռուզան Առաքելյանը եւ Արա Նռանյանը պատրաստակամությանը զուգահեռ խոսեցին նաեւ առկա խնդիրների` հասարակական դաշտը հստակեցնելու, ՀԿ-ներին պետականորեն ֆինանսավորելու, հուշագրի կետերը համագործակցության  գործնական քայլերի վերածելու եւ այլ հարցերի մասին:  Երրորդ սեկտորի ներկայացուցիչներն էլ  իրենց հերթին պատրաստակամություն հայտնեցին հավուր պատշաճի ներկայացնել հասարակության լայն շերտերի շահերը խորհրդարանում:

Եզրափակելով` Արաիկ Հովհաննիսյանը նշեց, որ ստորագրված հուշագիրը նախադեպը չունեցող փաստաթուղթ է, այնտեղ կողմերը հավասարազոր են` երկկողմ իրավունքներով ու պարտականություններով:
 
 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am